Ըստ ամենայնի, վերջին անգամն է, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ կունենա խոշոր միջազգային ֆորումում՝ հարյուրավոր առաջնորդների մասնակցությամբ, որոնք ամեն տարի հավաքվում են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժողովին:
Վեհաժողովը մեկնարկել է միջազգային լարված պայմաններում՝ ընդգծում է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը:
«Այս մասին խոսում ենք ամեն տարի, բայց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանը տեղի է ունենում շատ ավելի կրիտիկական և դժվար պահին: Ճգնաժամերի և հակամարտությունների ցանկը, որոնք ուշադրություն և գործողություններ են պահանջում, միայն աճում է»,- ասում է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը:
Your browser doesn’t support HTML5
Սպիտակ տան ներկայիս վարչակազմի համար ցուցակը, թերևս, գլխավորում է Գազայի հակամարտությունը: Այստեղ ԱՄՆ դիրքորոշումը համահունչ չէ վեհաժողովի անդամների մեծամասնության մոտեցման հետ, որոնք անցած շաբաթ ձայների ճնշող առավելությամբ բանաձև ընդունեցին՝ պահանջելով Իսրայելից առաջիկա 12 ամիսներին վերջ տալ Պաղեստինի տարածքի օկուպացիային: Միացյալ Նահանգներն այն 14 երկրների թվում էր, որոնք «դեմ» են քվեարկեցին բանաձևին: Ըստ Թոմաս-Գրինֆիլդի՝ «դեմ» քվեարկած երկրները դեմ են «միակողմանի գործողություններին, որոնք խաթարում են երկու պետությունների ստեղծման հիման վրա խնդրի կարգավորման հեռանկարը»:
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Բայդենն այս տարվա ելույթում կխոսի Իսրայելին և Ուկրաինային ցոցաբերվող ամերիկյան աջակցության մասին: Գաղտնիք չէ, որ Բայդենի նախագահության ավարտին հենց այս երկու հակամարտություններն են նշվում, որպես ԱՄՆ համար լուրջ մարտահրավերներ:
«Մերձավոր Արևելքի դեպքում, կարծես, մոտեցումն այն է, թե ինչպես գործել, որ հակամարտությունը դուրս չգա վերահսկողությունից ու վերածվի տարածաշրջանային պատերազմի: Կարծում եմ՝ յուրաքանչյուրի մոտ հարց է առաջանում, թե ինչ է լինելու [հետո]»,- ասում է «Երրորդ ճանապարհ» կազմակերպության փոխնախագահ Ջիմ Քեսլերը։
Սակայն հստակ է, որ օրեր անց բոլորելու է հակամարտության մեկ տարին, և դեռ շուրջ 100 պատանդ մնում է «Համասի» գերության մեջ: Սպիտակ տան համաձայն՝ նրանց տուն վերադարձնելն ամերիկյան ջանքերի գլխավոր առաջնահերթությունն է և Իսրայելի ու պաղեստինյան խմբավորման միջև մարտերը դադարեցնելու վերաբերյալ հնարավոր գործարքի առանցքային դրույթը:
Ինչևէ, Քեսլերի կարծիքով՝ բազմաթիվ երկրների ղեկավարներ ջերմորեն կարձագանքեն Բայդենին ելույթին՝ հաշվի առնելով նախագահի ջանքերը դաշինքներն ամրապնդելու և միջազգային կարգը պահպանելու գործում:
«Շատ երկրներում նրա հանդեպ մեծ սեր կա: Իհարկե, կան նաև այնպիսի [պետություններ], որտեղ նման բան չկա»,- ասում է Քեսլերը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ կունենա երեքշաբթի։