«Սա Նևադայում [մարդու] վերարտադրողական ազատությունը պաշտպանելու հաջորդ կարևոր քայլն է»,- ասում Է ակտիվիստ Դոննա Ուեսթը:
Նևադայում ընտրողները ոչ միայն որոշելու են, թե հաջորդ չորս տարում ով է աշխատելու Սպիտակ տանը՝ Քամալա Հարի՞սը, թե՞ Դոնալդ Թրամփը, այլև քվեարկելու են, այսպես կոչված, 6-րդ օրինագծի շուրջ:
Լաուրա Քեմփբելը շրջում է դռնեդուռ՝ մարդկանց ասելով, թե ինչու է կարևոր 6-րդ օրինագիծը:
«Աբորտ կատարելու իրավուքնից օգտվելը, իրականում, բազմիցս փրկել է իմ կյանքը, և կարծում եմ՝ կարևոր է, որ պետությունը պաշտպանի մեզ»,- ասում է նա:
«Առաջին ընտրություն․ հղիության ծառայություն» կազմակերպության միջոցառման ժամանակ հասարակական այդ կառույցի ներկայացուցիչ Դեբորա Կոստելոն անհանգստացած էր, թե վեցերորդ օրինագիծը կանցնի:
Կազմակերպությունը «այլընտրանք է առաջարկում աբորտներին»։
«Պայքարը կարող է թեժ լինել: Մեր նահանգում միլիոնավոր դոլարներ են հատկացվում աբորտների իրականացման համար»,- ասում է Կոստելոն:
Your browser doesn’t support HTML5
Դեռ 1990 թվականին նևադացիները քվեարկել են մինչև 24 շաբաթական հղիության արհեստական ընդհանտումը օրինականացնելու օգտին: Բայց տեղի դեմոկրատները մտահոգված են, որ Թրամփի իշխանության գալը կարող է չեղարկել այդ իրավունքը, թեև Թրամփի խոսքով՝ հարցը պետք է թողնել յուրաքանչյուր նահանգի որոշմանը: Եթե 6-րդ օրինագիծն անցնի, գոյություն ունեցող իրավունքը կդառնա նահանգի սահմանադրության մաս՝ բարդացնելով դրա չեղարկումը:
«Տեսել ենք, որ կյանքեր են կորսվում, այն քսաներկու նահանգներում, ուր արգելված է աբորտը: Չենք ցանկանում, որ նման բան տեղի ունենա Նևադայում»,- ասում է Նևադայի Կանանց ազգային կազմակերպության ներկայացուցիչ Լաուրա Քեմփբելը:
Ջեսիկա Պոնս դե Լեոնն առաջին անգամ է մասնակցելու ընտրություններին: Նախատեսում է «այո» քվեարկել 6-րդ օրինագծին և իր ձայնը տալ Քամալա Հարիսի օգտին:
«Չեմ կարծում, որ իշխանությունը պետք է իրավունք ունենա արտահայտվել, թե կանայք ինչպես տնօրինեն սեփական մարմինը: Կանայք պետք է լիակատար վերահսկողություն ունենան իրենց մարմնի նկատմամբ»,- ասում է Պոնս դե Լեոնը:
Նևադան այն տասը նահանգներից է, ուր ընտրողներին հնարավորություն են տվել որոշել, թե աբորտը որ պարագայում և երբ կարող է օրինական լինել: Նախորդ ընտրությունների ժամանակ հարցը քվեաթերթիկում ներառելը մեծացրել էր ընտրողների մասնակցությունը և օգուտ տվել դեմոկրատ թեկնածուներին:
Բրազիլիայից ներգաղթած Քրիստիան Մերշը, ով չցանկանալով հղիացել է, բայց որոշել է պահել երեխային, Նևադայում գործող «Կյանքի իրավունք» կազմակերպության խորհրդի անդամ է:
«Առանց կյանք չկա ազատություն, չկան այլ իրավունքներ: Եթե չեք հարգում կյանքը, այդ պարագայում ռասիզմը, մարդկանց թրաֆիքինգ անխուսափելի են։ Զգում եմ, որ մեր կյանքն արժեք չունի»,- ասում է նա:
Թեև հարցը, անշուշտ, մտահոգում է երիտասարդ ընտրողներին, սակայն ոչ բոլոր երիտասարդները կարող են քվեարկել դեմոկրատների օգտին:
Այս շաբաթ անցկացված մի համերկրային հետազոտության համաձայն, որը հրապարակվել է առողջապահական ոլորտում սոցհարցումներ իրականացնող KFF կազմակերպության կողմից, ԱՄՆ-ում ընտրելու իրավունք ունեցող կանանց թվի աճը վկայում է, որ հղիության արհեստական ընդհատման իրավունքի խնդիրը դառնում է քաղաքակական կարևոր հարց, հատկապես՝ երբ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուի կարգավիճակում Բայդենին փոխարինեց Քամալա Հարիսը: