Իսրայելում սպասում են Իրանի պատասխան հարվածին

Իսրայելի Հայֆա նավահագնստային քաղաքը Լիբանանի սահմանից հեռու է ընդամենը 32 կիլոմետր

Գրեթե երկու շաբաթ անց՝ ենթադրաբար Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» ու «Համասի» բարձրաստիճան ներկայացուցիչների սպանություններից հետո, իսրայելցիները սպասում են պատասխան հարվածի։ Ե՛վ «Համասի», և՛ «Հեզբոլլահի» զինանոցում առկա են հեռահար հրթիռներ՝ ունակ խոցելու հրեական պետության տարածքի մեծ մասը։

Իսրայելի Հայֆա նավահագնստային քաղաքը Լիբանանի սահմանից հեռու է ընդամենը 32 կիլոմետր, և քաղաքում առկա են քիմիական գործարաններ, որոնք կարող են դառնալ «Հեզբոլլահի» հարձակման թիրախ:

Անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո, երբ «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց Իսրայելի հարավում, ինչն էլ սկիզբ դրեց Գազայում մինչ օրս չդադարող ռազմական գործողություններին, Հայֆայում գործող արագ արձագանքման հրամանատարական կենտրոնը տեղափոխվեց գետնի տակ՝ հատուկ բունկեր, քանի որ անհանգիստ էր նաև Լիբանանի հետ սահմանին, որից քիչ այն կողմ դիրքավորված են «Հեզբոլլահի» զինյալները:

Քաղաքի պաշտոնյաներն ասում են, թե Հայֆան պատրաստ է հարձակման:

«Մեր բոլոր ռմբապաստարաններն ավտոմատ բացվում են ահազանգի դեպքում։ Եթե որոշեմ բացել այն այս պահին, օրինակ, կարող եմ անել հեռախոսի միջոցով։ Եթե լույսը վառվում է, նշանակում է, որ ապաստարանը բաց է»,- ասում է քաղաքի արտակարգ իրավիճակների պատրաստության ղեկավար Լեոնիդ Ռեզնիկը:

Ե՛վ «Համասը», և՛ «Հեզբոլլահը» խոստացել են անպապատասխան չթողնել իրենց բարձրաստիճան ղեկավարների սպանությունները: Անվտանգության գծով իսրայելցի պաշտոնյաներն ասում են, թե «Հեզբոլլահն» ունի ավելի քան 150 հազար հրթիռներ, որոնք կարող են թիրախավորել Իսրայելի մեծ մասը:

«Հեզբոլլահը» իրանական արտադրության անօդաչուներով կարող է զգալի վնաս հասցնել Իսրայելի ենթակառուցվածքներին։ [Տարածության փոքր լինելու պատճառով] գրեթե ժամանակ չի մնում «Հեզբոլլահի» անօդաչուներն ու հրթիռները որսալու համար, իսկ միաժամանակ մի քանիսին որսալը շատ դժվար է»,- ասում է վերլուծաբան Ավի Մելամեդը։

Իսրայելական բանակի ներկայացմամբ՝ մշակվել են նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան նախազգուշացնել իսրայելցիներին իրենց տարածքում սպասվող հրթիռային հարձակման մասին: Տեքստային հաղորդագրության միջոցով այն ահազանգ է ուղարկում քաղաքացիների սմարթֆոններին, որը ուղեկցվում է հատուկ ազդանշանով, եթե քաղաքացին գտնվում է նշված՝ վտանգավոր գոտում:

Այս ապրիլին Իրանն առաջին անգամ հարյուրավոր հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասը ոչնչացվեց Իսրայելի, ԱՄՆ-ի ու Հորդանանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Իսրայելցի վերլուծաբաններն այս անգամ ավելի լայնածավալ հարձակում են սպասում։

«Իրանը երկընտրանքի առաջ է՝ մի կողմից վրեժխնդիր լինել, ինչպես խոստացել է։ Բայց այդ անել այնպես, որ մի կողմից վերականգնվի պատիվը, մյուս կողմից՝ այնպես անել, որ չհանգեցնի այնպիսի իրավիճակի, երբ Իսրայելը կոշտ պատասխան կտա, ու կստեղծվի մի իրավիճակ, երբ նրանք կհայտնվեն մի իրավիճակում, որից ցանկանում են խուսափել: Խոսքը Իսրայելի հետ մեծ սրացման մասին է»,- ասում է Մելամեդը:

Իրավիճակն ավելի է բարդանում Իսրայելի և «Համասի» միջև անուղղակի բանակցությունների նոր փուլի պատճառով՝ կրակի դադարեցման և պաղեստինցիների ձեռքին գտնվող պատանդների ազատ արձակման նպատակով: ԱՄՆ-ն, որը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, զգուշացրել է Իրանին, որ Իսրայելի դեմ գործողությունները կարող են խաթարել այդ բանակցությունները:

Գազայի հատվածում՝ «Համասի» վերահսկողոթւյան ներքո գործող առողջապահական ծառայության համաձայն՝ շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 40 հազար մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ:

Իսրայելի ներկայացմամբ՝ զոհերի թվում են «Համասի» հազարավոր զինյալներ։