Մոսկվան շարունակում է ջանքերը՝ մոռացության մատնելու ստալինյան մեծ տեռորը, ինչի հետևանքով, ինչպես հայտնի է, զոհվեցին միլիոնավոր մարդիկ։
Դիտորդներն ուշադրություն են հրավիրում` հատկապես ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսասատնի կառավարությունը ակտիվացրել է քայլերն այդ ուղղությամբ։
Օրերս հայտնի դարձավ, որ Роскомнадзор-ի կողմից արգելափակվել է «Անունների վերադարձ» կայքը, որը նվիրված է ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին։ Վերահսկող մարմնի կողմից այն ներառվել է Ռուսաստանում արգելված կայքերի գրանցամատյանում:
Թե ով է նախաձեռնողը նշված չէ, բայց դատելով նախկին դեպքերից` կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունն է։
Your browser doesn’t support HTML5
2007 թվականից Ռուսաստանում պարբերաբար՝ յուրաքանչյուր հոկտեմբերի 29-ին՝ քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օրը, կամ նախօրեին անցկացվում է «Անունների վերադարձ» ակցիան։ Ժամանակին կազմակերպիչը՝ «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնն էր, որը լուծարվել է ռուսական իշխանությունների պահանջով 2021 թվականի դեկտեմբերին։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում «Մեմորիալի» խորհրդի նախկին նախագահ Ալեքսանդր Չերկասովը նշել է, թե, ճի՛շտ է, կայքը արգելափակվել է, սակայն ակցիան արգելված չէ։
«Այո, Մոսկվայի իշխանությունները դեռ 2020 թվականից քովիդի դեմ պայքարելու պատրվակով արգելել են հավաքները Սոլովեցկի քարի՝ [ԽՍՀՄ-ում քաղաքական հալածանքների զոհերի հուշարձանի] մոտ, բայց այժմ գումարվել է կայքի արգելափակումը:
Թեև ռուսաստանցիները սովորել են շրջանցել բազմաթիվ արգելապատնեշներ, ուստի կասկածում եմ, որ Роскомнадзор-ի գործողությունները արդյունավետ կլինեն»,- ասում է Չերկասովը։
«Մեմորիալը» նպատակ ունի աջակցել, որպեսզի «Անունների վերադարձ» ակցիան պարբերական դառնա Ռուսաստանի 50 քաղաքներում՝ ասված է իրավապաշտպան կենտրոնի կայքում։
Ըստ Ալեքսանդր Չերկասովի՝ ի սկզբանե «Մեմորիալի» նպատակն էր կանխել տոտալիտար անցյալի վերադարձը․ «Ինչպես տեսնում եք այսօր, չկարողացանք լուծել այդ խնդիրը, իսկ «Մեմորիալը» լուծարվեց մի քանի տարի առաջ։ Եվ հիմա պետությունը փորձում է ոչնչացնել այն ամենը, ինչ արվել է այս ճանապարհին՝ երկրի առողջ ուժերի կողմից՝ սկսած ոչ թե 90-ականների սկզբից, այլ [նախորդ դարի] 50-ականներից»։
«Աջակցություն քաղբանտարկյալներին. Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Սերգեյ Դավիդիսի խոսքով՝ որքան շարունակվում է պուտինյան ռեժիմի գոյությունը, այնքան Կրեմլի համար կարևոր է դառնում պետության պաշտամունքը, ուստի սկզբունքորեն չի խրախուսվում պետության քննադատությունը։
«Պարզ է, որ հենց Ստալինի ժամանակներն են կարևոր ՊԱԿ-ից դուրս եկած Ռուսաստանի ներկայիս իշխանությունների համար, քանի որ ներկա պետական համակարագն իր մեջ կրում է Ստալինի պատժիչ կառույցների թողած ժառանգությունը»,- ասում է Դավիդիսը՝ հավելելով, թե ներկայացվածի ներքո հասկանալի է «Անունների վերադարձ» կայքի արգելափակումը։
Իրավապաշտպանը ընդգծեց՝ պուտինյան կառավարման համակարգին «հոգեպես մոտ է ստալինիզը»։ «Այս ամենը ստալինյան ժամանակաշրջանի թողած ժառանգությունն է, բայց ստալինյան ռեժիմի հիմքը շովինիզմից ու մեծապետականությունից զատ, նաև կոմունիստական գաղափարախոսությունն էր, իսկ պուտինյան ռեժիմը նման բան չունի։ Այն որոշեց ընդօրինակել միայն բռնաճնշումներ կիրառող համակարգը»։
Դավիդիսը եզրափակեց՝ այդուհանդերձ, քիչ հավանական է, որ տեսանելի հեռանկարում Ռուսաստանում գործ ուենանք ստալինյան լայնածավալ ռեպրեսիաների կրկնության հետ, քանի որ իշխանությունը պահելու համար Կրեմլում նման քայլի կարիք չունեն: