Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կիև է այցելել ԱՄՆ նախագահական ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ՝ վստահեցնելու ուկրաինացի ժողովրդին, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողքին է:
Պենտագոնի ղեկավարը հատարարել է, որ Պուտինը ստիպված է լինելու հսկայական գին վճարել Ուկրաինա ներխուժելու համար, և որ ԱՄՆ-ն միայնակ չի թողնի Կիևին։
«Ամերիկյան աջակցությունը թանկ է նստում, սակայն հաշվի առեք այն գինը, որ կվճարենք, եթե նահանջենք: Ագրեսիայի պայմաններում՝ սկզբունքը պահելու գինը միշտ ցածր է կապիտուլյացիայի համեմատ»,- ասել է Օսթինը:
Your browser doesn’t support HTML5
Հասկանալի է՝ Օսթինի այցը Կիև ընկալվում է որպես Ուկրաինային ցուցաբերվող ԱՄՆ աջակցության նշան, ինչը խիստ կարևոր է՝ ամերիկյան ընտրությունների շեմին և, ինչպես ասացինք, ռուսական չդադարող ագրեսիայի պայմաններում:
Ռազմաճակատներում ռուսական ուժերի դանդաղ հաջողության ֆոնին՝ աճում է հոգնածությունեը արևմտյան հասարակություններում՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։
Քաղաքական վերլուծաբան Նիկոլայ Բիելիեսկովն ասում է, որ ուկրաինացիները մտավախություն ունեն, թե որքան երկար շարունակվի պատերազմը, այնքան կմեծանա հավանականությունը, որ արևմտյան երկրները կգնան Կրեմլի հետ խաղաղության որևէ պայմանագրի կնքմանը, ինչը կարող է ապագայում հանգեցնել ռուսական նոր ագրեսիայի:
«Երկարաժամկետ պատերազմները բարդ են՝ կենտրոնացած մնալու և հետագայում ևս անհրաժեշտ ռեսուրսներ հատկացնելու առումով: Սա իրական մարտահրավեր է Ուկրաինայի համար: Ահա, թե ինչի վրա է հույսը դրել Ռուսաստանը իր ռազմավարությունում»,- ասում է Բիելիեսկովը:
Վերլուծաբանի խոսքով՝ ուկրաինացիները հստակ չեն պատկերացնում, թե իրականում ինչ տեսք ունի հաղթանակը և ինչ փոփոխություններ տեղի կունենան ԱՄՆ ընտրություններից հետո։
«Մարդիկ ապակողմնորոշված են, ինչը սպասելի է, քանի որ դեռ աշխատում ենք և փորձում ենք ձևակերպել մի ողջ տեսլական, ռազմավարություն, թե իրականում ինչ քաղաքական նպատակների կարող ենք հասնել [այս պատերազմում]»,- հավելում է մեր զրուցակիցը:
Կիևի փողոցներում մարդիկ հույս էին հայտնում, որ ԱՄՆ աջակցությունը կշարունակվի՝ անկախ ընտրությունների արդյունքներից։
«Կարծում եմ՝ Ամերիկան կշարունակի աջակցել մեզ։ Նրանք ամեն ինչ հասկանում են։ Կարծում եմ, որ այս մասին անհանգստանալու կարիք չկա»,- ասում է Դնեպրի բնակիչ Սերաֆիման:
«Չեմ կարծում, որ [ամերիկյան աջակցությունը] շատ կթուլանա, քանի որ նրանք՝ [ԱՄՆ-ն] դեռ ունեն պայմանագրային պարտավորություններ: Կլինի որոշակի օգնություն: Այն կախված է հաջորդող իրադարձություններից, [և] ամեն պահ ամեն ինչ կարող է փոխվել»,- ասում է Սումիի բնակիչ Յուրին:
«Անհանգստանում եմ, որ օգնությունը կարող է թուլանալ, բայց կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Պետք է ըմբռնում լինի, որ մենք պետք է հաղթենք ու օգնության կարիք ունենք»,- ասում է Ռիվնեի բնակիչ Ռուսլանան:
Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ գալիք ընտրությունների, Մերձավոր Արևելքի պատերազմի և Թայվանի շուրջ լարվածության վրա, ուկրաինացիները հույս ունեն, որ ԱՄՆ աջակցությունը կշարունակվի, և որ Ուկրաինան կկարողանա շարունակել պայքարն իր ինքնիշխանության համար: