Թրամփի ներկայացմամբ՝ Հարիսը հնդկուհի է և առնչություն չունի սևամորթների հետ

Քամալա Հարիս

ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական թեժ ընտրապայքարը հանրապետականների թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատների փաստացի թեկնածու Քամալ Հարիսի միջև։ Միմյանց «գրոհելը», կարծես, դարձել է թեկնածուների հիմնական գործը։

ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպմանը մեղադրել է ԱՄՆ փոխնախագահին խարդախության մեջ:

«Դեմոկրատական կուսակցության ծայրահեղ ձախ ղեկավարները խամաճիկ թեկնածու են նշանակել, որպեսզի պայքարեն հանուն իրենց իշխանության։ Քամալա Հարիսը հավաքել է զրո ձայն։ Նա ամբողջությամբ վերահսկվում է դոնորների կողմից, ովքեր կանգնած են նրա քարոզարշավի հետևում, ովքեր խլել են մեր կառավարությունը և վաստակել միլիարդավոր դոլարներ»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը աղմկահարույց հայտարարություն էր արել, թե արդյոք Հարիսը իրավունք ունի իրեն կոչել սևամորթ։ Հիշեցնենք, ԱՄՆ փոխնախագահի մայրը հնդկուհի է, հայրը՝ սևամորթ։

Your browser doesn’t support HTML5

Թրամփի ներկայացմամբ՝ Հարիսը հնդկուհի է և առնչություն չունի սևամորթների հետ

«Նա միշտ [ասել է, թե] հնդկական ծագում ունի և միայն խոսում էր հնդկական ժառանգության մասին: Չգիտեի, որ նա սևամորթ է,մինչև մի քանի տարի առաջ [ասաց], թե սևամորթ է: Հիմա նա ցանկանում է, որ իրեն ճանաչեն սևամորթ: Չեմ հասկանում, չգիտեմ՝ նա հնդկուհի՞ է, թե՞ սևամորթ»,- ասել է Թրամփը։

Հայտնի է, որ Քամալա Հարիսն իրեն ներկայացնում է սևամորթ և հարավասիացի ծագմամբ ամերիկացի: Ըստ Bloomberg News-ի և Morning Consult-ի սոցհարցումների, ԱՄՆ նախագահի դեմոկրատների փաստացի թեկնածու դառնալուց ի վեր յոթ առանցքային նահանգներում՝ հիմնականում երիտասարդ, սևամորթ և իսպանախոս ընտրողների շրջանում աճել է Հարիսի վարկանիշը:

«Այս ընտրապայքարի դինամիկան փոխվում է, և Դոնալդ Թրամփը զգում է դա: Դուք, հավանաբար, նկատել եք»,- ասել է Հարիսը:

Ջորջիայում կայացած հանրահավաքում ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Թրամփն իր մասին շատ բան ունի ասելու, բայց չի ցանկանում բանավիճել իր հետ այս սեպտեմբերին, ինչպես նախատեսված է:

«Դոնալդ, հուսով եմ, որ կգաս ինձ հանդիպելու բանավիճելու, քանզի, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան ունես ասելու, ասա իմ դեմքին»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:

Սպասվում է, որ առաջիկա օրերին Հարիսը կներկայացնի ԱՄՆ փոխնախագահի իր թեկնածուին:

Հյուսիսային Կարոլինայի բնակիչ Վանդա Չերին ոգևորված է, որ Բայդենը ընտրապայքարը զիջեց Հարիսին:

«Ուրախ եմ, որ նախագահը հասկացավ, որ մեզ պետք է ավելի երիտասարդ մեկը, ով կղեկավարի երկիրը»,- ասել է նա:

Ջորջիայում բնակվող Թի Սթենլին, սակայն, այլ կարծիքի է. «Ինձ համար սարսափելի է, քանի որ նա՝ [Հարիսը] պատրաստ չէ նախագահ լինել, բայց թվում է՝ արդեն նախագահ է»:

Ջորջիայից մեկ այլ ընտրող Ֆիլ Օունբեյը նկատում է, թե Հարիսը կտրուկ ակտիվացրել է նախագահական ընտրապայքարը. «Ոգևորված եմ։ Կքվեարկեմ նրա օգտին: Կարծում եմ, նա կարող է մի փոքր ազատական լինել որոշ հարցերում, բայց մեր ժողովրդավարությունը պաշտպանելու համար անպայման կքվեարկեմ նրա օգտին»:

Bloomberg-ի սոցհարցման համաձայն, Հարիսի և Թրամփի վարկանիշները մոտեցել են իրար։ Ընտրությունների օրվան մնացել է մոտ երեք ամիս: