ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Հոկտեմբերի 16, 2024թ․։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին ու կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

Քարփենթերը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը:

Հայաստանի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նամակում, մասնավորապես, նշված է, թե ԱՄՆ նախագահն ուրախ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի երկու երկրների միջև հարաբերությունները:

«Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդին: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։
Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը»,- Հայաստանի վարչապետին գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Բայդենը նամակում շեշտել է, որ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն:

«Խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Ջո Բայդենը եզրափակել է․ «Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»:

Ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը երեկ հրապարակել էր Ջո Բայդենի նամակն ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ուր ևս Սպիտակ տան ղեկավարը հորդորում է ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը մինչ այս տարվա ավարտ։

«Հիմա աշխարհի ուշադրությունը ուղղվում է դեպի Բաքու՝ COP29-ի կապակցությամբ, և դուք բացառիկ հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանն ի ցույց դնել ձեր հանձնառությունը խաղաղությանը։ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի ստեղծագործական մոտեցում ու բոլոր կողմերի փոխզիջումը։ Սակայն վստահ եմ, որ դուք կշարունակեք աշխատանքն այդ ուղղությամբ, և քաջալերում եմ ավարտին հասցնել պայմանագիրն այս տարվա ընթացքում»,- Իլհամ Ալիևին գրել է Բայդենը։

Ալիևին նույնպես նամակն առձեռն փոխանցել էր Մայքլ Քարփենթերը։