Չկողմնորոշված ընտրողները կարող են ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքի վրա

Թրամփ, Հարիս

ԱՄՆ նաընտրական քարոզարշավի հատկապես վերջին շաբաթներին Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը փորձում են իրենց կողմը գրավել ընտրողների համեմատաբար փոքր խմբին, որի ներկայացուցիչներն ասում են, թե դեռ չեն կողմնորոշվել՝ ո՞ւմ են տալու իրենց ձայնը:

Նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ ընտրություններին ընդառաջ որոշ ամերիկացիներ արդեն իսկ քվեարկել են, քանզի նահանգների մի մասում սկսվել է վաղաժամ քվեարկություն:

Այդուհանդերձ, ընտրությունների ելքը որոշվելու է նոյեմբերին, և քվեարկողների մի զգալի զանգված դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է ձայն տալու՝ Քամալա Հարիսի՞, թե՞ Դոնալդ Թրամփի

Նյու Յորքում բնակվող Մերի Բեթ Ջովաչինին ասում է․ «Պարզապես ուզում եմ տեսնել, ուզում եմ հասկանալ՝ ովքե՞ր են նրանք: Երկու հետաքրքիր մարդիկ են՝ տարբեր ծագմամբ»։

Որոշ գնահատականների համաձայն՝ այսպես կոչված, չկողմնորոշված ընտրողները ԱՄՆ ընտրազանգվածը 3%-ն են:

Your browser doesn’t support HTML5

Չկողմնորոշված ընտրողները կարող են ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքի վրա

Ջոն Ջոնսոնը Մարկետ իրավաբանական դպրոցի գիտաշխատող է․ «Կան մարդիկ, որոնք զուսպ են՝ չհրապարակելով, թե ում օգտին են քվեարկելու։ Նրանք ևս դասվում են չկոմնորոշված ընտրողների շարքին»:

Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագետ Տատիշե Նտատայի խոսքով՝ ընտրություններից շաբաթներ առաջ այլևս ակնհայտ է, որ Հարիսի ու Թրամփի նախընտրական թիմերը նպատակաուղղված քարոզարշավ են տանում՝ շահելու չկողմնորոշված ընտրողների համակրանքը. «Չկողմնորոշված ընտրողների թիվն ամեն օր նվազում է: Մարդկանց մեծամասնությունը պատրաստվում է որոշում կայացնել մինչև ընտրությունների օրը, և, իրականում, կարևոր է լինելու կուսակցությունների՝ տեղում արվող աշխատանքը»։

Բրուքինգզ ինստիտուտի ներկայացուցիչ Դարել Ուեսթը խոսում է այն խնդիրների մասին, որ բախվում են դեմոկրատներն ու հանրապետականները՝ չկողմնորոշված ընտրողների համար պայքարում. «Թրամփը պետք է ցույց տա ամերիկացիներին, որ հարգում է օրենքի գերակայությունը, որ խելագար ու քաոսաբեր չի լինի, եթե նախագահ ընտրվի: Մյուս կողմից, Հարիսը քիչ փորձ ունի: Նա պետք է համոզի ընտրողներին, որ կարող է դառնալ նախագահ»:

Ջոն Ջոնսոնը շարունակում է, թե ավելի հայտնի լինելով՝ Թրամփն ունի և՛ առավելություններ, և՛ խոցելի տեղեր. «Դոնալդ Թրամփը երրորդ անգամ է մասնակցում նախագահական ընտրություններին, ուստի մարդկանց մեծամասնությունն արդեն իսկ որոշակի կարծիք ունի նրա մասին։ Երկու կուսակցություններն էլ քրտնաջան աշխատում են՝ համոզելու, որ չկողմնորոշված ընտրողները քվեարկեն [իրենց թեկնածուի օգտին]»:

Նորություն չէ, որ չկողմնորոշված ընտրողները ի զորու են որոշել քվեարկության ելքը հատկապես տատանվող նահանգներում, ինչն էլ կարող է ազդել ԱՄՆ ողջ ընտրությունների արդյունքների վրա։