Իրավիճակը սրվել է նաև Հորդանան գետի արևմտյան ափին, և ձեռնարկվել են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ այն բանից հետո, երբ Ալենբի կամրջի մոտ զինված անձը կրակ էր բացել իսրայելական անվտանգության ուժերի ուղղությամբ։
Զոհվել էին իսրայելցի երեք խաղաղ բնակիչներ և հրաձիգը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է հարձակումը, որը, ենթադրաբար, կապված է Իսրայել - «Համաս» հակամարտության հետ:
«Դժվար օր է։ Ահաբեկիչը սառնասրտորեն սպանեց մեր երեք քաղաքացիներին Ալենբի կամրջի մոտ: Կառավարության անունից իմ ցավակցությունն եմ հայտնում սպանվածների ընտանիքներին»,- ասել է Նեթանյահուն։
Your browser doesn’t support HTML5
Իսրայելական զորքերը անցած շաբաթվա վերջին շարունակել են իրենց գործողությունները Գազայում «Համասի» դեմ։
Գազայի հատվածի առողջապահական ծառայության համաձայն՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 40,939 պաղեստինցի:
Տեխասի Ռայսի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռիկ Ստոլը նշում է՝ մերձավորարևելյան ներկայիս հակամարտության հանգուցալուծման համար զինադադարն անհրաժետ է։
«[Առանց զինադադրի] մարդիկ կշարունակեն զոհվել։ Կարծում եմ՝ պատանդներին չեն ազատի։ Չկա ճանապարհ, ըստ որի Իսրայելը կարող է հաղթել «Համասին»։ Ավելի լավ կլիներ, որ հիմա փորձեին ինչ-որ կարգավորման հասնել»,- ասել է նա:
Նույն կարծիքին են իսրայելցի պատանդների հարազատները, որոնք շարունակում են իրենց բողոքի ակցիաները՝ Նեթանյահուի կառավարությունից պահանջելով համաձայնության գալ «Համասի» հետ։
Պատանդներից մեկի զարմիկ Իֆաթ Կալդերոնն ասում է․ «Եթե ցանկանում եք փոփոխություն կատարել այստեղ՝ Իսրայելում, պետք է դուրս գանք և գոռանք՝ «Դադարեցրե՛ք պատերազմը», «Հիմա՛ համաձայնության հասնել»»:
Ստոլի գնահատմամբ՝ միջնորդական առաքելությունից անդին Միացյալ Նահանգները դժվար թե ավելին կարողանա անել. «Չեմ կարծում, որ մենք էական ազդեցություն ունենք կողմերի վրա։ Կարծում եմ՝ նրանք անում են այն, ինչ ճիշտ են համարում»:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը շաբաթ օրը հայտարարել էր, թե առաջիկա օրերին կներկայացվի հրադադարին ուղղված նոր՝ մանրամասն առաջարկ։