ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հյուրընկալեց Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուին: Գաղտնի չէ, որ Գազայում չդադարող ռազմական գործողությունների խնդիրը առաջնային է երկու կողմի համար:
Նեթանյահուի այցը Միացյալ Նահանգներ համընկել է ամերիկյան ներքաղաքական սուր զարգացումների հետ:
Հանդիպման հրապարակային մասում Բայդենը զուսպ էր. «Բարի վերադարձ, պարոն վարչապետ։ Խոսելու շատ բան ունենք, և կարծում եմ, որ կարող ենք սկսել քննարկումները»:
ԱՄՆ փոխնախագահ Հարիսը մի քանի ժամ անց վարչապետ Նեթանյահուի հետ առանձին հանդիպումից հետո ընդգծեց, թե իր ուշադրության կենտրոնում է պահելու Գազայի բնակչության ծանր վիճակը՝ հորդորեով Իսրայելին համաձայնության հասնել, որի հիմքում կլինեն ռազմական գործողությունների դադարեցումն ու պատանդների ազատ արձակումը:
Your browser doesn’t support HTML5
«Վարչապետին փոխանցեցի իմ լուրջ մտահոգությունները՝ Գազայում մարդկանց տառապանքների վերաբերյալ, ներառյալ՝ անմեղ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ թվի կապակցությամբ: Մատնանշեցի իմ լուրջ մտահոգությունն՝ այնտեղ մարդասիրական սարսափելի իրավիճակի վերաբերյալ. ավելի քան 2 միլիոն մարդ այնտեղ բախվել է պարենի պակասին, իսկ կես միլիոն մարդու պարագայում սննդի բացակայությունը հասել է աղետալի չափերի: Այն, ինչ տեղի է ունեցել Գազայում նախորդ ինն ամիսներին, սարսափելի է»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:
Հինգշաբթի Սպիտակ տան մոտ հավաքվել էին բազմաթիվ ցուցարարներ՝ բողոքելով Գազայում իսրայելական ռազմուժի գործողություններից և պահանջելով, որ Վաշինգտոնը դադարեցնի Իսրայելին ցուցաբերվող օգնությունը:
Սպիտակ տունը հայտարարել է, թե Բայդենի հետ Նեթանյահուի հանդիպումը արդյունավետ է եղել, սակայն որևէ առաջընթացի մասին մանրամասներ չեն հաղորդել:
«Լավ քննարկում էր վարչապետ Նեթանյահուի հետ։ Նախագահը հնարավորություն ուներ հայտնել իր մտահոգությունները հրադադարի համաձայնագրի վերաբերյալ: Նախագահը փորձում է մոտեցնել [հրադադարի ստորագրման] պահը: Նրանք նաև խոսել են այլ հարցերի շուրջ՝ Իրանի ապակայունացնող գործողությունների, տարածաշրջանում լարվածության, Լիբանանի, Գազայի ժողովրդին ավելի շատ մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին: Օրակարգում շատ հարցեր կան»,-ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
Դոնալդ Թրամփը ողջունեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և իր տիկնոջը՝ Սառային Ֆլորիդայի Փալմ Բիչում գտնվող իր Մար-ա-Լագոյի հանգստավայրում: Նրանք ջերմորեն սեղմել են միմյանց ձեռքերը: Սա վերջին չորս տարիների ընթացքում նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումն է այն բանից հետո, երբ Նեթանյահուն շնորհավորել էր Ջո Բայդենին 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, որը զայրացրել էր Թրամփին։
Լրագրողների առջև նախքան բանակցությունները Նեթանյահուն Թրամփին նվիրեց շրջանակի մեջ գտնվող մի լուսանկար, որն, ըստ Իսրայելի առաջնորդի, պատկերում է Համասի գերության մեջ ընկած մի աղջնակի։ «Մենք կզբաղվենք այդ հարցով»,- վստահեցրել է Թրամփը։
Բանակցություններից հետո Թրամփի քարոզչական թիմը հանդես եկավ հայտարարությամբ, ուր հայտնեց, որ «վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին և նրա վարչակազմին տարածաշրջանում կայունությունը խթանելու համար, ի թիվս բազմաթիվ պատմական ձեռքբերումների, Աբրահամյան համաձայնագրի, Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու, Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման, Ղասեմ Սոլեյմանիի վերացման, Իրանի հետ ահավոր միջուկային համաձայնությանը վերջ դնելու, ինչպես նաև Ամերիկայում և նրա սահմաններից դուրս հակասեմականության դեմ պայքարի համար:
Նախագահ Թրամփն իր հերթին իր աջակցությունն է հայտնել Իսրայելին հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումից հետո և խոստացել, որ երբ նա վերադառնա Սպիտակ տուն, կգործադրի բոլոր ջանքերը Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու և Միացյալ Նահանգների քոլեջներում տարածվող հակասեմականության դեմ պայքարելու համար:»
Հայտնի է նաև, որ հանդիպումից առաջ Թրամփը քննադատության է ենթարկել փոխնախագահ Հարիսի հայտարարությունները Գազայի վերաբերյալ՝ այն որակելով «վիրավորական» Իսրայելի և հրեա ընտրողների համար:
Դիտորդների խոսքով, հանդիպելով Բայդեն-Հարիս-Թրամփ եռյակին՝ Նեթանյահուն ձգտում է երաշիքներ ստեղծել Իսրայելի համար, բայց, միևնույն ժամանակ, Վաշինգտոնի տեսանկյունից պահը հարմար է՝ հասնելու Գազայում զինադադարի կնքմանը։
«Հիմա հրադադարի հավանականությունն ավելի մեծ է, քան մի քանի ամիս առաջ՝ մինչև Իսրայելի Ռաֆահ մտնելը։ Փոխնախագահ Հարիսը նրանց հորդորել էր չմտնել Ռաֆահ՝ սպառնալով հետևանքներով: Բայդենը ևս դեմ էր Ռաֆահ մուտքին: Այն, սակայն, իրականում, բավականին հաջող գործողություն էր: Նրանք՝ [իսրայելցիները] դեռ չեն ավարտել իրենց առաքելությունը Ռաֆահում, բայց կարողացել են արագորեն տեղափոխել բազմաթիվ պաղեստինցի խաղաղ բնակիչների այլ տարածքներ, որպեսզի իսրայելցի զինվորականները կարողանան կռվել «Համասի» դեմ»,- ասում է Ամերիկայի ազգային անվտանգության հրեական ինստիտուտի նախագահ Մայքլ Մակովսկին:
ԱՄՆ Կոնգրեսի ներսում և օրենսդիր մարմնի պատերից դուրս Նեթանյահուի քննադատները, սակայն, այլ կարծիքի են՝ ընդգծելով, թե ով էլ ղեկավարի ԱՄՆ-ն, չեն պատրաստվում լուռ տանել Գազայի հարցում Վաշինգտոնի որդեգրած քաղաքականությունը: