Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր այցը Միացյալ Նահանգներ սկսել է Փենսիլվանիայից՝ զինամթերքի արտադրության տեղի գործարանից, սակայն ԱՄՆ-ում նրան սպասում են Սպիտակ տանը, Կոնգրեսում, պետքարտուղարությունում և Պենտագոնում, որտեղ Ուկրաինայի ղեկավարը պետք է ներկայացնի իր՝ «հաղթանակի ծրագիր», որը կոչված է հիմնավորել, թե Արևմուտքն ինչու պետք է շարունակի աջակցությունը Կիևին։
ԱՄՆ գործիչների հետ շփումներից զատ, որոնց թվում կարող է լինել նաև Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Զելենսկին Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին՝ փորձելով առավելագույն աջակցություն ապահովել Կիևի խաղաղասիրական նախաձեռնություններին:
«Ամերիկայի ձայնի» զրուցակից փորձագետների խոսքով՝ Զելենսկու համար Գլխավոր ասամբլեայում կայանալիք բանակցությունները կարող են ոչ պակաս կարևոր լինել, քան ԱՄՆ ղեկավարության հետ նախատեսվածը, քանի որ Վաշինգտոնում այժմ սահմանափակված են արտաքին քաղաքական հարցերում՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ։
Your browser doesn’t support HTML5
Ալեքսեյ Գոնչարենկո. ԱՄՆ-ում ընտրություններից առաջ որևէ բան քննարկելն անիմաստ է
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, խորհրդարանի «Եվրոպական համերաշխություն» խմբակցության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կասկած հայտնեց, թե ԱՄՆ Վոլոդիմիր Զելենսկու այցի ընթացքում հնարավոր կլինի հասնել որևէ լուրջ պայմանավորվածության։
«Ամեն դեպքում, լավ է, որ Զելենսկին թռչում է ԱՄՆ, և լավ է, որ նա հանդիպում է Բայդենի, Հարիսի և Թրամփի հետ։ Այս ամենը կարևոր է։ Բայց նոյեմբերյան ընտրություններից առաջ ոչինչ չէի սպասի. Համոզված եմ, որ Պուտինը չի պատրաստվում խոսել ոչ մեկի հետ, բացի ԱՄՆ-ից։ ԱՄՆ-ում ինչ-որ մեկի հետ խոսելու համար պետք է այնտեղ լինի նախագահ, գործընկեր։ Հիմա Պուտինի համար այնտեղ չկա մեկը, ում հետ կարելի է խոսել։ Ընդհանրապես, անիմաստ է այս ամենը քննարկել, քանի դեռ չենք պատասխանել հարցին՝ ո՞վ է դառնալու ԱՄՆ նախագահ»,- ասում է Գոնչարենկոն։
Նրա խոսքով՝ այսօր Պուտինին ակնհայտորեն ձեռնտու են ներքաղաքական տարաձայնությունները ԱՄՆ-ում։
«Պուտինը սպասում է, որ ԱՄՆ-ում քաղաքացիական կոնֆլիկտ կբռնկվի։ Նա հույս ունի, երազում է այդ մասին, ինչը իրադարձությունների զարգացման վատագույն սցենարն է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ ողջ աշխարհի համար»,- նշում է Գոնչարենկոն։
Անդրադառնալով ուկրաինական պատերազմում արևմտյան երկրների զուսպ մոտեցմանը՝ օրինակ, արևմտյան սպառազինությամբ Ռուսաստանի տարածքի խորքը թիրախավորելու հարցին, ուկրաինացի պատգամավորը ընդգծեց, թե նման դիրքորոշման համար Ուկրաինան շատ թանկ գին է վճարում։
«Պատերազմի նախորդ տարին մեզ համար ծանր էր՝ լի արյունահեղությամբ։ Բավականին երկար ժամանակ բացատրում էի իմ արևմտյան գործընկերներին, որ Ուկրաինային զենք հատկացնելու որոշումների դանդաղ կայացման համար Ուկրաինան բարձր գին է վճարում՝ ուկրաինացիների կյանքով»,- նշում է Գոնչարենկոն։
Վլադիմիր Դուբովիկ. Կիևը հասկանում է, որ անհրաժեշտ է նախապատրաստվել բանակցություններին
Օդեսայի համալսարանի միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Դուբովիկը «Ամերիկայի ձայնին» փոխանցեց, թե չի կարելի թերագնահատել Զելենսկու այցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա։
«Մեր նախագահը ցանկանում էր գնալ [ԱՄՆ]՝ ոչ միայն հանդիպելու ամերիկացի առաջնորդներին ու քաղաքական գործիչներին այլև մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որտեղ, հավանաբար, բազմաթիվ հանդիպումներ կունենա և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, ինչը թույլ կտա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ պատերազմը շարունակվում է, և Ուկրաինան օգնության կարիք ունի»,- ասում է Դուբովիկը։
Նրա կարծիքով՝ ուկրաինական զինուժի կողմից Ռուսաստանի խորքին հարվածներ հասցնելու թեման գլխավորներից մեկն է լինելու։
Վլադիմիր Դուբովիկը համամիտ չէր Ալեքսեյ Գոնչարենկոյի հետ՝ ընդգծելով, որ ԱՄՆ իշխանությունների հետ ներկայիս շփումներն առավել քան տեղին են, քանզի արդյունքը կարող է լինել ամերիկյան սպառազինոըթյան նոր խմբաքանակի մատակարարումը Ուկրաինա։
Վերլուծաբանի կարծիքով՝ Արևմուտքում դեռ բազմաթիվ են մարդիկ, ովքեր կարծում են, թե Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել, ինչն էլ հետ է պահում արևմտյան գործիչներին՝ վճռականություն ցուցաբերել Ուկրաինային աջակցելու հարցում։
«Նրանք ասում են՝ եթե անգամ տեսական փոքր շանս կա, որ Ռուսաստանը կարող է նման սրացման գնալ, ապա այն արդեն լուրջ պատճառ է Ուկրաինային ըստ անհրաժեշտության չօգնելու, Կիևի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի ուկրաինական կողմը համաձայնվի բանակցությունների գնալ»,- ասում է Դուբովիկը։
Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը ընդգծեց՝ բազմաթիվ արտահոսքեր են եղել, որ Արևմուտքը խստորեն զգուշացրել է Ռուսաստանին, թե ինչ կանի, եթե Կրեմլը օգտագործի զանգվածային ոչնչացման զենք:
Ջոն Թեֆտ. Կուրսկի մարզում տեղի ունեցողը կարող է որպես լծակ ծառայել
Ամերիկյան դիվանագիտության վետերան, Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Թեֆտը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ վերջին շրջանում Կիևի գործողությունները վկայում են դիվանագիտությունում իր դիրքերն ամրապնդելու ցանկության մասին։
«Մեկնաբանելով Ուկրաինայի հաջողությունները Կուրսկի մարզում՝ վերլուծաբաններից շատերն այն կարծիքին են, որ դրանք Զելենսկու համար առնվազն լծակ են ստեղծում բանակցությունների ժամանակ։ Հետաքրքիր կլինի լսել, թե ինչ է ասում է Զելենսկին մասնավոր զրույցներում բանակցությունների մասին»,- ասում է Թեֆտը:
Միաժամանակ, ըստ Ջոն Թեֆտի, «կարճաժամկետ հեռանկարում Զելենսկին ամբողջովին խորասուզված է ռազմական գործողությունների մեջ և մտադիր է կռվել՝ ռուսական ուժերին հետ մղելու համար»։
Մոսկվայում և Կիևում ԱՄՆ նախկին դեսպանը վստահ է, որ ամերիկյան այցի ժամանակ Զելենսկին լրացուցիչ սպառազինություն կպահանջի. «Գիտեմ, որ ԱՄՆ վարչակազմն այս կապակցությամբ առաջարկ ունի՝ սպասելով Կոնգրեսի հաստատմանը, Ուկրաինային 375 միլիոն դոլար զենք մատակարարել։ Նաև խոսք կգնա ռուսական տարածքի խորքին արևմտյան զենքով հարվածներ հասցնելու մասին»։
Թեֆտը առաջարկում է՝ նման թույլտվություն տալ, սակայն վերապահումներով. «Վստահ եմ, որ Բայդենի վարչակազմը քննարկում է այս հարցը՝ փորձելով հասկանալ, թե ինչ սահմանափակումներ պետք է լինեն նման զենքերի կիրառման դեպքում։ Կարծում եմ՝ ի թիվս այլ սահմանփակումների, կլինի պայման՝ չկրակել ռուսական ռազմավարական ուժերի հրամանատարական կետերին։ Այլապես, Ռուսաստանը կմտածի, թե փորձ է արվում թիրախավորել իր ռազմավարական նշանակության միջուկային զինանոցը»: