Դոնալդ Թրամփին ոչինչ չի սպառնում այն բանից հետո, երբ կիրակի օրը՝ սեպտեմբերի 15-ին, Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչում գտնվող իր գոլֆի ակումբում տեղի ունեցավ հրաձգություն։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին իրենց մտահոգության և բարեմաղթանքների համար. դա իսկապես հետաքրքիր օր էր», - գրել է Թրամփը իր «Truth Social» հարթակում:
Ըստ Reuters-ի՝ դեպքից անմիջապես հետո նախկին նախագահը էլեկտրոնային նամակ է ուղարկել իր կողմնակիցներին. «Ինձանից ոչ հեռու կրակոցներ են հնչել, բայց մինչ լուրերը կսկսեն տարածվել առանց վերահսկողության, ես կցանկանայի, որ դուք նախևառաջ իմանաք՝ ԵՍ ԱՊԱՀՈՎ ԵՄ ԵՎ ԱՌՈՂՋ»:
Կիրակի ժամը 13:30-ի սահմաններում, Գաղտնի ծառայության գործակալները կրակ են բացել անհայտ տղամարդու վրա, ով զինված էր AK-47 ինքնաձիգով: Նրան նկատել են «Թրամփ Ինթերնեյշն» հյուրանոցային համալրի գոլֆի դաշտում, Ֆլորիդայի Վեսթ Փալմ Բիչում:
Your browser doesn’t support HTML5
Դեպքի մասին տեղեկությունների հայտնվելուց անմիջապես հետո ՀԴԲ-ն հայտարարեց, որ հետաքննում է միջադեպը, որը որակվել է որպես նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ։
Մահափորձի առաջին դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Փենսիլվանիայում Թրամփի նախընտրական հանրահավաքում, որի հետևանքով նախկին նախագահը ականջի վնասվածք էր ստացել, մեկ մարդ սպանվել է, ևս երկուսը վիրավորվել: Միջադեպը հանգեցրեց Գաղտնի ծառայության ղեկավարի հրաժարականին և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության համար պատասխանատու ստորաբաժանման առնվազն հինգ գործակալների լիազորությունների ժամանակավոր դադարեցմանը։
Կիրակի մամուլի ասուլիսում Փալմ Բիչ շրջանի շերիֆ Ռիկ Բրեդշոուն ասաց, որ կրակողը նախկին նախագահից 274-ից 457 մետր հեռավորության վրա է եղել, երբ նրան նկատել են:
Գաղտնի ծառայության գործակալները կրակ են բացել, որից հետո կասկածյալը զենքը գցել է և փախչել։ Կասկածյալը նստել է մեքենան, սակայն ականատեսները կարողացել են նկատել նրա համարանիշը, որը հանձնվել է իրավապահներին։ Շուտով մեքենան կանգնեցրել են, իսկ կասկածյալին բերման ենթարկել։
Շերիֆի խոսքով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են երկու ռազմական ուսապարկ՝ կերամիկական սալիկներով և GoPro տեսախցիկ, ինչպես նաև AK-47 ինքնաձիգ օպտիկական նշանոցով։
Լրատվամիջոցները, այդ թվում՝ Associated Press-ը, The New York Times-ը և Fox News Channel-ը, կասկածյալի ինքնությունը պարզել են. նա Հավայան կղզիներից 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութն է:
Reuters-ը չի կարողացել ճշտել տեղեկությունը: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին չի հաջողվել կապ հաստատել նրա հետ։
Հայտնի է նաև, որ 2022 թվականի ապրիլի վերջին France Presse-ը Կիևում հարցազրույց է վերցրել Ռայան Ուեսլի Ռութից, ով այդ պահին մասնակցում էր Մարիուպոլի բնակիչների աջակցության ցույցին։
«Նա այստեղ չի ծառայել, պետական կառույցների հետ էլ կապ չունի, դա միանշանակ է։ Նա Ուկրաինա է մտել որպես անհատ, պարզապես աջակից: Նման մարդիկ շատ կան»,- France Presse-ի թղթակցին տված հարցազրույցում ընդգծել է Ուկրաինայի իշխանությունների բարձրաստիճան մի ներկայացուցիչ։
Ուկրաինայի միջազգային լեգեոնը նույնպես հերքում է որևէ կապի առկայությունը՝ ընդգծելով, որ կասկածյալը չի ծառայել ստորաբաժանումում և կապ չունի դրա հետ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է միջադեպը. «Ինձ տեղեկացրել են, որ դաշնային իրավապահ մարմիններն այսօր սկսել են հետաքննել այն, ինչ ըստ նրանց մահափորձ է նախկին նախագահ Թրամփի դեմ։ Կասկածյալը կալանքի տակ է, և ես ողջունում եմ Գաղտնի ծառայությանը և նրանց իրավապահ գործընկերներին՝ նախկին նախագահի և նրա շրջապատի անվտանգությունն ապահովելու նպատակով նրանց զգոնության և ջանքերի համար: Ուրախ եմ, որ նախկին նախագահը չի տուժել»:
«Քանի որ իրավապահները ավելի շատ մանրամասներ են հավաքում դեպքի մասին, սա ակտիվ հետաքննություն է։ Ինչպես բազմիցս ասել եմ, մեր երկրում քաղաքական բռնության կամ որևէ տեսակի բռնության տեղ չպետք է լինի, և ես իմ թիմին հանձնարարել եմ, որ Գաղտնի ծառայությունն ունենա բոլոր ռեսուրսները, հնարավորությունները և պաշտպանությունը, որն անհրաժեշտ է նախկին նախագահի անվտանգությունը ապահովելու համար»,-ասված է Բայդենի հայտարարության մեջ։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Դոնալդ Թրամփի մրցակիցը նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում, ասել է, որ խորապես անհանգստացած է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր մահափորձից։
Նա հավելել է, որ իր վարչակազմը կտրամադրի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները Գաղտնի ծառայության համար, որն ապահովում է երկրի ղեկավարության և նախկին նախագահների անվտանգությունը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը և տեղի ոստիկանությանը այն բանից հետո, երբ ՀԴԲ-ն հայտնել է իր դեմ ակնհայտ մահափորձի մասին Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչում գտնվող իր գոլֆի ակումբում:
Մեկնաբանել է միջադեպը նաև Ուրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահը երկուշաբթի օրը դատապարտել է միջադեպն ու քաղաքական բռնությունները։ Հայտարարությունն արվել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մասին հաղորդումներից հետո։
«Լավ է, որ հարձակման մեջ կասկածվողին արագ ձերբակալել են։ Սա է մեր սկզբունքը՝ օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից, և քաղաքական բռնությունն աշխարհում ոչ մի տեղ չպետք է լինի»,- ընդգծել է Զելենսկին։
Նա իր բարեմաղթանքներն է հղել Թրամփին և նրա ընտանիքին։