Մոլդովայի բնակչությունը հանրաքվեով սատարել է Եվրամիությանն անդամակցելու գաղափարը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն քվեարկում է Քիշնևում։ Հոկտեմբերի 20, 2024թ․։

Իսկ թե ով է ղեկավարելու Մոլդովան հաջորդ ժամկետում, կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում։

Փորձագետները ներկայացմամբ՝ քվեարկության արդյունքների վրա իրենց ազդեցությունն են թողել Կրեմլի վարած քարոզչությունն ու ռուսամետ ընդդիմության կողմից ընտրողներին զանգվածաբար կաշառելը։

Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում նախագահական ընտրություններ էին, և ձայների հաշվարկից հետո պարզվեց, որ պետության ղեկավարի պաշտոնի տասնմեկ հավակնորդներից ոչ մեկին չի հաջողվել ապահովել ընտրողների կեսից ավելիի աջակցությունը, ուստի նոյեմբերի 3-ին նշանակված է քվեարկության երկրորդ փուլը։ Այս անգամ քվեաթերթիկների վրա կլինի միայն երկու անուն՝ հանրապետության ներկայիս նախագահ Մայա Սանդուի և Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ, ռուսամետ Ալեքսանդրու Ստոյանոգլոյինը։ Առաջին փուլում նրանք ստացել են, համապատասխանաբար, 42,3% և 26%։

Նշենք՝ որոշ ժամանակ առաջ՝ Ստոյանոգլոյի պաշտոնանկությունից հետո, նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, կարճվեց՝ ապացույցների անբավարար լինելու պատճառով։

Նախագահական ընտրությունների հետ միաժամանակ անցկացվեց Մոլդովայի սահմանադրության փոփոխության հանրաքվե, որը պետք է արձանագրի երկրի ընթացքը դեպի Եվրամիություն։ Եվրոպական ընտանիքին միանալու կողմ է արտահայտվել հանրաքվեին մասնակցած ընտրողների 50,4%-ը, դեմ՝ 49,6%-ը։

Հատկանշական է, որ ավելի վաղ հրապարակված սոցհարցումները վճռական հաղթանակ էին խոստանում թե՛ Մայա Սանդուին, թե՛ եվրաինտեգրման կողմնակիցներին, և դիտորդների խոսքով՝ նման թվերը, իրականում, վկայում են Եվրամիության անդամակցության հակառակորդների հաղթանակի և այն մասին, որ նախկին գլխավոր դատախազի և ներկայիս նախագահի վարկանիշների տարբերությունը այդքան էլ մեծ չէ, որքան ենթադրվում էր։

Your browser doesn’t support HTML5

Մոլդովան հանրաքվեով սատարել է ԵՄ-ին անդամակցելը


«Եվրամիությանն անդամակցելու աջակիցների թիվն, իրականում, ավելի քան 50% է»

Եվրոպայի խորհրդում և ՄԱԿ-ում Մոլդովայի նախկին ներկայացուցիչ, Մոլդովայի բանավոր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Տուլբուրեն քվեարկության արդյունքների և հոկտեմբերի 20-ից օրեր առաջ հրապարակված կանխատեսումների միջև անհամապատասխանությունը անվանեց մոլդովական սոցիոլոգիական ծառայությունների կոպիտ ձախողում։

«Սա լուրջ քննարկման թեմա է, քանի որ հրապարակված բոլոր տվյալները, փաստորեն, հեռու էին իրականությունից։ Հավանաբար, փակ հարցումներ եղել են՝ կուսակցությունների պատվերով, բայց դրանք մեզ անհասանելի են եղել»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է նա։

Փորձագետը կարծում է՝ երկրի եվրոպամետ ուժերը պետք է դասեր քաղեն նախագահական ընտրությունների առաջին փուլի և հանրաքվեի արդյունքներից, քանի որ նման արդյունքներն ուղղակի վկայում են, որ մոլդովական հասարակությունը պառակտված է։

«Մայա Սանդուն իշխանության եկավ 2020 թվականին հասարակությունը համախմբելու կարգախոսով՝ ասելով, թե բոլորս ունենք ընդհանուր խնդիրներ, ինչը թույլ տվեց նրան համոզիչ հաղթանակ տանել։ Հետո իշխանություններն ու Սանդուն հրաժարվեցին այս մոտեցումից։ Բնակչության որոշակի խմբեր դուրս մնացին երկրի եվրաինտեգրման ու արդիականացման գործընթացից։ Երբ դու գործընթացից դուրս ես, դառնում ես ամեն տեսակի պրոպագանդիստների զոհ»,- ասում է Տուլբուրեն։

Մեր զրուցակցի խոսքով՝ Մոլդովայի համար եվրաինտեգրման գործընթացն անշրջելի կդառնա բարեփոխումների արդյունքում, որոնք կբարելավեն բնակչության կենսամակարդակը։

«Երբ մարդիկ զգում են, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, ոչ մի բան չի կարող նրանց հետ մղել: Եվ սա դաս է իշխանությունների համար՝ պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնել, հետո թե՛ հանրաքվեում, թե՛ ընտրություններում արդյունքները տարբեր կլինեն։ Եվրամիությանն անդամակցելու աջակիցների թիվն, իրականում, ավելի քան 50% է»,- ընդգծում է Ալեքսեյ Տուլբուրեն։

Մյուս կողմից՝ ըստ փորձագետի՝ ընտրությունների ու հանրաքվեի նման արդյունքների վրա ազդեցություն են ունեցել Մոլդովայից փախուստի դիմած ռուսամետ օլիգարխ Իլան Շորի ջանքերը, որը կազմակերպել է կաշառված և իրեն հնազանդ ընտրողների մի ողջ ցանց։ Տարբեր գնահատականներով՝ այդ ցանցը կազմում է հարյուր երեսուն հազարից մինչև երեք հարյուր հազար մարդ։


«Անհրաժեշտ էր ողջ տարին հետաքրքրություն առաջացնել եվրաինտեգրման նկատմամբ».

Քիշնևում գործող Արդյունավետ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Վիտալի Անդրիևսկին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է նախագահական ընտրությունների արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած Բելցի քաղաքապետ, «Մեր կուսակցությունը» քաղաքական ուժի ղեկավար և գործարար Ռենատ Ուսատիի գործոնին։

«Ուսատին հրապարակավ խոստացավ, որ երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարելու։ Նա երդվեց, որ դասեր է քաղել անցյալից։ Բանն այն է, որ 2016 թվականին նա պաշտպանել է Դոդոնին, իսկ 2020 թվականին՝ փաստորեն, աջակցել Մայա Սանդուին, որովհետև կոչ արեց դեմ քվեարկել Դոդոնին։ Այժմ ստիպված կլինի կատարել իր խոստումը, քանի որ 2025 թվականին Մոլդովայում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, և Ուսատին չի ցանկանա մասնակցել այդ ընտրություններին պատեհապաշտի պիտակավորումով»,- ասում է Անդրիևսկին։

Մեր զրուցակիցը դժվարացավ կանխատեսել Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ելքը, սակայն կարծիք հայտնեց, որ
Ալեքսանդրու Ստոյանոգլոն դժվար թե ստանա ընդդիմադիր ողջ զանգվածի ձայները։

«Ինչ վերաբերում է Մայա Սանդուին, ապա նրա աշխատանքը պետք է լինի համախմբել եվրոպամետ ընտրողներին։ Անհրաժեշտ էր ողջ տարին հետաքրքրություն առաջացնել եվրաինտեգրման նկատմամբ»,- նշում է Վիտալի Անդրիևսկին։


«Մոլդովայի քաղաքացիները համախմբվեցին և հաղթահարեցին կեղտոտ քարոզչությունը»

WatchDog.MD կենտրոնի ղեկավար Վալերիու Պաշան կարծում է, որ Մոլդովայի նախկին գլխավոր դատախազի դեմ հարուցված քրեական գործը որոշ չափով նպաստեց նրա ժողովրդականության աճին։

Ինչ վերաբերում է ընտրությունների ու հանրաքվեի արդյունքների և սոցհարցումների տվյալների միջև եղած տարբերությանը, ապա Պաշան այն բացատրեց ոչ թե սոցիոլոգների սխալով, այլ, որ իրականության մեջ տեղի է ունեցել ընտրողների զանգվածային կաշառում։

«Բայց հանրաքվեն կայացավ, և մարդիկ քվեարկեցին սահմանադրության փոփոխությունների օգտին։ Ահա, թե ինչպես է աշխատում ժողովրդավարությունը։ Բնականաբար, կցանկանայի, որ ընտրությունների միջամտության կեղտոտ մեթոդները չազդեին արդյունքի վրա, բայց կարևոր է, որ Մոլդովայի քաղաքացիները համախմբվեցին և հաղթահարեցին կեղտոտ քարոզչությունն ու ձայների գնումը։ Կարծում եմ՝ հաղթահարեցինք արտաքին միջամտությունը, որն աննախադեպ էր։ Ըստ հաշվարկների՝ մոտ 150 միլիոն դոլար է Ռուսաստանը հատկացրել՝ մեր ընտրություններին միջամտելու համար, իսկ Մոլդովայի համար այն հսկայական փող է՝ մեր ՀՆԱ-ի 1%-ից ավելին»,- եզրափակեց Վալերիու Պաշան։