ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի Ֆլորիդայում էր՝ անձամբ ծանոթանալու «Միլթոն» փոթորկի հետևանքով տուժած շրջաններում առկա իրավիճակին: Նա հայտարարել է 612 միլիոն դոլար լրացուցուչ օգնության մասին, որն ուղղվելու է «Միլթոն» և «Հելեն» փոթորիկներից տուժած համայնքներին ցուցաբերվող աջակցությանը:
«Այս ֆինանսավորման արդյունքում ոչ միայն կվերականգնվի էլեկտրամատակարարումը, այլև տարածաշրջանի էներգահամակարգը կդառնա ավելի ուժեղ՝ պակասեցնելով էլեկտրաէներգիայի անջատումների հաճախականությունն ու տևողությունը եղանակային վատ պայմաններում»,- հայտարարել է Բայդենը:
Չնայած ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող օգնությանը, բավականաին արագ տարածում գտավ դաշնային իշխանությունների քայլերի վերաբերյալ ապատեղեկատվությունը
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը CBS-ին խոստովանել է՝ մտահոգված է այդ առնչությամբ:
«Չափազանց վնասակար է։ Օգնության կարիք ունեցող մարդիկ կան, որոնք խճճվում են կեղծ տեղեկատվության պատճառով: Մեզ հարկավոր են անհատներ, ընտրված պաշտոնյաներ, մարդիկ, ովքեր ունակ են հերքել այդ կեղծիքը: Սա բավականաչափ չի արվում»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան։
ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը շաբաթ-կիրակի Հյուսիսային Կարոլինայում էր՝ միանալով տուաժածներին օգնություն ցուցաբերողներին:
Հարիսի մրցակիցը՝ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը շարունակում է քննադատել է Բայդենի վարչակազմին, թե իբր ԱՄՆ կառավարությունը «վատ արձագանքում» փոթորիկների հետևանքներին։
Միացյալ Նահանգների փոխնախագահի հանրապետականների թեկնածու Ջեյ Դի Վենսին կիրակի խնդրել են արձագանքել՝ ինչու է Թրամփը նման տեղեկություններ տարածում։
«Հանրապետական կոնգրեսականներից ոմանք տեղում են, ովքեր ընտրված են այդ շրջաններից, և նրանք ասում են, թե պետք է զանգահարել Սպիտակ տուն՝ պահանջելով սնունդ և ջուր: Անկեղծ ասած, չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ չարամիտ բան է կատարվում, բայց կարծում եմ, որ ապաշնորհ ձևով ենք արձագանքել այս ճգնաժամին»,- ասել է Վենսը:
«Ամերիկայի ձայնը» այցելել է Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքի փոթորկից տուժած շրջաններ և տուժածների հետ խոսել կառավարության արձագանքի մասին:
«Ես տեսել եմ օդում պտտվող ուղղաթիռներ։ Ազգային գվարդիան է: Այսինքն՝ կարծում եմ, որ պատշաճ ձևով են արձագանքում»,- ասել է բնակիչներից մեկը։
«Դեռ որևէ աջակցություն չենք ստացել մեր կառավարությունից կամ քաղաքային իշխանությունից։ Բայց այն կլինի»,- նշել է գործարար Դեն Յունկեն, որը նույնպես տուժել է «Հելեն» փոթորիկից:
Բայդենի վարչակազմը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին հաստատել տուժած շրջանների համար նախատեսված լրացուցիչ ֆինանսական աջակցությունը՝ մինչև նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունները: