Գերմանիայի խորհրդարան՝ Բունդեսթագ էին հրավիրել երկրի Դաշնային հետախուզական ծառայության (BND) ղեկավար Բրունո Կալին, Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի՝ Գերմանիայի անվտանգության ծառայության տնօրեն Թոմաս Հալդենվանգին և Ռազմական հակահետախուզական ծառայության ղեկավար Մարտին Ռոզենբերգին՝ ունկնդրելու ուկրաինական պատերազմի պատճառով Բեռլինի առջև ծառացած սպառնալիքների մասին գնահատականներ։
Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ քննարկվել է Ռուսաստանից բխող ռազմական սպառնալիքը, Կրեմլի սանձազերծած հիբրիդային պատերազմը և դրանց դիմակայելու հնարավորությունները։
Your browser doesn’t support HTML5
Բրունո Կալը, մասնավորապես, հայտարարել է, թե Ռուսաստանը, մեծացնելով իր սպառազինության ծավալը և բանակի քանակը, կարող է ստեղծել այն ներուժը, որը թույլ կտա Կրեմլին հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա՝ «մինչև այս տասնամյակի ավարտ»։
Նրա խոսքով՝ Մոսկվան Գերմանիային թշնամի է համարում, քանի որ Բեռլինը Կիևի համար նախատեսված սպառազինության խոշորագույն մատակարարներից է։ BND-ի ղեկավարն ընդգծել է՝ Գերմանիան «ուղիղ առճակատման մեջ է Ռուսաստանի հետ», և Պուտինը ցանկանում է ոչ միայն գրավել Ուկրաինան, այլև նոր աշխարհակարգ հաստատել։
Օրերս՝ The Times պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ, Նիդեռլանդների և Գերմանիայի բարձրաստիճան զինվորականներին, գրել էր, թե ՆԱՏՕ-ն մոտ երեք տարի ժամանակ ունի՝ պատրաստվելու Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակմանը։
Բրունո Կալը անդրադարձել է նաև Ռուսաստանի հետախուզական ծառայությունների գործունեությանը՝ նշելով, թե ռուսաստանցի լրտեսների գործունեությունը հասել է «չտեսնված մակարդակի» և զգուշացնելով՝ Պուտինը պատրաստվում է նոր ագրեսիայի և մինչև այս տասնամյակի ավարտ կարող է գրոհել ՆԱՏՕ-ի երկրները։
Արևելյան Եվրոպայի ուսումնասիրության ստոկհոլմյան կենտրոնի հետազոտող Անդրեաս Ումլանդի խոսքով՝ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի դեպքում բալթյան երկրները կարող են լինել առաջնային թիրախ։
«Երբ խոսքը վերաբերում է Եվրոպայում ռուսական հնարավոր ագրեսիային, Էստոնիան կարող է լինել առաջին պլանում։ Մասնավորապես, Նարվա քաղաքը, որը Ռուսաստանից դուրս ամենառուսական քաղաքն է։ Այնտեղ ռուսալեզու բնակչության տոկոսն ավելի մեծ է, քան [օկուպացված] Սևաստոպոլում»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Ումլանդը։
Բայց այդքանով հանդերձ՝ Անդրեաս Ումլանդը դեռ քիչ հավանական է համարում, որ տեսանելի հեռանկարում Մոսկվան կարող է գրոհել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որևէ մեկը՝ նաև այն պատճառով, որ Կրեմլը այլ նպատակներ ունի Կովկասում ու Կենտրոնական Ասիայում, որտեղի երկրները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չեն և համեմատաբար անպաշտպան են։
Եվ, իհարկե, Կրեմլը չի կորցնում հույսը պառակտել ՆԱՏՕ-ն՝ շարունակեց քաղաքագետը․ «Եթե, ասենք, Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ, ապա նման հնարավորությունը բացառված չէ։ Այդ ժամանակ կարող է բոլորովին այլ իրավիճակ ստեղծվել։ Բայց եթե ՆԱՏՕ-ն շարունակի զարգանալ ու ամրապնդվել, անգամ նման վարկածն է հիպոթետիկ դառնում։ Բայց Գերմանիայի հետախուզության ներկայացուցիչները, անշուշտ, պետք է հաշվի առնեն հնարավոր վատագույն սցենարը, և դա արդարացված է»։
Միևնույն ժամանակ, Ումլանդը հույս հայտնեց, որ Մոսկվան կգիտակցի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ներուժների տարբերությունը․ «Սակայն չի կարելի վստահ լինել, որ Մոսկվայում որոշումները կայացվում են միայն ռացիոնալ հիմքի վրա։ Պետք է պատրաստվել տհաճ անակնկալների. Կրեմլը կարող է ճակատագրական որոշումներ կայացնել, օրինակ՝ սխալ գնահատականների հիման վրա, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում»։
Ալեքսանդր Ռազումկովի անվան տնտեսական և քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Մելնիկի խոսքով՝ Բեռլինից հնչած մտահոգությունները այս պահին չափազանցված են։
«Օրինակ՝ Ռուսաստանն ունակ կլինի՞ այնքան մեծացնել իր հնարավորությունները, որ կարողանա հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, և Կրեմլի ներկայիս քաղաքականությունը կմնա՞ նույնքան ագրեսիվ։ Նման տարբերակ չեմ բացառում, բայց միայն այն դեպքում, եթե Ռուսաստանին թույլ տան հաղթել Ուկրաինայում»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Մելնիկը:
Մեր զրուցակիցը շարունակեց՝ նման զարգացման դեպքում Կրեմլում կամրապնդվի այն գաղափարը, թե նման քաղաքականությունը տալիս է իր պտուղները։
«Եթե ինչ-որ բան նախկինում ձեզ հաջողություն է բերել, ինչո՞ւ չկրկնել այն: Ուկրաինան գրավելու դեպքում Ռուսաստանը կստանա հսկայական լրացուցիչ ռեսուրսներ»,- նշել է Ալեքսեյ Մելնիկը՝ ընդգծելով, սակայն, որ ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակման պարագայում եվրոպական առաջատար տերություններից զատ, հակամարտությանը կմիանա նաև ԱՄՆ-ն։
«Վստահ եմ՝ ՆԱՏՕ-ի ուժերի հետ բախման դեպքում Ռուսաստանի համար ելքը տխուր կլինի, և Կրեմլը սա լավ է հասկանում»,- եզրափակեց Մելնիկը։
Նշենք նաև՝ «Ամերիկայի ձայնի» զրուցակից փորձագետների մեծ մասը հակված են կարծել, թե ներկայում Եվրոպայի ու ողջ Արևմուտքի համար ամենից լուրջ վտանգը Կրեմլի վարած հիբրիդային պատերազմն է: