Սոցցանցերում տարածված այս տեսանյութն, օրինակ, պատկերում է այն պահը, երբ հրթիռը հարվածում է Ուկրաինայի Խարկով քաղաքին։
Քաղաքային իշխանությունների համաձայն՝ Խարկովին հասցված ռուսական հրթիռային հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա: Հավելում են՝ թվերը կարող են աճել:
Մյուս կողմից՝ ռուսական իշխանությունների հաղորդմամբ՝ իրենց ուժերը կարողացել են անցած շաբաթ-կիրակի օրերին ոչնչացնել ուկրաինական 158 անօդաչուներ:
Այդուհանդերձ, ռուսաստանցի պաշտոնյաները խոսոտվանել են, թե ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով հրդեհ է բռնկվել մերձմոսկովյան նավթավերամշակման գործարանում։ Ճի՛շտ է, ըստ ռուսական կողմի, պատճառը՝ խոցված անօդաչուների՝ երկնքից թավող բեկորներն են եղել։
Your browser doesn’t support HTML5
Հաղորդվում է նաև, որ վնասվել է Ռուսաստանի կենտրոնական մասում գտնվող խոշորագույն էլեկտրակայաններից մեկը:
Այս ամենից օրեր առաջ էր, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ողջունեց իր ուկրաինացի գործընկերոջը Պենտագոնում՝ խոստանալով շարունակել Կիևին ցուցաբերվող ամերիկյան օգնությունը:
«ԱՄՆ-ն չի երկմտի ազատ, ինքնիշխան Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում։ Շուրջ 50 դաշնակիցների և գործընկերների հետ միասին՝ Միացյալ Նահանգները շարունակելու է ապահովել այն կարողությունների [մատակարարումը], որոնք ձեզ անհրաժեշտ են Կրեմլի ագրեսիային դիմագրավելու համար»։
Զուգահեռաբար՝ Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Ուկրաինային աջակցող երկրներին վերացնել այն սահմանափակումները, որոնք արգելում են ուկրաինական զինուժին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին:
Իր հերթին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ոչնչացրել է ուկրաինական զինուժի զինամթերքի պահեստը Սումիի մարզում:
Ուկրաինական կողմի ներկայացմամբ՝ գիշերային հարձակումների հետևանքով զոհվել են երկու կին, վիրավորվել է առնվազն 11 մարդ:
Այս ամենի ֆոնին՝ ուկրաինական զինուժում կադրային վերադասավորումներ են։
«Որոշել եմ փոխել Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարին…։ Պենք է հզորանանք, հոգ տանենք մեր ժողովրդի մասին, հոգ տանենք մեր անձնակազմի մասին, հոգ տանենք մեր բոլոր մարտիկների մասին։ Փառք Ուկրաինային»,- ասել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկիյն։
Գաղտնիք չէ, որ ուկրաինացի բարձրաստիճան զինվորականի պաշտոնանկությանը նախորդել էր ուկրաինական F-16 ռազմական ինքնաթիռի կործանումը։
Ինչևէ, ռուսական ռազմուժի օդային գրոհները շարունակում են լուրջ սպառնալիք հանդիսանալ ուկրաինական կողմի համար, և երկրի օդային սահմանները պաշտպանելուն կամավոր միացել են նաև ուկրաինացի կանայք՝ ստեղծելով
«Բուչայի կախարդները» հատուկ ստորաբաժանումը, որի նպատակն է Ուկրաինան գրոհող ռուսական անօդաչուների ոչնչացումը։