ԱՄՆ-ի ընտրողներին հուզում է Հարիսի և Թրամփի դիրքորոշումը զենքի վաճառքի օրենքների շուրջ

Հրազենից զոհ գնացած մարդկան հարազատները և զենքերի սեփականատերերը տարբեր մոտեցումներ ունեն, թե ինչ քաղաքականություն պետք է վարի Սպիտակ տան գալիք վարչակազմը Միացյալ Նահանգների համար ցավոտ՝ սպառազինության վերահսկման հարցում։

Միլուոկիի բնակիչ Ֆրենկ Սիմորելիի որդին՝ Քեմդենը, օրինական ճանապարհով երեք հրազեն էր ձեռք բերել՝ նախքան նույն այդ զենքերից մեկով վերջ տվեց իր կյանքին 2022 թվականի դեկտեմբերին: Ֆրենկը կողմ է հրազենի վաճառքի կանոնների խստացմանը:

«Հիվանդանոցում նրան վերաբերող փաստաթղթերի կույտ կա: Եվ երբ նա ատրճանակ գնեց, ոչ ոք չնայեց դրան։ Դրանք վկայում էին, որ նախորդ տասնամյակի ընթացքում նա բազմիցս մտադրություն է ունեցել ինքնասպանություն գործել»,- ասում է Ֆրենկ Սիմորելին:

Your browser doesn’t support HTML5

Ի՞նչ են մտածում ամերիկացիները զենքի վերահսկման վերաբերյալ Հարիսի ու Թրամփի դիրքորոշումների մասին

ԱՄՆ-ում հրազենով ինքնասպանությունների թիվը 2023 թվականին հասավ ռեկորդային ցուցանիշի։ Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝ անցած տարի Միացյալ Նահանգներում 27,300 մարդ ինքնասպան է եղել հրազենով։

Սիմորելին հույս ունի, որ դեմոկրատները կխստացնեն զենքի գնման ու պահպանման կարգը, ուստի հաջորդ ամիս պատրաստվում է քվեարկել նրանց օգտին:

Վիսկոնսինի բնակիչ և հրազենի կիրառման հրահանգիչ Էդդի Սիլասի խոսքով՝ անշուշտ, հասկանում է զենքին առնչվող կանոնների խստացման կողմնակիցներին, սակայն դեմ է նման մոտեցմանը։

«Հանցագործները, նույնիսկ ահաբեկիչները, թքած ունեն զենքի մասին օրենքների վրա, ուստի նման նախաձեռնությունները միայն սահմանափակելու են մեր՝ զենք ունեցողներիս իրավունքները»,- ասում է Սիլասը:

Զենքի մասին խստացված օրենքները կարող են կյանքեր փրկել՝ վստահ է Նիկ Մատուշևսկին:

«Պայքարելու ենք հանուն օրենքների խստացման, որպեսզի իրենց իսկ կամ ուրիշների համար վտանգավոր հանդիսացող անձինք հեռու մնան հրազենից»,- նշում է նա:

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ով, ի դեպ, նույնպես զենքի սեփականատեր է, խոստանում է, Սպիտակ տան ղեկավար ընտրվելու պարագայում, ընդունել, այսպես կոչված, կարմիր դրոշի մասին օրենքները:

«Կողմ եմ [ԱՄՆ սահմանադրության] երկրորդ լրացմանը և, կարծում եմ՝ պետք է վերականգնենք հարձակողական զենքի նկատմամբ կիրառվող արգելքը, անցկացնենք համընդհանուր ստուգումներ, ընդունենք զենքի պահպանության անվտանգությունը ամրապնդող օրենքներ և կարմիր դրոշի մասին օրենքներ»,- ասում է Հարիսը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հակառակը, խոստանում է, վերընըտրվելու դեպքում, թուլացնել զենքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները՝ քննադատելով Հարիսին այս հարցում:

«Նա միշտ ասում էր՝ կառգրավենք բոլոր զենքերը։ Այժմ ասում է՝ ո՛չ, կարծում եմ, որ հրազենը հիանալի բան է: Նման բան չի կարող լինել: Նրանք պատրաստվում են առգրավել ձեր զենքերը»,- ասում է Թրամփը:

Իրականում, Քամալա Հարիսի մոտեցումն է, որ հարկ է գտնել զենքի նկատմամբ վերահսկողության ողջամիտ միջոցներ՝ ընդգծելով, թե «չի փորձում բոլորի զենքերը խլել»:

Հրաձգարանի համասեփականատեր Մարկ Ռեբհոլցը, դրական է գնահատում Հարիսի առաջարկած համընդհանուր ստուգումները, բայց չի կարծում, որ հարձակողական զենքերի, օրինակ՝ AR-15-ի արգելումը, կօգնի նվազեղնել հրազենի կիրառմամբ բռնությունների քանակը:

«Կարող եք ձեռքի հրազեն՝ 30 փամփուշտ պարունակող, 33 փամփուշտ պարունակող, 50 փամփուշտ պարունակող: Կան շատ այլ տարբերակներ, բացի AR-ից»,- ասում է Ռեբհոլցը:

Ռեբհոլցը, ով ասաց, թե նոյեմբերին պատրաստվում է քվեարկել Թրամփի օգտին, կարծում է, որ զենքի մասին արդեն իսկ գործող օրենքների կիրառումը լավագույն միջոցն են հրազենի օգտագործմամբ բռնությունների դեմն առնելու համար:

Նշենք նաև՝ Pew Research Center-ի և Gallup-ի անցած տարի անցկացրած սոցհարցումների համաձայն՝ ամերիկացի տաս չափահասներից վեցն ասել է, թե իր համար խնդիր չէ օրինական ճանապարհով զենք ձեռք բերելը։