Օպտիկական ակնոցների մասնագետ Թաջա Դովը այն 25 միլիոն ամերիկացիներից է, ովքեր չունեն առողջապահական ապահովագրություն: Այսօր նա ուսումնասիրում է ապահովագրության տարբերակները:
«Հնարավոր է, որ ինձ լավ չզգամ և փորձեմ անտեսել այդ՝ մտածելով, որ չկա անհանգստանալու լուրջ պատճառ: Իսկ եթե ստիպված լինեմ հիվանդանոց գնալ, ապահովագրություն չունենալու պատճառով՝ վճարելու եմ»,- ասում է Թաջան:
«Մատչելի խնամքի մասին» օրենքը ընդունվել է 2010 թվականին՝ դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք, ինչը, ըստ ոլորտում քաղաքականություն մշակող KFF կազմակերպության դիտարկումների, օգնեց գրեթե կիսով չափ նվազեցնել ոչ տարեց, չապահովագրված ամերիկացիների թիվը:
Your browser doesn’t support HTML5
«[Օրենքը] ընդլայնեց առողջապահական ապահովագրության շուկան, ինչը նախկինում այդպես չէր: Մարդիկ կարող են գալ, գնել իրենց ապահովագրությունը և ստանալ դաշնային սուբսիդիա՝ այն ավելի մատչելի դարձնելու համար»,- ասում է KFF-ի փոխնախագահ Սինթիա Քոքսը:
Այս մարտ ամսվա դրությամբ 21 միլիոն ամերիկացիներ առողջապահական ապահովագրություն ունեին օրենքի շնորհիվ:
Հանրապետականները տարիներ շարունակ փորձել են չեղարկել օրենքը.
Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական և Paragon Health Institute-ի նախագահ Բրայան Բլեյզը թվարկեց, թե ինչու են դեմ Obamacare-ին:
«Օրենքը սահմանափակել է ընտրությունը, ավելացրել առողջապահական խնամքին հատկացվող [պետական] ծախսերը, այդ ամենը բարձրացրել է գներն ու ծախսերը, իսկ ամերիկյան առողջապահական ոլորտն էապես չի բարելավվել»,- ասում է Բլեյզը:
Obamacare-ի կողմնակիցները համաձայն չեն, իսկ թեման առաջնային է Քամալա Հարիսի նախընտրական քարոզարշավում։
«Նա՝ [Թրամփը] մտադիր է դադարեցնել «Մատչելի խնամքի մասին» օրենքի կիրարկումը, ինչը մեզ հետ կտանի այն ժամանակներ, երբ ապահովագրական ընկերությունները կարող էին մերժել հիվանդություն ունեցող մարդկանց [բուժումը]»,- ասում է ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը:
Իր նախագահության օրոք Թրամփը փորձեց չեղարկել օրենքը, բայց ձախողվեց, իսկ այսօր այլ մոտեցում ունի։
«Պատրաստվում եմ պահպանել «Մատչելի խնամքի մասին» օրենքը: Այն լավը չէ: Եթե կարողանանք ավելի լավն ընդունել, ապա ինչ-որ բան կանենք այդ ուղղությամբ: Ավելի լավը նշանակում է ավելի էժան և ավելի լավ հոգ տանող [օրենք] ձեր առողջության մասին»,- ասել է ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը:
Ո՛չ Հարիսի, ո՛չ Թրամփի նախընտրական շտաբերը չպատասխանեցին «Ամերիկայի ձայնի» խնդրանքին՝ մանրամասնել, թե ինչ են նախատեսում անել «Մատչելի խնամքի մասին» օրենքի առնչությամբ:
Թրամփի նախկին խորհրդական Բրայան Բլեյզն կողմնակից է օրենքի բարեփոխմանը, այլ ոչ թե չեղարկմանը:
«Սուբսիդիաների բեռի մի մասը պետք է դնել ապահովագրական ընկերությունների վրա»,- պնդում է Բլեյզը:
Կարլ Հյուզի համար, ով օգտվում է օրենքից, սա կարևոր հարց է: Նա կոչ է անում Սպիտակ տան ապագա ղեկավարին փոփոխություններ անելիս հաշվի առնել բուժառուների շահերը:
«Հուսամ՝ փոփոխությունը ուղղված է լինելու բարելավմանը, ոչ թե այն չեղարկելուն»,- ասում է Հյուզը՝ նշելով, թե այս նոյեմբերին ինքը քվեարկելու է հիմք ընդունելով, թե աբորտ կատարելու իրավունքի, ներգաղթի և Obamacare-ի հարցերում թեկնածուները ինչ դիրքորոշում կորդեգրեն: