Մատչելի հղումներ

Բլինքենն այցելեց Կիև՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Ուկրաինային


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ձախից, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին աջից և Ուկրաինայի նոր արտգործնախարար Անդրեյ Սիբիհան ժամանում են համատեղ մամլո ասուլիսի համար Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն Կիևում, Ուկրաինա, սեպտեմբերի 11, 2024թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ձախից, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին աջից և Ուկրաինայի նոր արտգործնախարար Անդրեյ Սիբիհան ժամանում են համատեղ մամլո ասուլիսի համար Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն Կիևում, Ուկրաինա, սեպտեմբերի 11, 2024թ.

ԱՄՆ պետքարտուղարը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն այս շաբաթ Կիևում էին, որտեղ հայտարարեցին Ուկրաինայի համար նախատեսված մոտ 1,5 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնության մասին: Իր հերթին՝ Կիևը վերստին խնդրել է վերացնել արևմտյան սպառազինությամբ Ռուսաստանի խորքային տարածքները թիրախավորելու սահմանափակումները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամին չորեքշաբթի Կիևում էին: Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ ասուլիսում Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի աջակցությունը Կիևին։

«Այսօր այստեղ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը հանդես են գալիս միասնաբար՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և ի նպաստ նրա հաջողության: Պուտինը չի դիմանա Ուկրաինային հավատարիմ երկրների կոալիցիային: Եվ նա, իհարկե, չի կարող հաղթել ուկրաինացի ժողովրդին»,- հայտարարել է Էնթոնի Բլինքենը:

Ուկրաինացիներն, անշուշտ, շնորհակալ էին ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ մոտ 1,5 միլիարդ դոլարի լրացուցիչ աջակցության համար, որի մեծ մասն ուղղվելու է երկրի էներգետիկ ոլորտին:

Սակայն Կիևում վերստին բարձրաձայնեցին իրենց խնդրանքի մասին՝ թույլատրել արևմտյան սպառազինությամբ խոցել Ռուսաստանի խորքը, օրինակ՝ ամերիկյան ATACMS և բրիտանական Storm Shadow հրթիռներով: Դրանց կիրառումը ներկայում թույլատրված է ռուսական օկուպացիայի ներքո գտնվող ուկրաինական տարածքներում:

Բլինքենի ու Լամիի այցի նախօրեին ամերիկացի և բրիտանացի նախկին 17 դիվանագետներ ու զինվորականներ բաց նամակ հրապարակեցին՝ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին կոչ անելով փոխել արևմտյան սպառազինության կիրառման քաղաքականությունը։ ԱՄՆ Կոնգրեսում նույնպես, ընդ որում երկու կուսակցություններից, այս շաբաթ նմանատիպ կոչեր հնչեցին՝ ուղղված Բայդենի վարչակազմին:

Ուկրաինացի պատգամավոր Վոլոդիմիր Վիատրովիչի խոսքով՝ սահմանափակումների վերացումը կարևոր է Ուկրաինայի պաշտպանության համար։

«Կարծում եմ՝ պատերազմի այս փուլում առանցքային հարցերից է Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, այդ թվում՝ ամերիկյան զենքի կիրառման հնարավորությունը, ինչը ի ցույց կդնի այս պատերազմում Միացյալ Նահանգների մոտեցման փոփոխությունը»,- ասում է Վիատրովիչը:

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ իր վարչակազմը «աշխատում է» նշված սահմանափակումները վերացնելու ուղղությամբ:

Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի հետազոտող Ադրիան Կարատնիկը նշում է, թե արևմտյան քաղաքականության փոփոխություններն անհրաժեշտ են Ուկրաինային, որպեսզի այն կարող լինի կա՛մ հաղթել, կա՛մ ստիպել Ռուսաստանին խաղաղության համաձայնագիր կնքել՝ ուկրաինացի ժողովրդի համար ընդունելի պայմաններով:

«Դա կաշխատի միայն այն դեպքում, եթե Ուկրաինան կարողանա խափանել Ռուսաստանի տնտեսության [աշխատանքը]՝ հարվածելով նրա էներգետիկ ենթակառուցվածքներին, իսկ դրա համար անհրաժեշտ են հեռահար հրթիռներ»,- ասում է Կարատնիկը:

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը չորեքշաբթի հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն ու նրա գործընկերները թույլ տան հեռահար զենքեր կիրառել Մոսկվայի դեմ, ապա Ռուսաստանը Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին կհամարի պատերազմի անմիջական կողմ։

Ուկրաինացի պատգամավոր Վիատրովիչը կոչ է արել ԱՄՆ ղեկավարներին անտեսել Մոսկվայից հնչող սպառնալիքները:

«Միայն այս՝ ագրեսիվ պատերազմում Ռուսաստանի ռազմական պարտությունից հետո մեզ համար հնարավոր կլինի վերադառնալ մի աշխարհ, որտեղ հարգում են միջազգային իրավական ակտերը, որտեղ հնարավոր է հավատարիմ մնալ միջազգային իրավական նորմերին»,- հավելում է Վիատրովիչը:

Բլինքենին հինգշաբթի սպասում են Վարշավայում, որտեղ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատելու է Վաշինգտոնի հանձնառությունը արևմտյան երկրների հավաքական պաշտպանությանը և ՆԱՏՕ-ին:

XS
SM
MD
LG