Թրամփի դեմ երկրորդ մահափորձը հարցեր է առաջացրել

Իրավապահները գործողություններ են իրականացնում Թրամփ Ինտերնեյշնելի տարածքում

Թրամփի դեմ օրերս տեղի ունեցած հերթական մահափորձը բազմաթիվ հարցեր է առաջացրել ԱՄՆ-ում քաղաքական բռնության մասին: Դեմոկրատ ու հանրապետական գործիչները կոչ են արել լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել Գաղտնի ծառայությանը, որը պատասխանտու է երկրի գործող ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի դատապարտել է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձը։

«Ամերիկայում մենք մեր տարաձայնությունները լուծում ենք խաղաղ ճանապարհով քվեատուփի միջոցով, ոչ թե զենքի»,- ասել է Բայդենը:

ԱՄՆ Գաղտնի ծառայությունն արդեն հայտնվել էր Կոնգրեսի ուշադրության կենտրոնում՝ այս հուլիսի 13-ին Թրամփի դեմ մահափորձի պատճառով, և Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը Fox News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկրորդ միջադեպը միայն մեծացնում է ծառայությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

«Կարծում եմ, Գաղտնի ծառայությունում աշխատում են իսկապես հայրենասեր, հիանալի մարդիկ, բայց չենք վստահում ղեկավարությանը»,- ասել է Ներկայացուցիչների տան խոսնակը։

Your browser doesn’t support HTML5

Ի՞նչ արձագանքներ եղան Թրամփի դեմ նոր մահափորձի կապակցությամբ

Երկուշաբթի օրը Fox News Digital-ին Թրամփը փոխանցել է, որ տեղի ուենցածի մեղավորը դեմոկրատների հռետորաբանությունն է։

Այդուհանդերձ, Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերը նույնպես երկուշաբթի դատապարտել է մահափորձը:

«Ամերիկայում տեղ չկա որևէ տեսակի քաղաքական բռնության»,- ասել է Շումերը:

Կասկածյալը՝ Ռայան Ռութը, մեղադրվում է Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող գոլֆի դաշտի մոտ հրազենով թաքնվելու մեջ։ 58-ամյա կասկածյալը հայտնի է ի աջակցություն Ուկրաինայի հրապարակային ակցիաներով և խոսքով։ 2022 թվականին Newsweek Romania-ի հետ անդրադարձել է ուկրաինական պատերազմին։

«Այս հակամարտությունը սև ու սպիտակ է: Սա բարու պայքարն է ընդդեմ չարի»,- ասել էր Ռայան Ռութը։

Ռուսաստանը երկուշաբթի հայտարարեց, որ մահափորձը նախազգուշացում էր Միացյալ Նահանգներին:

«Կրակի հետ խաղալն ունի իր հետևանքները»,- ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները լրագրողներին փոխանցել են, որ առաջին մահափորձից հետո ձեռնարկված անվտանգության հավելյալ միջոցներն օգնեցին պաշտպանել Թրամփին կիրակի օրը:

«Համակարգը աշխատում է, քանի որ կասկածյալը շատ հեռու էր իր ծրագրերի իրականացումից, և մենք նրան բերման ենք ենթարկել։ Նա պատասխանատվություն կկրի»,- ասել է Փալմ Բիչ շրջանի շերիֆ Ռիկ Բրեդշոուն։

Ռութը երկուշաբթի առավոտյան Ֆլորիդայում կանգնել է դատարանի առջև: