ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն անցած ամսվա վերջին իր առաջին ուղևորությունն է կատարել ամերիկա-մեքսիկական սահման՝ որպես երկրի նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու:
Հարիսը քայլում էր Բարաք Օբամայի նախագահության օրոք Արիզոնայի Դուգլաս քաղաքի մոտ կառուցված սահմանային պատի մի հատվածի մոտ: Ավելի ուշ՝ Դուգլասում քարոզարշավի ժամանակ, Հարիսն հայտարարել է, որ երկիրը պետք է վերահսկի իր սահմանը, բայց նաև կոչ է արել «ավելի լավ» միջոցներ գործադրել օրինական ճանապարհով ներգաղթյալների նկատմամբ:
«Պետք է բարեփոխենք ներգաղթի մեր համակարգը, որպեսզի այն աշխատի կանոնավոր կերպով, մարդակենտրոն լինի և դարձնի մեր երկիրն ավելի ուժեղ»,- ասել է Հարիսը:
Your browser doesn’t support HTML5
Տեղացիներից ոմանք նշում են, թե ներգաղթն է պատճառը, որ քվեարկելու են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին, ով խոստացել է կոշտ լինել անօրինական ներգաղթի հարցում:
«Ես օրինական ներգաղթին դեմ չեմ»,- ասում է Ջեյն Դեգրեզիան:
Սակայն հավելում է, որ նրանք, ովքեր ապօրինի են գալիս ԱՄՆ, երկրում տեղ չունեն:
«Շատ անարդար է մեր երկրի նկատմամբ և վտանգավոր»,- շարունակում է նա:
Արիզոնայում գրանցված է ավելի քան 4,1 միլիոն ընտրող։ Մոտ 35%-ը հարում է հանրապետականներին, 29%-ը՝ դեմոկրատներին։ Ընտրողների մոտ 34%-ը պատկանում է, այսպես ասած, չեզոք խմբին:
Մարք Քիմբլը Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում գտնվող Citizens Clean Elections միավորման նախագահն է: Նա չեզոք խմբից է և ասում է, որ ներգաղթի հարցը ամենից կարևորը չէ։
«Հանրապետականների համար հիմնական խնդիրը ներգաղթն է։ Դեմոկրատների համար՝ աբորտը: Անկախներն ավելի հաճախ են ասում, թե աբորտի հարցն է կարևոր, բայց նրանց մեծամասնությունն այդ կարծիքին չէ»,- ասում է նա:
Արիզոնան այն նահագներից է, որը սահմանակից է Մեքսիկային, և 2023 թվականին այն առերեսվեց ռեկորդային թվով միգրանտների:
Այն օրը, երբ Հարիսը սահմանամերձ գոտում էր, Թրամփը Միչիգանում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, կրկին խոստացավ փակել սահմանը։
«Մենք կձեռնարկենք ամերիկյան պատմության մեջ արտաքսման ամենամեծ գործողությունը. Այլ ելք չունենք»,- ասել է Թրամփը:
Այս երիտասարդ ընտրողն ասում է, որ կցանկանար տեսնել ներգաղթի այնպիսի համակարգ, որն նման երկար ժամանակով չի բաժանի ընտանիքները:
«Հուզիչ է տեսնել, թե ինչպես են բաժանվում ընտանիքները»,- ասում է Արիզոնայի բնակիչ Դանիել Գուտիերեսը:
Գուտիերեսն նշում է, թե իր հայրը Թրամփի կողմնակից է, իսկ մայրն խոստանում է քվեարկել Հարիսի օգտին:
Ինքը ևս որոշել է քվեարկել Դեմոկրատական կուսակցության օգտին:
Մինչ արիզոնացիների մի մասն արդեն իսկ որոշում է կայացրել, թե ում օգտին է քվեարկելու հաջորդ ամիս, մյուսներին ավելի շատ մտահոգում է մարդկանց ընտրատեղամաս բերելը:
Ջոզեֆ Գարսիան Sí Se Vota-ի ղեկավարն է։ Կազմակերպության նպատակն է խրախուսել մարդկանց քվեարկել:
«Ինչ խնդիրներ էլ լինեն, ուզում ենք, որ նրանք լինեն տեղեկացված ընտրողներ և որոշում կայացնեն: Մեզ համար կարևոր չէ, թե ում օգտին են նրանք ցանկանում քվեարկել»,- ասում է Գարսիան:
Այո, ի վերջո ամերիկացի ընտրողներն են որոշելու, թե ով կհաղթի Սպիտակ տան համար պայքարում այս նոյեմբերի 5-ին: