Երկրորդ օրն է նախագահ Բայդենը փոթորկից տուժած շրջաններում է

Բայդենը այցելում է Հյուսիսային և Հարավային Կարոլինա փոթորկից հետո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի Ֆլորիդա և Ջորջիա նահանգներում էր՝ անձամբ ծանոթանալու «Հելեն» փոթորկի թողած ավերածութուններին։ Ինչպես նախորդ օրը, Սպիտակ տան ղեկավարը հավաստիացրել է տուժածներին, որ ամերիկյան դաշնային կառավարությունը կաջակցի վերականգնողական աշխատանքներին:

«Հելեն» փոթորիկը լուրջ հարված է հասցրել Միացյալ Նահանգների հարավ-արևելքին՝ վեց նահանգներում խլելով մոտ 200 մարդու կյանք և դառնալով ԱՄՆ համար ամենամահաբերը 2005 թվականի «Կատրինա» փոթորկից հետո:

««Հելեն» փոթորիկը ավերածություններ է պատճառել Ջորջիա նահանգի կենտրոնական ու հարավային շրջաններում: Էլեկտրաէներգիայի լուրջ խափանումներ ենք ունենում, չնայած էներգետիկ ընկերությունները աշխատում են որքան կարող են»,- ասում է Ջորջիա նահանգում հոգևոր ծառայություն մատուցող քահանա Էլգին Դիքսոնը։

Ֆլորիդայում շատերն արդեն իսկ ժամանակավոր կացարաններում էին այն բանից հետո, երբ անցած տարի «Իդալիա» փոթորիկը հարվածեց տեղի շրջաններին:

«Կարծես ձեզ թակել են և այլևս դրանից հետո չեք կարող ուշքի գալ: Զգում եք, որ սա կարող է լինել ամեն ինչի վերջը: Տեղյակ եք, թե ինչ է կատարվել ձեր քաղաքի, ձեր համայնքի հետ»,- ասում է Ֆլորիդայի բնակիչ Բրուք Հիերսը:

Հիերսն այն բազամթիվ ամերիկացիներից էր, որոնց ուղղված էին տուժած շրջաններ այցելած նախագահ Ջո Բայդենի խոսքերը:

«Ես տեսնում եմ ձեզ, լսում եմ ձեզ։ Ես տխրում եմ ձեզ հետ միասին և խոստանում եմ, որ ձեր թիկունքին եմ։ Մենք այստեղ կմնանք այնքան ժամանակ, մինչև ոտքի չկանգնեք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նշենք, որ անցած օրերին ԱՄՆ նախագահն այցելել է Հյուսիսային և Հարավային Կարոլինաներ, Ջորջիա ու Ֆլորիդա նահանգներ՝ կարգադրելով Պենտագոնին տարածաշրջան գործուղել լրացուցիչ մոտ հազար զինծառայողների, որոնք պետք է մասնակցեն փրկարարական աշխատանքներին:

Չորեքշաբթի տուժած շրջաններում էր ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ կանգ առնելով Ջորջիայում:

«Խոսքս ուղղում եմ այս համայնքի և շրջանի բնակիչներին՝ մենք երկար ժամանակ այստեղ ենք լինելու»,- հայտարարել է Հարիսը:

Առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածուի մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը Ջորջիա էր այցելել դեռ երկուշաբթի՝ մեղադրելով Բայդենի վարչակազմին տուժածներին անհրաժեշտ չափով չաջակցելու համար, թեև նահանգի հանրապետական նահանգապետը գնահատանքի խոսքեր էր հնչեցրել ԱՄՆ կառավարության հասցեին: