Թրամփի դեմ մահափորձը հարցեր է առաջացրել իրավապահների գործողությունների վերաբերյալ

Նախագահի հանրապետական ​​թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շրջապատված է ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալներով նախընտրական հանրահավաքի ժամանակ, 2024 թվականի հուլիսի 13-ին, Բաթլեր, Պենսիլվանիա

Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայությունը վստահություն է հայտնել, որ կարող է ապահովել Վիսքոնսին նահանգի Միլուոկի քաղաքում անցկացվող Հանրապետական կուսակցության համերկրային համագումարի անվտանգությունը: Համագումարից օրեր առաջ հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ էր տեղի ունեցել։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտնում է, որ Թրամփը իրեն լավ է զգում՝ անցած շաբաթ երեկոյան Փենսիլվանիա նահանգում՝ քարոզարշավի ժամանակ հնչած իր դեմ ուղղված կրակոցներից հետո։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղի ունեցածը որակել է որպես մահափորձ։

Հիշեցնենք, կրակոցների հետևանքով Թրամփը թեթև վիրավորում էր ստացել ականջի հատվածում։ Զոհվել է հանրահավաքի մասնակիցներից մեկը, երկուսը՝ ծանր վիրավորվել են:

Ըստ իրավապահների, հրձիգը օգտագործել է AR տեսակի ավտոմատ հրացան, որը բավականին լայն տարածում ունի ԱՄՆ-ում:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացմամբ, կասկածյալը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, որին սպանել էին Գաղտնի ծառայության աշխատակիցները հենց միջադեպի ժամանակ:

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ Գաղտնի ծառայությունն դիմագրավում է իրեն ուղղված մտահագություններին

«Նախագահ Բայդենի կարգադրությամբ տեղի կունենա միջադեպի անկախ հետաքննում, որը կուսումնասիրի Գաղտնի ծառայության և իրավապահների գործողությունները կրակոցից առաջ, ընթացքում և հետո: Այս գործողությունները անհրաժեշտ են երաշխավորելու, որ պետության առաջնորդներին պաշտպանելու առաքելությունը առավելագույնս արդյունավետ է կատարվում»,- ասել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։

Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ավելի ուշ Բայդենը նաև դիմել է ամերիկացի ժողովրդին՝ միասնության կոչ անելով և դատապարտելով բռնությունը ամերիկյան քաղաքական դաշտում, ներառյալ՝ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը, որի հետևում, ինչպես հայտնի է, Թրամփի կողմնակիցներն էին:

Ինչևէ, Դոնալդ Թրամփն այս շաբաթ Միլուոկիում է՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության համերկրային համագումարին։

Ինչպես սպասվում էր, կուսակցական ժողովը հաստատեց Թրամփին որպես ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու, իսկ նախկին նախագահն էլ որպես երկրի փոխնախագահի թեկնածու առաջ քաշեց Օհայոյից ընտրված սենատոր Ջեյմս Դևիդ Վենսին։

Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունն դիմագրավում է իրեն ուղղված քննադատությանը և արձագանքում հնչող մտահագություններին:

«Վստահ ենք, որ կարող ենք ապահովել այս միջոցառման անվտանգությունը: Պատրաստ ենք դրան: Շուրջ 18 ամիս միասին աշխատել ենք այս ուղղությամբ՝ մշակելով անվտանգության ցանկացած և բոլոր իրավիճակների համար կիրառելի ծրագրեր»,- ասում է հանրապետականների համագումարում անվտանգության գծով պատասխանատու ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Օդրի Գիբսոն-Չիչինոն:

Գաղտնի ծառայության ներկայացմամբ, համագումարը հատուկ անվտանգության ապահովման կարիք ունեցող իրադարձություն է, ինչը նշանակում է, որ այն առաջնային նշանակություն ունի ծառայության համար:

Միլուոկիի քաղաքապետ Կավալիեր Ջոնսոնը ևս վստահ է, որ 18-ամիս մշակած ծրագիր ըստ արժանվույն կգործի՝ հավելելով, թե նահանգի իրավապահ մարմինները նույնպես պատրաստ են ապահովել հանրապետականների համագումարի անվտանգությունը:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են ՀԴԲ գործակալները մտնում են Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքին հարակից Բեթել-Պարկ բնակավայրում գտնվող Քրուքսի տուն:

Թեև մահափորձի դրդապատճառը տակավին անհայտ է, սակայն շատերին է մտահգում, թե ինչպես է 20-ամյա երիտասարդը կարողացել իրականացրել հարձակումը:

ԱՄՆ Ներկայացուցիչների տան Վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերի խոսքով, «ամերիկացիները պահանջում են պատասխաններ»:

Հանրապետական կոնգրեսականը հավելել է, որ հանձնաժողովը շուտով լսումներին մասնակցելու պաշտոնական հրավեր կուղարկի Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլիին: