Նախորդ ամիսներին Սպիտակ տանը չդադարող աշխուժության ֆոնին, քանզի նախագահ Ջո Բայդենի քարոզարշավն էր, նախորդ շաբաթ, երբ Բայդենը հայտարարեց ընտրապայքարը թողնելու մասին, իրավիճակն արմատապես փոխվեց, տիրեց լռություն:
Բայդենը երեքշաբթի վերադարձավ Սպիտակ տուն՝ քովիդից ապաքինվելուց հետո։ Զուգահեռաբար՝ մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի քարոզարշավը: Երեքշաբթի նա Վիսքոնսինում էր:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմն արդեն անցել է Հարիսի թիրախավորմանը։
«Պատմությունը կհիշի Ջո Բայդենին որպես ոչ միայն պայքարից դուրս եկած, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգների վատագույն նախագահներից մեկը: Սակայն, բարեկամնե՛ր, Քամալա Հարիսը միլիոն անգամ ավելի վատն է: Բոլորը գիտեն այդ մասին: Նա պատասխանատվություն ստանձնեց Ջո Բայդենի յուրաքանչյուր ձախողման համար, և ստել է՝ [ԱՄՆ] նախագահի պաշտոնում նրա՝ [Բայդենի] աշխատելու մտավոր կարողությունների մասին»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու, սենատոր Ջեյ Դի Վենսը:
Փոխարենը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է գովասանքի խոսքեր հնչեցրել Հարիսի հասցեին, թե նա «առաջատար ձայն է ամերիկյան արտաքին քաղաքականության և դիվանագիտության համար»:
Բլիքնեը, սակայն, հավելել է, թե ԱՄՆ գործող նախագահը՝ Բայդենը, դեռ շատ գործ ունի անելու:
«Նա՝ [նախագահ Բայդենը] կենտրոնացած է այն աշխատանքի [ուղղությամբ], որն անհրաժեշտ է անել առաջիկա վեց ամիսներին՝ շարունակելով ջանքերը: Այն աշխատանքն է, որ մենք անում ենք՝ փորձելով խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, դադարեցնել պատերազմը Գազայում՝ այդ տարածաշրջանը դնելով ավելի լավ ուղու վրա»,- ասել է Բլինքենը:
Դիտորդները համամիտ են։
«Մարտահրավերները շարունակվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։ Խոսքը նաև [պետական] ծախսերի նվազեցման, սպառողների շահերի պաշտպանության, կորպորացիաների կանոններից աշխատավորների շահերի պաշտպանության, Մերձավոր Արևելքում հրադադարի և խաղաղության հաստատման, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի դեմն առնելու մասին է»,- ասում է Center for American Progress Action Fund-ի նախագահ Նավին Նայակը:
Այս ամենը յուրահատուկ իրավիճակ է ստեղծել միձազգային քաղաքականության համար։ Հայտնի է, որ Իսրայելի վարչապետն այս շաբաթ պատրաստվում է հանդիպել Բայդենին, Հարիսին և Թրամփին:
«Կարծում եմ, միջազգային ասպարեզում Բայդենն ունի մեկ խնդիր. օտարերկրյա առաջնորդները գիտակցում են, որ նա հեռանալու է մի քանի ամսիցԼ Հետևաբար՝ տատանվում են նրա հետ գործարքներ կնքելու առումով, քանզի չգիտեն, թե ով է լինելու [ԱՄՆ] հաջորդ նախագահը: Նույնիսկ` եթե Հարրիսն է լինելու, նա, ամենայն հավանականությամբ, կունենա արտաքին քաղաքականությունն առաջ տանող իր թիմը և իր նպատակները: Մյուս կողմից, կարծում եմ, օտարերկրյա առաջնորդները կցանկանան արագ համաձայնությունների հասնել Բայդենի հետ, քանի որ վստահ չեն, թե ինչ կլինի հետո»,- նշում է Օսթինում գործող Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ջերեմի Սուրինը:
Սպասվում է, որ այս ամիս՝ երկրորդ անգամ Բայդենը ամերիկյան հանրությանը կդիմի Սպիտակ տան Օվալաձև գրասենյակից: Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահը հանդես է գալու ուղերձով՝ մանրամասնելու նախագահական ընտրապայքարը թողնելու իր որոշման պատճառները: