Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողացել ծնկի բերել Կիևին ռազմի դաշտում ու նոր ուղիներ է փնտրում Ուկրաինային վնասելու համար, ներառյալ՝ ձմռանն ընդառաջ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելը:
«Այսպես է Պուտինը պատրաստվում ձմռանը՝ հույս ունենալով տառապանքի ենթարկել միլիոնավոր ուկրաինացիների։ Պուտինը ցանկանում է այս ձմռանը թողնել նրանց մթության ու ցրտի մեջ՝ ստիպելով Ուկրաինային տառապել ու հանձնվել»,- ասել է Զելենսկին։
ՄԱԿ-ում քննարկվող հաջորդ թեման մերձավորարևելյանն է, և բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ կոչ են արել զինադադար հաստատել Լիբանանում ու Գազայի հատվածում:
Your browser doesn’t support HTML5
Մեծ քսանյակի արտգործնախարարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է․ «Մերձավոր Արևելքում ինտենսիվ կերպով աշխատում ենք մի շարք գործընկերների հետ՝ Լիբանանում լարվածությունը թուլացնելու և հրադադարի համաձայնագիր ձեռք բերելու նպատակով, ինչն օգտակար կլինի բոլոր շահագրգիռ կողմերին»:
ՄԱԿ-ի համաձայն՝ մոտ 100 հազար լիբանանցիներ տեղահանվել են այս շաբաթ՝ «Հեզբոլլահի» կողմից վերահսկվող հարավային Լիբանանին Իսրայելի հասցրած ինտենսիվ ավիահարվածների հետևանքով: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ չորեքշաբթի առնվազն 51 լիբանանցի է սպանվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Իսրայելը հայտարարել է, որ խոցել է «Հեզբոլլահի» արձակած հրթիռը, որն ուղղված էր Թել Ավիվին:
Փարիզի առաջարկով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի ուշ երեկոյան արտահերթ նիստ է գումարել:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն հայտարարել է. «Չպետք է պատերազմ լինի Լիբանանում։ Լիբանանում պատերազմ չի կարող լինել: Ահա, թե ինչու կոչ ենք անում Իսրայելին դադարեցնել սրացումը Լիբանանում, իսկ «Հեզբոլլահը» պետք է դադարեցնի հրթիռների արձակումը Իսրայելի ուղղությամբ: Բոլոր նրանց, ովքեր աջակցում են նման քայլերին, կոչ ենք անում դադարեցնել այդ»։
Իրավիճակը ողբերգական է նաև Սուդանում, ուր մրցակից գեներալների միջև շարունակվող պատերազմը սովի է մատնել 26 միլիոն մարդու, առնվազն 10 միլիոն մարդ տեղահանվել է:
«Բոլորս տեղյակ ենք իրավիճակից։ Բայց եկեք հիշենք՝ այս թվերն մարդիկ են՝ հույսերով, երազանքներով և ձգտումներով լի մարդիկ: Այս թվերը ես եմ, իմ ընտանիքն ու ընկերներն են»,- հայտարարել է Սուդանում խաղաղության հասդտատման ջատագով Նիսրին Էլսայմ։
Սուդանում հումանիտար իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ը հայտարարել է, որ փորձում է փակել ֆինանսավորման հսկայական բացը` հատկացնելով 25 միլիոն դոլար իր արտակարգ իրավիճակների հիմնադրամից: Եվրամիությունից տեղեկացրել են մոտ 77 միլիոն դոլարի տրամադրման, ԱՄՆ-ից՝ լրացուցիչ 424 միլիոն դոլարի փոխանցման մասին:
«Պետք է ստիպենք, պնդենք և պահանջենք, որ պատերազմող կողմերն հաստատեն հումանիտար դադարներ Էլ Ֆաշերում, Խարտումում և այլ խոցելի շրջաններում, որպեսզի թույլ տան օգնությանը տեղ հասնել, իսկ խաղաղ բնակիչներին՝ հեռանալ»,- հայտարարել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: