Ալաբամայի ոստիկանությունը հետաքննում է 4 մարդու կյանք խլած հրաձգությունը

Ոստիկանության կարծիքով՝ հնարավոր է գործ ունենք պատվիրած սպանության հետ:

Ամերիկյան իրավապահները տակավին որևէ տեղեկություն չեն հաղորդել, թե արդյոք կան ձերբակալվածներ՝ Ալաբամա նահանգի մոտ 200 հազար բնակիչ ունեցող Բիրմինգհեմ քաղաքի գիշերային հայտնի ժամանացի վայրերից մեկում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետ կապված, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 17-ը վիրավորվել են:

Ոստիկանության ներկայացմամբ՝ հնարավոր է գործ ունենք պատվիրած սպանության հետ։

Հրաձգությունը շաբաթ երեկոյան էր Բիրմինգհեմի Five Points South ժամանցային վայրում, որտեղ հանգստյան օրերին գիշերային կյանքը եռում է: Միջադեպը լուրջ անհանգստություն է պատճառել տեղի բնակիչներին։ Իրավապահները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել:

Կիրակի առավոտյան մայթին դեռևս տեսանելի էին արյան հետքեր: Բիրմինգհեմի ոստիկանապետ Սքոթ Թուրմոնդի կարծիքով՝ թիրախում եղել է մահացածներից մեկը, և հնարավոր է, որ պատվիրած սպանություն է: Մի քանիսը դուրս են եկել մեքենայից և կրակ բացել՝ այնուհետև փախչելով դեպքի վայրից։

«Կարծում ենք՝ սա պատվեր էր և կոնկրետ անձ էր «պատվիրված»»,- ասել է Թուրմոնդը:

Ոստիկանները հայտնաբերել են մոտ 100 պարկուճ՝ նշելով, թե կրակոցների մի մասը, հավանաբար, արձակվել է ավտոմատ հրազենից: Քննիչները նաև փորձում են պարզում են՝ արդյո՞ք զոհերից որևէ մեկը պատասխան կրակ է բացել:

Մահացածները՝ 27-ամյա երկու տղամարդն ու 21-ամյա կինը, հայտնաբերվել են մայթեզրին։ Հիվանդանոցում գրանցվել է ևս մեկ տղամարդու մահը։ Չորս տուժածները, որոնց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, բուժում են ստանում Բիրմինգհեմի Ալաբամայի համալսարանական հիվանդանոցում:

Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, սիրված է երիտասարդների շրջանում, քանի որ մոտ է համալսարանին։ Տեղի ունեցածը երրորդ զանգվածային հրաձգությունն է այս տարվա ընթացքում Բիրմինգհեմում։ Նախորդ երկուսի հետևանքով սպանվել էին ութ հոգի։

Բիրմինգհեմի քաղաքապետ Ռանդալ Վուդֆինը հրապարակավ դժգոհել է հրազենային բռնությունների աճի կապակցությամբ։

«2024 թվականին հրազենային բռնությունը հասել է համաճարակի մակարդակի։ Բիրմինգհեմ քաղաքը, ցավոք, այս խնդրի առաջնագծում է»,- ասել է նա: