Ուկրաինան և ուժերի նոր հարաբերակցությունը Եվրախորհրդարանում

Ուկրաինայի դրոշը

Քաղաքական գործիչների ու փորձագետների կարծիքով, եվրոպական ծայրահեղ աջերի և ծայրահեղ ձախերի դիրքերի ամրապնդումը դժվար թե լուրջ ազդեցություն թողնի Հին աշխարհի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության վրա.

Համաեվրոպական ընտրությունների արդյունքում նոր Եվրախորհրդարանում
ձևավորվել են ութ խմբակցություններ, որոնցում ընդգրկվել է 687 պատգամավոր։ Եվս
33-ը նախընտրել է մնալ անկախ և չի միացել որևէ խմբավորման։
Ամենամեծ խմբակցությունը շարունակում է հանդիսանալ աջ-ազատական
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը», որը գլխավորում է գերմանացի
քաղաքական գործիչ Մանֆրեդ Վեբերը։ Այն ունի 188 պատգամավոր՝ ընդհանուրի
26,1%-ը։ Ութնյակը եզրափակում է 25 եվրոպացի խորհրդարանականներից բաղկացած
«Ինքնիշխան ազգերի Եվրոպան»․ շահել է նոր Եվրախորհրդարանի աթոռների 3,5%-ը։
Խմբակցության առանցքը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության
անդամներն են, թեև այնտեղ կան ԵՄ այլ երկրների ներկայացուցիչներ։
«Ամերիկայի ձայնը» դիմել է եվրոպացի քաղաքական գործիչներին՝ Եվրամիության
օրենսդիր մարմնի նոր կազմի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու խնդրանքով։

«Աջակցությունը թե՛ Ուկրաինային, թե՛ Ռուսաստանի առողջ ուժերին պետք է
շարունակվի»


Լիտվայի Սահմանադրական դատարանի նախկին ղեկավար Դաինյուս Ժալիմասը
Եվրախորհրդարանի թեկնածու էր առաջադրվել Լիտվայի ազատական «Ազատություն»
կուսակցությունից և անցել համաեվրոպական օրենսդիր մարմին։
Նա միացել է «Նորացնել Եվրոպան» խմբակցությանը և դարձել իրավական հարցերի
հանձնաժողովի անդամներից մեկը: Ի հավելումն՝ պետք է աշխատի կանանց,
քաղաքացիական իրավունքների և արդարադատության հանձնաժողովներում: Գործելու
է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ
միջխորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաև ԱՄՆ հետ համագործակցության
պատվիրակության կազմում։


«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ժալիմասը ընդգծել է, որ Եվրախորհրդարանի
ներկայիս դասավորվածությունը ընտրողների տրամադրությունների արտացոլումն է, և
արդյունքում՝ կարելի է տեսնել արմատական տարրերի ուժեղացում՝ թե՛ աջ կողմից, թե՛
ձախ, սակայն այդ ուժերը դժվար թե «եղանակ ստեղծեն Եվրախորհրդարանում»։
«Հիմնականում գերակշռում են այն ուժերը, որոնց ես կկոչեի ողջամիտ, հավատարիմ
եվրոպական արժեքներին, ինչը ցույց տվեց անցած քվեարկությունը։ [Ցուցիչներից են]
Ուկրաինայի վերաբերյալ բանաձևը, որն ընդունվել է տպավորիչ մեծամասնությամբ՝ 495 ձայնով, և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածության օգտին քվեարկությունը։ Հազիվ թե որևէ մեկը սպասեր, որ նա կստանա 400-ից ավելի ձայն»,- ասում է լիտվացի
պատգամավորը։

Ժալիմասի կարծիքով, աջակցությունը ռուսաստանյան ընդդիմությանը կշարունակվի․
«Պատահական չէ, որ Եվրախորհրդարանի ղեկավար կրկին ընտրվեց Ռոբերտա
Մեցոլան, ինչը ցույց տվեց, որ մեզ հետ նույն արժեքներին հավատարիմ ռուսաստանյան
ընդդիմության աջակցությունը կշարունակվի։ Պատահական չէ, որ բազմիցս
հիշատակվեց Ալեքսեյ Նավալնու և նրա այրու՝ Յուլյայի անունները։ Աջակցությունը թե՛
Ուկրաինային, թե՛ Ռուսաստանի առողջ ուժերին պետք է շարունակվի»։

«Աշխատելու ենք ոչ միայն Ուկրաինայի պաշտպանության, այլև՝ անդրատլանտյան
համագործակցության ամրապնդման ուղղությամբ»

Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Սեյմի՝
եվրոպական հարցերով փոխնախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը խորհրդանշական
է համարում նոր Եվրախորհրդարանում Ուկրաինային շարունակական աջակցության
անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը օրենսդիր մարմնի հենց առաջին
նիստի ժամանակ, իսկ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրված
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը արժանացավ Ուկրիանայի պետական դրոշի գույներով՝
կապույտ ու դեղին ծաղիկներից կազմված փնջի։

«Առաջիկա հինգ տարիների աշխատանքային ծրագիրը հնչեցնելիս՝ հենց առաջին
պարբերությունում նա խոսեց Ուկրաինայի հաղթանակի և այն մասին, որ Եվրոպան
պետք է ուժեղանա, ավելի շատ ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում։
Նաև ընդգծել է ավտոկրատ ռեժիմների դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությունը»,- նշել է լիտվացի քաղաքական գործիչը։

Պավիլիոնիսը ընդգծել է՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Ուկրաինան ոչ միայն
պետք է հաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում, այլև պետք է դառնա Եվրամիության
անդամ․ «Սա իդեալական կլինի, և մենք՝ որպես քրիստոնյա-դեմոկրատներ, նման ուղին
տեսնում ենք որպես մեր քաղաքական նպատակ: Անձամբ խոսել եմ տիկին ֆոն դեր
Լեյենի հետ, երբ նա Վիլնյուսում էր մայիսի 9-ին՝ նշելու Եվրոպայի օրը: Նա իր
առաքելությունն է համարում Ուկրաինայի փրկությունը, քանզի հասկանում է, որ հենց
Եվրոպան է միավորելու աշխարհի երկրներին՝ Ուկրաինային աջակցելու հարցում»։
Լիտվացի գործչի ներկայացմամբ, միջազգային գործերում, այդ թվում՝ Մոսկվայի
ծավալապաշտությանը դիմագրավելու հարցում անհրաժեշտ են Եվրամիության և
ՆԱՏՕ-ի համատեղ ջանքերը․ «Այդպես էր Կենտրոնական Եվրոպայի պարագայում,
բալթյան երկրների, Ռումինիայի և Բուլղարիայի դեպքում: Եվ հիմա կաշխատենք ոչ
միայն պաշտպանել Ուկրաինան և ամրապնդել մեր ռազմական արդյունաբերությունը,
այլև խորացնել անդրատլանտյան համագործակցությունը, որը կարող է սասանվել, եթե
Ամերիկայում տիրեն իզոլյացիոնիստական տրամադրություններ»։

«Աջ արմատական ուժերի ներկայացվածությունը չի ազդի Ուկրաինային աջակցելու
վրա».

Եվրախորհրդարանում Բուլղարիայից ընտրված անկախ պատգամավոր, «Ազատ
Ռուսաստան» հիմնադրամի ԵՄ հարցերով փորձագետ Պետար Տանևը կարևոր է
համարում, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր նախընտրական ելույթի հենց սկզբում խոսել
է Զելենսկու և Նավալնիի մասին։

«Կրկնեմ՝ Նավալնիի սպանությունը խթան հանդիսացավ Ռուսաստանի
քաղաքացիական համայնքի հետ Եվրամիության հարաբերությունների վերանայման և
Եվրախորհրդարանում Ալեքսեյ Նավալնիի սպանության ու ռուսաստանյան
քաղաքացիական համայնքին աջակցելու մասին բանաձևի ընդունման համար։ Թեև
Եվրախորհրդարանը չունի Եվրամիության արտաքին քաղաքականության վրա ազդելու
մանդատ, այն ունի էական դեր բյուջեի ձևավորման, իրավական և արդյունաբերական
հարցերի օրակարգի քննարկման ժամանակ, ինչը կարևոր է Ուկրաինային ցուցաբերվող
օգնության առումով»,- նշել է Տանևը։

Բուղարացի գործիչը պակաս կարևոր չի համարում, որ Եվրախորհրդարանի
անդամները կարող են Եվրամիության արտաքին քաղաքականության վերաբերյալ
հարցեր ուղղել ֆոն դեր Լեյենի կաբինետին, արտաքին հարաբերությունների
հանձնակատար Կայա Կալասին, ինչն ազդեցիկ հնարավորություն է այդ թվում
ռուսաստանցի ընդդիմադիրների համար՝ շփվելու Եվրամիության որոշում կայացնող
ինստիտուտների հետ՝ ներկայացնելով Ռուսաստանի քաղհասարակության առջև
կանգնած խնդիրները։

«Եվրախորհրդարանի առաջին լիագումար նիստից հետո ընտրվել են արտաքին
հարաբերությունների հանձնաժողովի համակարգողները։ Մասնավորապես՝ [այդ
պաշտոնում] ընտրվել է «Եվրոպական ժողովրդական կուսակցության» փորձառու
ներկայացուցիչ Մայքլ Գալերը, ով Եվրախորհրդարանի զեկուցողն էր Ուկրաինայի
հարցով։ «Նորացնել Եվրոպա» խմբակցությունից ընտրվել է Հիլդե Վուտմանսը, որը
միշտ կարևորել է Ռուսաստանում քաղաքացիական հասարակությանն աջակցելու
անհրաժեշտությունը։ Կանաչներից անցել է Աննա Նոյմանը, որը հայտնի է իր
հակաավտորիտար նախաձեռնություններով»,- ասել է «Ամերիկայի ձայնի» զրուցակիցը։
Պետար Տանևը հավելել է, որ դեռ անհայտ է, թե ովքեր են լինելու Ռուսաստանի գծով
զեկուցողները․ «Բայց, ամենայն հավանականությամբ, և՛ Անդրիուս Կուբիլիուսը, և՛
Սերգեյ Լագոդինսկին կշարունակեն իրենց կարևոր աշխատանքը՝ ուսումնասիրելով
Ռուսաստանում առկա խնդիրներն ու իրադրությունը, և առաջարկներ կներկայացնեն
Եվրամիության նոր ռազմավարությունների մշակման համար՝ կապված ռուսաստանյան
դեմոկրատական ուժերի հետ»:

«Ամերիկայի ձայնը» հետաքրքվել է՝ «Հայրենասերներ հանուն Եվրոպայի»
խմբակցությունը, որի կազմում են Վիկտոր Օրբանի, Մարին Լը Պենի և Չեխիայի
նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի կողմնակիցները, կկարողանա՞ դանդաղեցնել
Ուկրաինային ցուցաբերվող եվրոպական օգնությունը և առաջ մղել Կրեմլի շահերը։
Տանևը արձագանքել է, թե ավելի առարկայական այս մասին հնարավոր կլինի խոսել
Եվրախորհրդարանի հանձնաժողովների նախագահների ընտրություններից հետո:
«Չեմ կարծում, թե թույլ տրվի, որ այդ ուժերի ներկայացուցիչները առանցքային
պաշտոններ զբաղեցնեն Եվրախորհրդարանի հանձնաժողովներում՝ անգամ
փոխնախագահների կարգավիճակով: Հետևաբար, անկախ այն հանգամանքից, որ աջ
արմատական ուժերի ներկայացվածությունը զգալիորեն աճել է, Կրեմլին աջակցող
մարդիկ չեն կարող ազդել օրենսդրական նախաձեռնությունների և Ուկրաինային
աջակցելու վրա»,- կարծում է Տանևը:

Այդուհանդերձ բուլղարացի գործիչը ընդգծել է․ «Եթե նախկինում ունեինք մի քանի
եվրապատգամավորներ, որոնք օգտագործում էին Եվրախորհրդարանի հարթակը
կրեմլամետ հայտարարությունների համար, ապա այժմ այդ մարդկանց թիվը աճել է․
ավելի քան 80 պատգամավոր ունեն «Հայրենասերները» և ավելի քան 30 պատգամավոր՝
«Ինքնիշխանները»: Չնայած «Հայրենասերները հանուն Եվրոպայի» խմբակցությունում
ոչ բոլորն են հանդես գալու Կրեմլի օգտին։ Խմբակցությունը բավականին մասնատված
է: Սակայն Կրեմլի քաղաքականությանը համակրող պատգամավորների թվի այս աճը և
Եվրախորհրդարանի ամբիոնից օգտվելու փաստը տագնապալի է։ Ռուսական
քարոզչությունը շատ է սիրում օգտագործել նման հայտարարությունները, որոնք
արվում են Եվրախորհրդարանում, ինչը ներկայացվում է որպես ողջ
Եվրախորհրդարանի, կամ նույնիսկ՝ ողջ Եվրամիության դիրքորոշում։ Իսկ հասարակ
ռուսաստանցի հեռուստադիտողը, որը չի խորանում նրբությունների մեջ, իրոք, կարծում
է, թե դա գրեթե ողջ Եվրամիության դիրքորոշումն է»։