ԱՄՆ քաղաքացի Տիգրան Ղամբարյանը ձերբակալվել էր այս տարվա փետրվարին: Նիգերիայի կառավարությունը մեղադրանք էր առաջ քաշել Տիգրան Ղամբարյանի դեմ ավելի քան 35 միլիոն դոլարի փողերի լվացման գործով։ Ըստ նիգերական կողմի, Binance-ը մեղավոր է երկրում տնտեսական վերջին ցնցումների համար, մասնավորապես, տեղական արժույթի անկման մեջ, որը հետևանք է կրիպտոարժույթների հետ կապված անօրինական գործարքների։
Ամերիկահայ Տիգրան Ղամբարյանը Binance ընկերության ֆինանսական հանցագործությունների վերահսկման բաժնի ղեկավար էր: ՆԻգերական կողմը հանել է 40-ամյա Ղամբարյանի դեմ մեղադրանքները ութ ամսվա կալանքից հետո։ Մեղադրանքները հանվել են առողջական խնդիրների պատճառով:
ԱՄՆ պտքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Նիգերիայի կառավարությանը՝ «առողջական հիմքով Ղամբարյանին ազատ արձակելու համար, ինչը նրան հնարավորություն կտա վերադառնալ հայրենիք և ստանալ մասնագիտացված բուժօգնություն»։
Այս առիթով ԱՄՆ պետքարտուղարի անունից տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Այս դրական արդյունքը ցույց է տալիս ԱՄՆ-ի ու Նիգերիայի միջև գործընկերության հզորությունը և ընդգծում մեր ընդհանուր շահերն առաջ մղելու համար միասին աշխատելու ընդհանուր հանձնառությունը։ Մեր իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը շարունակում է մնալ մեր երկկողմ հարաբերությունների հիմնաքարը, և Միացյալ Նահանգները հաստատակամ է սերտորեն համագործակցել Նիգերիայի կառավարության հետ՝ անդրադառնալու մեր փոխադարձ խնդիրներին և առաջնահերթ համարելու մեր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը: