Մատչելի հղումներ

Նախագահ Բայդենը նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Ալիևին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ՝ հորդորելով Բաքվին ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը այս տարվա ընթացքում: 

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը, նամակում ԱՄՆ-ի նախագահը, մասնավորապես, նշում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրն ու Հայաստանը կայուն առաջընթաց են գրանցել դեպի խաղաղ համաձայնագիր, որը կկարգավորի ձեր երկրների հարաբերությունները։ Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և պատվաբեր խաղաղությանը, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։

Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման հետ մեկտեղ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապերի ավելացման համար: Երբ աշխարհի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Բաքվի վրա COP29-ի համար, Դուք եզակի հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու Ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած կետերի վերջնականացումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում բոլոր կողմերից։ Բայց ես վստահ եմ, որ Դուք չեք զլանա օգտվել այս հնարավորությունից, և ես Ձեզ հորդորում եմ այս տարի ավարտին հասցնել պայմանագիրը։

Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ ես աջակցում եմ այս գործին: Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Ես խնդրել եմ Եվրոպայի գծով իմ ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին ներկայացնել ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, ինչպես նաև ստանալ ձեր տեսակետները Հայաստանի հետ քննարկումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ Դուք կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանի համար նոր ուղի գծելու համար, որը հիմնված է ընդհանուր բարգավաճման և ընդհանուր բարօրությանը նվիրվածության վրա»,- ասված է նախագահ Բայդենի նամակում՝ ուղղված Ադրբեջանի առաջնորդին:

XS
SM
MD
LG