Վաշինգտոնում կայացել է «հայկական շահերի պաշտպանության շաբաթը»

Հայկական շահերի պաշտպանության շաբաթը՝ Վաշինգտոնում

Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) կողմից նախաձեռնած շահերի պաշտպանության օրերի շրջանակում կազմակերպության ավելի քան 75 ներկայացուցիչներ և աջակիցներ սեպտեմբերի 19-ին հավաքվել էին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի ուշադրությունը հրավիրելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությանը։

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ԱՄՆ-ի տարբեր նահանգներից մայրաքաղաք
Վաշինգտոն էին ժամանել Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնած շահերի պաշտպանության քարոզարշավի պատվիրակները՝ քննարկելու Լեռնային
Ղարաբաղից տեղահանված հայության առջև ծառացած խնդիրները և ձգտելու
ստանալ ԱՄՆ Կոնգրեսի զույգ կուսկացությունների աջակցությունը:

«Իրավապաշտպան օրերը հիանալի հնարավորություն էին ամերիկահայ
քաղաքացիների համար ավելի քան 20 նահանգներից այցելել Վաշինգտոն և
օրենսդիրների հետ քննարկել Ներկայացուցիչների տան ու Սենատի օրակարգում
առկա օրենսդրական նախաձեռնությունները»,- ասում է Վաշինգտոնի Հայ դատի
հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Իրավապաշտպան շաբաթվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումներին իր
մասնակցությունն ունեցավ նաև Save Armenia նորաստեղծ կազմակերպությունը՝ ԱՄՆ Կոնգրեսում և պետքարտուղարությունում բարձրացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության կրոնական ազատության իրավունքները խախտելու հարցը։

«Կարծում եմ՝ եթե Հայաստանը մահմեդական երկիր լիներ, չէինք տեսնի այն, ինչ
հիմա տեղի է ունենում այնտեղ: [Պատկերը] շատ տարբեր կլիներ: Հնարավոր է՝
տարածքային վեճեր լինեին, բայց ատելության և ագրեսիայի ոչ այնպիսի
մակարդակով, ինչն այսօր նկատում ենք հայ քրիստոնյաների, Արցախի հայ
քրիստոնյաների նկատմամբ: Այս մասին անհրաժեշտ է խոսել։ Մենք պետք է
պատմենք այդ պատմութնյունը»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Save Armenia-ի տնօրեն` Մաթիաս Պերտուլան։

Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության առաջին տարելիցի
կապակցությամբ պատվիրակներն ավելի քան 100 հանդիպում անցկացրեցին
ամերիկացի կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով հայ փախստականների՝
միջազգային իրավունքի ներքո հարազատ տներ վերադառնալու իրավունքի և
Ադրբեջանում պահվող հայաստանցի ռազմագերիների անհապաղ ազատ արձակման
հարցերը:

Հայ դատի պատվիրակները հանդիպումներ ունեցավ կոնգրեսականներ Գեյբ Ամոնի, Ֆրենք Փալոնի, Բրեդ Շերմանի հետ։ Ամփոփիչ միջոցառմանը՝ «Հաշվետվողականություն - 2024», ներկա էին ամերիկացի
օրենսդիրներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, համագործակցող
կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: Ամերիկացի օրենսդիրները՝
Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները, իրենց աջակցությունը հայտնեցին
քարոզարշավի մասնակիցներին՝ խոստանալով շարունակել պայքարը հանուն նշված նպատակների իրականացման։

«Ժամանակն է գործել՝ լայնածավալ արշավի միջոցով հայկական բանակը զինելու և վարժեցնելու համար՝ ոչ թե պատերազմում հաղթելու, այլ պատերազմը կանխելու նպատակով: Եթե այդ չանենք, Կովկասում կտեսնենք ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ, քանի որ Ալիևի ախորժակը բացվել է: Նա էթնիկ զտում է իրականացրել120 հազար հայերի նկատմամբ։ Ինչպես ելույթ ունեցողներից մեկն ասաց, նա ձգտում է «ավարտին հասցնել գործը»»,- հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը:

Միջոցառման ժամանակ նաև բացվեց լուսանկարների ցուցահանդես՝ «Ցեղասպանություն իրական ժամանակում. Արցախ» խորագրով, որի հեղինակն է Լեռնային Ղարաբաղից լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։ Երիտասարդ
ստեղծագործողը իր գործերում պատկերել է 2020 թվականի պատերազմը, 2023
թվականի շրջափակումն ու դրան հաջորդած Լեռնային Ղարաբաղից հայերի
տեղահանությունը:

Ցուցահանդեսը բաց կլինի Ռասսելի Ռոտոնդայում մինչև սեպտեմբերի 27-ը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ԱՄՆ սենատոր Շելդոն Ուայթհաուսի գրասենյակի, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ու Համազգային հայ կրթական և մշակութային միության ջանքերով: