Կայացավ Ուոլցի ու Վենսի նախընտրական հեռուստաբանավեճը

ԱՄՆ փոխնախագահի թեկնածուներ հանրապետական Ջեյ Դի Վենսը և դեմոկրատ Թիմ Ուոլցը

ԱՄՆ փոխնախագահի թեկնածուներ դեմոկրատ Թիմ Ուոլցը և հանրապետական Ջեյ Դի Վենսը բանավիճել են ուղիղ եթերում

ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Թիմ Ուոլցը և հանրապետական թեկնածու Ջեյ Դեյ Վենսը երեքշաբթի երեկոյան հանդիպել են Նյու Յորքում՝ նախընտրական այս արշավի ժամանակ իրենց միակ հեռուստաբանավեճին:

CBS News-ի կողմից կազմակերպված 90 րոպեանոց բանավեճին թեկնածուները քննարկել են ԱՄՆ տնտեսությանը, երկրում զենք կրելուն և մերձավոարևելյան հակամարտությանը վերաբերող հարցեր՝ չմոռանալով, իհարկե, քննադատել միմյանց։

Ուոլցը պնդել է՝ Դոնալդ Թրամփը ձախողել է ամերիկյան դիվանագիտությունը:

«Ունեինք երկրների կոալիցիա, որը խափանել էր Իրանի միջուկային ծրագիրը: Դոնալդ Թրամփը դուրս եկավ այդ ծրագրից՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Այսպիսով, Իրանն ավելի մոտ է միջուկային զենքի ստեղծմանը, քան նախկինում՝ Թրամփի անկայուն քաղաքականության պատճառով»,- ասել է Ուոլցը:

Your browser doesn’t support HTML5

Դիտորդները նշում են՝ ԱՄՆ փոխնախագահի թեկնածուները ներկայացրել են իրենց մոտեցումները փոխադարձ հարգանքի մթնոլորտում

Վենսն էլ իր հերթին մեղադրել է Քամալա Հարիսին, թե նա՛ է մեղավոր Օհայո նահանգի Սփրինգֆիլդ բնակավայրում ի հայտ եկած խնդիրների համար, որի վերաբերյալ, ինչպես հայտնի է, Թրամփը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ՝ մեղադրելով Հայիթիից դուրս եկած միգրանտներին այդ քաղաքում տնային կենդանիներին ուտելու մեջ:

«Բնակարանները դարձել են անմատչելի [պարզ ամերիկացիների համար], քանի որ միլիոնավոր անօրինական ներգաղթյալներ են մուտք գործել այս երկիր: Սփրինգֆիլդում ինձ ամենաշատն անհանգստացնում են այն մարդիկ, որոնց կյանքը կործանվել է Քամալայի վարած բաց սահմանների քաղաքականության պատճառով»,- ասել է Ջեյ Դի Վենսը:

Հղիության արհեստական ընդհատման իրավունքների հարցի վերաբերյալ հանրապետական գործիչը ընդգծել է՝ այդ որոշումը պետք է նահանգները կայացնեն:

«Այդ հարցին լուծում տալու ճիշտ ձևը, ինչպես ժողովրդավարությունում է, ընտրողներին թույլ տալն է կայացնել որոշումներ, թույլ տալ, որ առանձին նահանգներ ինքնուրույն իրականացնեն աբորտների վերաբերյալ քաղաքականությունը»,- ասել է Վենսը:

Ուոլցը հակադարձել է, թե հարցը կանանց և նրանց բժիշկների որոշման դաշտում է:

«Ինչպե՞ս կարող ենք մենք որպես պետություն ասել, որ ձեր կյանքին և ձեր իրավունքներին, ձեր սեփական մարմնին վերաբերող հարցերը որոշվելու են ըստ աշխարհագրական դիրքի»,- հակադարձել է դեմոկրատ գործիչը:

Բանավեճից հետո թեկնածուների կողմնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները:

«Սա փայլուն և հաղթական ելույթ էր Ջեյ Դի Վենսի կողմից: Կարծում եմ՝ նա ուղիղ խոսել է ամերիկացիների հետ կարևոր հարցերի մասին՝ ներգաղթի, անօրինական ներգաղթի, որը բերել է Քամալա Հարիսը»,- ասել է հանրապետաան կոնգրեսական Էլիզ Սթեֆանիկը:

«Թիմ Ուոլցն այնպիսին է, ինչպիսին կա: Նրան ճանաչում եմ ավելի քան մեկ տասնամյակ: Նրա հետ 10 տարի աշխատել եմ Կոնգրեսում: Շատ անկեղծ է: Չի ձգտում մանևրել։ Նա ի սրտե խոսեց իր համար կարևոր հարցերի մասին և դրանք ներկայացրեց Ամերիկայի ժողովրդին»,- նշել է Կոլորադո նահանգի դեմոկրատ նահանգապետ Ջարեդ Փոլիսը:

Նշենք, որ ԱՄՆ 23 նահանգներում արդեն իսկ մեկնարկել է վաղ քվեարկությունը, իսկ ընտրությունների օրվան մնացել է մոտ մեկ ամիս: Հարցումների համաձայն՝ թեկնածուների վարկանիշները միմյանց մոտ են: