Իսրայելի հասցեին Թեհրանից հնչող սպառնալքիների ֆոնին՝ լարվածությունը Մերձավոր Արևելքում շարունակում է աճել: Զուգահեռաբար՝ անհանգիստ է իսրայելա-լիբանանյան սահմանին, իսկ Գազայում ռազմական գործողությունները չեն դադարում:
Այս ամենի ներքո՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձում է նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը՝ անցած շաբաթ «Հեզբոլլահի» ու «Համասի» բարձրաստիճան ներկայացուցիչների սպանությունից հետո:
Անցած շաբաթվա վերջին Սպիտակ տունը վերստին հայտարարեց, թե հավատարիմ է Գազայում պահվող պատանդների ազատ արձակման ու հրադադարի հաստատման գործին։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը ընդգծեց, թե պատրաստ է արձագանքել զարգացումներին և ընդլայնել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում:
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին փոխանցել է Fox News-ին․ «Դեռ հավատում ենք, որ հրադադարի մասին համաձայնագիրը լավագույն միջոցն է այս պատերազմն ավարտին հասցնելու համար: Այնուհետև՝ այն, ինչ անում ենք [անցած տարվա] հոկտեմբերի 7-ից, հետևյալն է, որ Իսրայելն ունենա ամենը՝ իրեն պաշտպանելու համար։ Նաև [ջանքեր ենք գործադրում], որ այս պատերազմը չընդլայնվի»:
Դիտորդները նկատում են՝ տարածաշրջանում, իրոք, լարված պահ է։
«Կարծում եմ՝ իրավիճակի այսչափ մտահոգիչ լինելու պատճառն նաև այն է, որ պարզ չէ, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները»,- ասում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Նատաշա Հոլը:
Ամերիկյան մահմեդական համայնքի ներկայացուցիչները, որոնք քննադատում են Բայդենի վարչակազմին՝ Իսրայելին ցուցաբերվող աջակցության համար, նշում են, թե Վաշինգտոնը պետք է հստակ դիրքորոշում որդեգրի Գազայում շարունակվող իսրայելական ագրեսիայի նկատմամբ:
«Միացյալ Նահանգներն ունի դիվանագիտական և քաղաքական գործիքների լայն շրջանակ՝ Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար։ Խոսքը՝ օգնության, զինամթերքի ու զենքի [տրամադրման], քաղաքական աջակցությունից [զրկելու], բռնությունների դիմած իսրայելցի ծայրահեղ ու աջակողմյան վերաբնակիչների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին է»,- ասում է Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդի ներկայացուցիչ Ռոբերտ ՄըքՔոուն:
Իր հերթին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդգծել է՝ իր երկիրը «վճռական է» Իրանի և նրա հովանու ներքո գործող ուժերի դեմ «բոլոր ճակատներում» պայքարելու հարցում։
«Ով կսպանի մեր քաղաքացիներին ու վնաս կհասցնի մեր երկրին, պատասխանատվության կենթարկվի: Շատ ծանր գին է վճարելու դրա համար»,- հայտարարել է Նեթանյահուն։
Հորդանանի արտգործնախարարը օրերս Թեհրանում էր, և նախագահ Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց ունեցավ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։
Նատաշա Հոլի խոսքով՝ Իրանի հետ ԱՄՆ նման շփումները՝ Կատարի ու Հորդանանի միջոցով կարող է նպաստել իրադրության մեղմացմանը:
«Պարզապես խոսեք Իրանի հետ։ Փորձեք անդրադառնալ նրանց մտահոգություններին։ [Հաղորդակցության] ուղի ապահովեք հատկապես այս սարսափելի ժամանակներում: Կարծում եմ՝ այն անհրաժեշտ է, քան երբևէ, քանի որ ԱՄՆ-ն ուղիղ չի խոսում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասում է Նատաշա Հոլը։
Ինչևէ, դիվանագիտական շփումների ֆոնին՝ ռազմական գործողությունները տարածաշրջանում չեն մարում։ Պաղեստինյան կողմի փոխանցմամբ՝ անցած հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում զոհվել է մոտ 40 հազար մարդ, և սրան գումարվում է անորոշությունը, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Թեհրանը։
Կիրակի լրագրողը հարց ուղղեց նախագահ Բայդենին, երբ վերջինս դուրս էր գալիս եկեղեցուց, թե արդյոք Իրանը զերծ կմնա Իսրայելին հարվածելուց:
«Հուսով եմ, որ այդպես է: Չգիտեմ»,- արձագանքել էր ԱՄՆ նախագահը: