Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրի միջուկային դոկտրինը փոխելու մասին հայտարարությունը Ուկրաինայում որակել են շանտաժ: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Այդ գործիքները չեն աշխատի»։
Նախօրեին Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էր մի շարք փոփոխություններ կատարել միջուկային դոկտրինում` ավելացնելով ռազմական սպառնալիքների ցանկը, որոնց պարագայում Մոսկվան կարող է պատասխանել միջուկային հարվածով։
Ենթադրաբար` փաստաթղթի նոր տարբերակում նշված է լինելու, որ Ռուսաստանի դեմ որևէ ոչ միջուկային պետության, բայց միջուկային տերության աջակցությամբ իրականացվող ագրեսիան կդիտարկվի որպես «համատեղ հարձակում Ռուսաստանի վրա»: Փաստորեն, միջուկային զենքի օգտագործումը հնարավոր կհամարվի Ռուսաստանի դեմ սովորական սպառազինությամբ հարձակման պարագայում։
Դեռ ավելին, ըստ նոր դոկտրինի՝ միջուկային հարվածի համար հիմք կարող է հանդիսանալ «Ռուսաստանի դեմ զանգվածային հարձակման մասին ստուգված տեղեկատվությունը»:
Պուտինը նաև հայտարարել է այն պետությունների և ռազմական դաշինքների ցանկն ընդլայնելու մտադրության մասին, որոնց դեմ իրականացվելու է միջուկային զսպում։ Մանրամասներ դեռ չկան։
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ-ն անպատասխանատու է որակել Պուտինի միջուկային հռետորաբանությունը
Այս մասին MSNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ուշադրություն է գրավում այն հանգամանքը Պուտինի նշված խոսքերը հնչել են այն ժամանակ, երբ պետությունների ղեկավարները հավաքվել էին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
«Սա անպատասխանատու է։ Կարծում եմ՝ աշխարհում շատերը, այդ թվում՝ Չինաստանը, հստակ հայտարարել են այդ մասին»,- ասել է Բլինքենը։
Ի՞նչ են ասում փորձագետները
Սա Պուտինի ևս մեկ փորձն է՝ միջուկային գործոնը դարձնել պատերազմի գործիք` ասում է Արտաքին քաղաքականության կանադական ինստիտուտի փորձագետ Մաքսիմ Սթարչակը, սակայն, նրա կարծիքով, ռուսական միջուկային դոկտրինում սկզբունքորեն ոչինչ չի փոխվել։
«Նոր փաստաթուղթը հստակեցնում է միջուկային զենքի կիրառման պայմանները, սակայն օգտագործման պատճառները չեն փոխվել»,- նշել է Սթարչակը։
Նրա խոսքով՝ իրավիճակը չի փոխվել նաև Բլառուսի պարագայում, որովհետև Մինսկը լինելով Ռուսաստանի հետ միութենական պետության կազմում արդեն իսկ Կրեմլի, այսպես կոչված, միջուկային հովանոցի ներքո էր։
Իսկ ինչ վերաբերում է այն դրույթին, թե ոչ միջուկային պետության նախաձեռնած ագրեսիային միջուկային երկրի մասնակցությունը կարող է հանգեցնել միջուկային հարվածի, ապա այն շարադրված է դեռ 1994 թվականի Բուդապեշտի հուշագրում»:
Հիշեցնենք, որ Բուդապեշտի հուշագրում նշված են անվտանգության երաշխիքները, որոնք Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն տվել են Ուկրաինային՝ միջուկային զենքից հրաժարվելու դիմաց։ 2014 թվականին Ռուսաստանը բռնակցեց Կիևին պատկանող Ղրիմը՝ դրանով իսկ խախտելով հուշագիրը։
Третий сектор վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Զոլոտարևը նույնպես այն կարծիքին է, որ Կրեմլից հնչող սպառնալիքը պետք է ընկալել որպես միջուկային շանտաժ, քանի որ «Պուտինը զգում է արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի անվճռականությունը»։
«Ուստի նա ձգտում է այնպես ներկայացնել, թե բոլոր հիմքերը կան, որ իր սպառնալիքներն իրականություն կդառնան։ Այս փաստարկի օգտին է այն, որ նախկինում շատերը բավականին անլուրջ էին վերաբերվում Ուկրաինա ռուսական զինված ներխուժման սպառնալիքին։ Այն ժամանակ համարվում էր, որ սա շանտաժ է և խաղադրույքը բարձրացնելու համար: Սակայն ամեն ինչ շատ ավելի լուրջ ստացվեց»,- ասում է Զոլոտարևը։
Վերլուծաբանի կարծիքով՝ ամեն դեպքում, միջուկային պատերազմի վտանգը, հաշվի առնելով դոկտրինում առկա դրույթների անորոշությունը, նկատելիորեն մեծանում է։
«Այն, ինչ կա Պուտինի գլխում, [ռուսական] հեռուստատեսային քարոզիչները հնչեցնում են։ Եվ այս դեպքում՝ սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել։ Բայց այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ կնախընտրի Արևմուտքը, արդյո՞ք չի ենթարկվի շանտաժին»,- եզրափակեց Զոլոտարևը։
ԱՄՆ նախկին դեսպան, ամերիկյան RAND հետազոտական կենտրոնի վերլուծաբան Ուիլյամ Քորթնին «Ամերիկայի ձայնին» փոխանցեց․ «Այն փաստը, որ Պուտինը խոսել է այս մասին և այդ սպառնալիքները հնչեցրել Բայդենի հետ Զելենսկու հանդիպումից ընդամենը ժամեր առաջ, վկայում է Կրեմլի ղեկավարի թուլության մասին։ Ըստ երևույթին, Պուտինը մտավախություն ունի, որ Բայդենը կվերացնի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումները, որպեսզի Ուկրաինան կարողանա այն օգտագործել ոչ միայն սահմանամերձ շրջաններում, որոնց պարագայում արդեն իսկ թույլտվսություն կա, այլև Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու համար»։
ԱՄՆ պետքարտուղարի նախկին խորհրդական, Ջեյմսթաուն հիմնադրամի փորձագետ Փոլ Գոբլը համամիտ էր Ուիլյամ Քորթնիի հետ՝ հավելելով․ «Պուտինի հաշվարկների տեսանկյունից, [նշված շանտաժը] ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձ է։ Նա հստակ ցանկանում է փոխանցել ուղերձը, որ եթե որևէ մեկը վախենում է միջուկային զենքից, ապա պետք է քվեարկի ոչ թե Քամալա Հարիսի, այլ Դոնալդ Թրամփի օգտին, ով հավատարիմ է Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու գաղափարին, նույնիսկ եթե դա հանգեցնի ինքնիշխան երկրի մասնատմանը և դրա մեծ մասի փոխանցմանը Ռուսաստանին»: