Դոնալդ Թրամփի կողմնակիցները, հիմք ընդունելով ընտրակեղծիքների մասին նախկին նախագահի անհիմն հայտարարությունները, 2020 թվականին Դետրոյթում ճնշում գործադրեցին տեղի ընտրական պաշտոնյաների վրա՝ դադարեցնելու ձայների հաշվարկը:
Այսօր Միչիգանում Թրամփի բազմաթիվ կողմնակիցներ անհանգստացած են, թե գալիք ընտրություններում կարող են կեղծիքներ տեղ գտնել։
Իրեն Թրամփի աջակից համարող Մարվին Մինթոնն ասում է․ «Հենց հիմա մեր կառավարության քայլերի հետևանքով կասկածի տակ է հայտնվում ամեն ինչ: Կցանկանայի այլ բան ասել, բայց չեմ կարող: Ոչ մեկին չենք վստահում»։
«Մեկ դեպքը բավական է ամբողջ համակարգը կասկածի տակ դնելու համար»,- ասում է Թրամփի մեկ այլ աջակից՝ Անջելիկա Քանդոն:
Մեղադրանքները, թե 2020 թվականի ընտրությունները կեղծվել են, բազմիցս հերքվել են ԱՄՆ դատարաններում:
Սակայն ընտրությունների մասին ապատեղեկատվությունը լայն տարածում է ստացել հանրապետականների և նրանց հարողների շրջանում: Հարցումները ցույց են տալիս, որ նրանք ավելի շատ կվստահեն, եթե ընտրությունների արդյունքները հաստատվեն Թրամփի իշխանության օրոք։
Տատնվող նահանգների ընտրական պաշտոնյաներն աշխատում են ընտրողներին վստահեցնել, որ ընտրական գործընթացն ապահով է, իսկ ապատեղեկատվությունը կարող է լուրջ վտանգներ ստեղծել։
Միչիգանի ընտրական հանձնաժողովի նախագահ Ջոնաթան Բրատերն ասում է․ «Դրանք որոշ դեպքերում կարող են պատճառ հանդիսանալ, որ մարդիկ սպառնալիքներ հնչեցնեն ընտրական պաշտոնյաների հասցեին կամ ավելի վատ բաներ լինեն: Բայց եթե նույնիսկ այդ ամենը չի հանգեցնում ֆիզիկական բռնության, այն խաթարում է վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ, ինչը վատ է մեր ժողովրդավարության համար»:
Զուգահեռաբար՝ քիչ չեն այն հանրապետականները, որոնք ընտրողներին վստահեցնում են, թե ընտրությունները չեն կեղծվի:
Միչիգան նահանգի Օտտավա շրջանի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ, հանրապետական Ջասթին Ռոբակն ասում է, որ դժվար պայքար է սպասվում։
Միչիգանում Թրամփի կողմնակիցները դատի են տվել նահանգի պետքարտուղար, դեմոկրատ Ջոսելին Բենսոնին:
Միչիգանի հանրապետականների ղեկավար Փիթ Հուկստրան ասում է․ «Եթե Ջոսելին Բենսոնը չի անում այն, ինչ պահանջում է օրենքը, դատարանը կստիպի նրան այդ անել»:
Բենսոնի բնութագրմամբ հանրապետականների մեղադրանքները ընդամենը նրանց քարոզարշավի մասն է․ «Այդ հայցերը PR-ի մասն են՝ ապատեղեկատվություն տարածելու կամ ընտրությունների առնչությամբ կասկածներ հարուցելու համար»:
Հանրապետականներն ու դեմոկրատները ընտրությունների հետ կապված դատական հայցեր են նախաձեռնել տարբեր նահանգներում, ինչը կարող է բարդացնել ընտրական գործընթացը: