Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ներկա էր, երբ շահագործման հանձնվեց թուրքական նորագույն սուզանավը:
Էրդողանի կառավարության ծրագրի համաձայն՝ առաջիկայում Թուրքիայի ռազմածովային ուժերը պետք է համալրվեն ուղղաթիռակիր նավով, նոր ֆրեգատներով և ավելի քան մեկ տասնյակ այլ ռազմանավերով, որոնք բոլորն էլ կառուցման փուլում են։ Արդյունքում, թուրքական ռազմածովային նավատորմը կդառնա Եվրոպայում մեծերից մեկը։
«Նման ծրագիրը կոչված է ծառայել Էրդողանի քաղաքական օրակարգին՝ ազդեցություն տարածել Կատարից մինչև Սոմալի ու մինչև Լիբիա, որը նրա տեսլականն է: Ռազմածովային նավատորմի համար այն նշանակում է ավելի մեծ դերակատարություն երկրի պաշտպանության գործում։ Այն վերաիմաստավորում է [ռազմածովային ուժերի առաքելությունը]․ այլևս պետք է զբաղվեն ոչ թե տարածքային պաշտպանությամբ, այլ պատասխանատու են լինելու առաջանցիկ պաշտպանություն համար»,- ասում է Ստամբուլում գործող Կադիր Հաս համալսարանի ներկայացուցիչ Սերհատ Գուվենչը։
Your browser doesn’t support HTML5
Հայտնի է, որ Թուրքիան ռազմակայաններ ունի Կատարում, Լիբիայում, Սոմալիում, որոնց հետ գործում են ռազմածովային համագործակցության պայմանագրեր։
Անկարայի ներկայացմամբ՝ իր ռազմածովային ուժերի ընդլայնումը տարածաշրջանում աճող սպառնալիքներին դիմակայելուն և ՆԱՏՕ-ի շրջանակում իր պարտավորությունները կատարելուն է միտված:
«Երբ հայացք եք նետում ընթացիկ իրավիճակին, բոլոր հակամարտությունները գտնվում են Թուրքիայի շուրջը՝ Սև ծովում, Միջերկրական ծովում, ինչպես նաև Կարմիր ծովում… ։ Արդյունքում, կարելի է ասել, որ թուրքական [ռազմածովային ուժերի] արդիականացումը ձեռնտու է ՆԱՏՕ-ին և նպաստում է արևմտյան դաշնակիցների անվտանգության ապահովմանը։ Եվ վերջապես, ամրապնդում է նավթի տարանցման ուղիների անվտանգության ապահովումը, պաշտպանում է նավարկության ազատությունը»,- ասում է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Չասինը։
Սակայն Թուրքիայի ռազմածովային ընդլայնվող կարողություններն անհանգստություն են առաջացրել հարևանների շրջանում, օրինակ՝ Հունաստանում, որը Անկարայի հետ տարածքային վեճեր ունի Էգեյան և Միջերկրական ծովերում:
Իսրայելը նույնպես մտահոգություն է հայտնել Թուրքիայի ռազմածովային նավատորմի հզորացման կապակցությամբ և Անկարայի կողմից վերահսկվող Կիպրոսի հյուսիսային հատվածում թուրքական ռազմական անօդաչուների տեղակայման առնչությամբ:
«Կարծում եմ, [թուրքական] ավելի մեծ [ռազմածովային] նավատորմի առկայությունը, ավելի մեծ ռազմական ներկայությունը Հյուսիսային Կիպրոսում, անօդաչուների բազան Հյուսիսային Կիպրոսում ուղղված կլինեն նաև Իսրայելի դեմ։ Այն չի նշանակում, որ ուղղակի առճակատում կլինի, բայց նշանակում է, որ իսրայելական բանակը պետք է հաշվարկի այդ ամենը»,- ասում է Թել Ավիվում գործող Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Գալյա Լինդենշտրաուսը։
Հունաստանը նույնպես արդիականացնում է իր ռազմածովային ուժերը՝ մատնացույց անելով թուրքական սպառնալիքը։
Թուրք վերլուծաբաններն ասում են, որ Անկարան անհանգստացած է Միջերկրական ծովի արևելյան մասում Իսրայելի ռազմածովային ներկայության աճով:
«Արատավոր շրջան է, քանի որ Թուրքիան նոր նավատորմ է կառուցել՝ ի պատասխան առաջացող սպառնալիքների: Այժմ նրա հարևանները սպառնալիք են տեսնում Թուրքիայի ռազմածովային ուժերի կարողության աճից: Սա անվանում ենք սպառազինությունների մրցավազք, իսկ սպառազինությունների մրցավազքերը, ցավոք, այնքան էլ լավ չեն ավարտվում»,- ասում է Սերհատ Գուվենչը։
Ինչևէ, թուրքական նավաշինարաններն աշխատում են ողջ հզորությամբ՝ բավարարելու երկրի ռազմածովային ուժերի աճող պահանջները, ինչը, ըստ դիտորդների, միայն կավելացնի հարևանների վախերն ու կասկածները, թե, իրականում, ինչ մտադրություններ ունի Անկարան: