Գազայում չդադարող հակամարտության ֆոնին՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը երկօրյա այցով ժամանել է Թուրքիա, որի ընթացքում ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում: Դիտորդների խոսքով, այցը դժվար թե ընդլայնի Անկարայի ներգրավվածությունը մերձավորարևելյան բանակցություններում, բայց կարող է նպաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներքաղաքական դիրքերի ամրապնդմանը:
«[Այս այցը] ավելի շատ սեփական լսարանին ուղերձ հղելու համար է: Չեմ կարծում, թե միջազգային ասպարեզում կա մեկը, որ Թուրքիան ընկալում է որպես առաջադեմ ուժ կամ Էրդողանին՝ որպես պաղեստինյան իրավունքների պաշտպան: Ընդհակառակը, կարծում եմ, նման բան ոչ ոք չի մտածում»,- ասում է թուրքական Politikyol լրատվական հարթակի մեկնաբան Սեզին Օնեյը։
Your browser doesn’t support HTML5
Հիշեցնենք՝ վերջերս Էրդողանը հրապարակավ կշտամբեց Աբասին՝ մեղադրելով պաղեստինյան առաջնորդին Թուրքիա այցելելու իր հրավերն ի սկզբանե մերժելու մեջ։ Թուրքիայի ղեկավարի ներկայացմամբ Անկարան կամուրջ է Պաղեստինի ինքնավարության և «Համասի» միջև։ Սակայն դիտորդները նշում են՝ վերջերս Չինաստանի կողմից պաղեստինյան խմբակցությունների առաջնորդներին հյուրընկալելը նշան է, որ Էրդողանը զրկվել է այդ դերից:
Վերլուծաբան Սելին Նասին ասում է․ «Սա այն հարցն է, որի ուղղությամբ Էրդողանն անձամբ շատ ժամանակ և էներգիա է ներդրել։ Հույս ուներ՝ հաշտեցնել պաղեստինյան խմբավորումներին, սակայն Չինաստանը առաջ անցավ: Չինաստանն ավելի շատ քաղաքական ազդեցություն ունի [պաղեստինյան] կուսակցությունների վրա»:
Սեզին Օնեյի խոսքով՝ ակնհայտ է, որ Էրդողանը փորձելու է օգտագործել Աբասի այցը՝ պաղեստինյան գործերում իր ազդեցությունը ընդլայնելու համար՝ հատկապես իր դաշնակցի՝ «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո:
«Էրդողանն ինքը ու [Թուրքիայում իշխող] «Արդարություն և զարգացում» կուսակցությունը աջակցում էին «Համասին» և հատկապես՝ Հանիեին»,- ասում է Օնեյը։
Դիտորդները չեն բացառում, որ Աբասը կարող է մեծ շահագրգռվածություն չցուցաբերել, որպեսզի Թուրքիան ավելի ազդեցիկ դեր ստանձնի մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գործում:
Ոմանց ներկայացմամբ՝ Անկարան քիչ բան ունի առաջարկելու, քանի որ Էրդողանի աջակցությունը «Համասին» և Իսրայելի դեմ սուր հռետորաբանությունն ավելի են մեկուսացնում Թուրքիան:
«Ոչ միայն Իսրայելն է արգելափակում Թուրքիայի մասնակցությունը գործընթացին, այլև Պարսից ծոցի երկրները, որոնք նույնպես չեն ցանկանում, որ Թուրքիան մասնակցի [բանակցություններին]»,- ասում է Սելին Նասի:
Ինչևէ, դիտորդները նշում են՝ Անկարա Աբբասի այցը դժվար թե արդարացնի Թուրքիայի և Էրդողանի հույսերը: