Ինչպե՞ս է արձագանքել Մոսկվան ապատեղեկատվություն տարածող ռուսական ցանցի դեմ Վաշինգտոնի ձեռնարկած գործողություններին

Չորեքշաբթի Միացյալ Նահանգները հայտարարեց, թե Ռուսաստանը մի քանի միլիոն դոլար արժողությամբ ապատեղեկատվական արշավ է վարել ԱՄՆ դեմ՝ գաղտնի օգտագործելով ամերկյան հանրության շրջանում ազդեցություն ունեցող անձանց և նպատակ հետապնդելով միջամտել ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններին:

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել և մեղադրանք է ներկայացրել ռուսական պետական RT հեռուստաընկերության երկու աշխատակիցների՝ 10 միլիոն դոլար «լվանալու» և այդ գումարով ռուսաստանյան պետական պրոպագանդան տարածելու համար։ Россия Сегодня մեդիա խումբը և նրա հինգ դուստր ձեռնարկությունները ճանաչվել են որպես օտարերկրյա առաքելություններ, ինչը նշանակում է, որ նրանք ԱՄՆ-ում պետք է գրանցվեն որպես օտարերկրյա գործակալ և գործեն ըստ այդմ:

Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ԱՄՆ պատժամիջոցները բնորոշել է խոսքի ազատության դեմ հարձակում։

«Россия Сегодня, РИА Новости, RT և Sputnik մեդիա խմբի դեմ ԱՄՆ պատժամիջոցները «վհուկների որսի», խոսքի ազատության ճնշման և գռեհիկ գրաքննության վառ օրինակ են»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Այս մեղադրանքը, սակայն, հիմնազուրկ է։

Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ում հրապարակված դաշնային մեղադրանքի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիներ՝ 31-ամյա Կոստիանտին Կալաշնիկովին և 27-ամյա Ելենա Աֆանասևային մեղադրանք է ներկայացվել օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքը խախտելու և փողերի լվացման համար:

Ըստ մեղադրանքի՝ RT-ի երկու աշխատակիցները հիմնել են 10 միլիոն դոլար արժողությամբ հատուկ սխեմա, որպեսզի այն ԱՄՆ-ում զբաղվի Կրեմլին շահավետ պրոպագանդայի տարածմամբ, խորացնի ամերիկյան հասարակությունում առկա տարաձայնությունները և Ուկրաինայի հարցում դիրքորոշում ձևավորի ի նպաստ Ռուսաստանի:

Թենեսիում գտնվող ամերիկյան այդ ընկերությունն իր աշխատակիցներից ու ամերիկյան հանրությունից թաքցրել է կապերը RT-ի և Ռուսաստանի կառավարության հետ: Փոխարենը նրանք պնդում էին, որ ընկերության հետևում կանգնած է մասնավոր ներդրողը, որն, իրականում, գոյություն չունի։

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոն ընդգծել է Վաշինգտոնի հանձնառությունը՝ պայքարել ամերիկյան հանրային կարծիքի վրա ներազդելու օտաերկրյա ապօրինի փորձերի դեմ:

Կալաշնիկովին և Աֆանասևային սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում:

Գործը վարում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն։

ԱՄՆ պետքարտուղարությունը վիզային նոր սահմանափակումներ է մտցրել և օտարերկրյա առաքելություններ ճանաչել Россия Сегодня-ն և նրա դուստր ընկերություններին՝ РИА Новости-ին, RT-ին, ТВ-Новости-ին, Ruptly-ին և Sputnik-ին:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել 10 անձանց, այդ թվում՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ, Միացյալ Նահանգներում ապատեղեկատվական արշավի կազմակերպման գործում ունեցած դերակատարության համար: