Ուրբաթ առավոտյան ռուսական կողմի ավիահարվածի հետևանքով Ուկրաինայի հյուսիս-արևելյան Սումի մարզում երկու մարդ էր զոհվել, կային վիրավորներ:
Նույն ժամերին օվկիանոսից այն կողմ՝ Վաշինգտոնում ընթանում էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի բանակցությունները, որոնց ժամանակ օրակարգի առանցքային կետը ուկրաինական պատերազմն էր:
«Միացյալ Նահանգները հանձնառու է ձեզ հետ օգնել Ուկրաինային, քանի որ այն պաշտպանվում է Ռուսաստանի ագրեսիվ հարձակումից: Պուտինն այս պատերազմում չի հաղթի»,- ասել է Ջո Բայդենը։
«Կարծում եմ՝ առաջիկա մի քանի շաբաթներն ու ամիսները կարող են վճռորոշ, շատ կարևոր լինել, և մենք կաջակցենք Ուկրաինային՝ հանուն նրա ազատության»,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
Your browser doesn’t support HTML5
Սպիտակ տանը կայացած հանդիպումը արևմտյան մայրքաղաքներում ընթացող քննարկումների ֆոնին էր, թե արդյոք ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը և թույլատրեն Ուկրաինային օգտագործել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հեռահար զինատեսակները Ռուսաստանի խորքը խոցելու համար։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տևական ժամանակ է, ինչ խոսում է այդ մասին:
«Գործընթացի ձգձգումը հանգեցնում է նրան, որ Ռուսաստանն իր ռազմական օբյեկտները ավելի խորն է տեղափոխում»,- ասել է Զելենսկին:
Մոսկվան նախազգուշացրել է՝ եթե Կիևին նման թույլտվություն տրվի, այն կսրի հակամարտությունը:
«Դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի երկրները, ԱՄՆ-ը, եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Դիտորդները նշում են, որ որոշումներ կայացնելիս՝ Բայդենը պետք է հաշվի առնի միջուկային տերության՝ Ռուսաստանի հետ սրացման հեռանկարները։ Թեև Սպիտակ տունն ասում է, որ հարցի առնչությամբ առաջիկայում որևէ հայտարարություն չի անելու, բայց որոշ վերլուծաբաններ պնդում են՝ նման որոշումը կարող է կայացվել արդեն մոտ ժամանակներում:
«Կարծում եմ՝ կհասնենք մի կետի, երբ ուկրաինացիները հրթիռներ կկիրառեն Ռուսաստանի խորքում։ Հարցն այն է, թե արդյոք նման քայլը էական տարբերություն կտա պատերազմի ընթացքում»,- ասել է American Enterprise Institute-ի ներկայացուցիչ Դալիբոր Ռոհակը:
Դիտորդները հավելում են՝ Բայդենը պետք է հաշվի առնի նաև ամերիկյան հետախուզական գործակալությունների նախազգուշացումը, թե Ռուսաստանը կարող է պատասխանել՝ օգնելով Իրանին թիրախավորել ամերիկյան ուժերը Մերձավոր Արևելքում:
Ինչևէ, Բայդեն-Սթարմեր հանդիպմանը քննարկվել է նաև Իսրայելի ու «Համասի» միջև հակամարտությունը։ Նրություն չէ, որ ԱՄՆ-ն շարունակում է ջանքերը՝ Գազայում հրադադարաի հասնելու շուրջ:
Անցած շաբաթ բրիտնական կառավարությունը հայտարարեց, որ հետ է կանչում Իսրայել զենքի արտահանման որոշ արտոնագրեր՝ միջազգային հումանիտար իրավունքի հետ կապված խնդիրների պատճառով:
Բայդենի վարչակազմը կարողացավ հաղթահարել որոշ դեմոկրատների և ԱՄՆ-ում մահմեդական գործիչների քննադատությունը և շարունակում է սպառազինության մատակարարումները Իսրայել։