Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածյալի անունը. դա Փենսիլվանիայի Բեթել Պարկ քաղաքից 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։
Կասկածյալը սպանվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ, ենթադրաբար, կրակել է բեմի ուղղությամբ, որտեղ Թրամփը ելույթ էր ունենում իր կողմնակիցների առաջ:
Հետաքննությունների դաշնային բյուրոն աշխատում է պարզելու հարձակման դրդապատճառը, որի հետևանքով զոհվել է հանրահավաքի մեկ մասնակից, ևս երկուսը՝ ծանր վիրավորվել: Թրամփը ստացել է թեթև մարմնական վնասվածք աջ ականջի հատվածում:
Հրաձւգը՝ Քրուքսը, գրանցված էր որպես հանրապետական, ըստ նահանգի ընտրողների ցուցակների: Նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները նրա կյանքում առաջինը կլինեն, քանի որ 2020 թվականին նա 16 տարեկան էր։
Քրուքսն ապրում էր Բաթլերից մոտ մեկ ժամ մեքենայով հեռավորության վրա: Դաշնային ավիացիոն վարչությունը կիրակի հայտարարել է, որ փակում է Բեթել պարկի օդային տարածքը՝ «անվտանգության հատուկ նկատառումներից ելնելով»։
Երբ Քրուքսը 17 տարեկան էր, նա 15 դոլար նվիրատվություն է արել ActBlue քաղաքական կոմիտեին, որը գումար է հավաքում դեմոկրատ թեկնածուների և ձախակողմյան կողմնակիցների համար: Նվիրատվությունն արձանագրել էր Դաշնային ընտրական հանձնաժողովի կողմից 2021 թվականին: Նվիրատվությունը նախատեսված էր «Progressive Turnout Project» ՀԿ-ի համար, որը խրախուսում էր ընտրույուններին մասնակցությունը դեմոկրատների շրջանում: Ոչ ActBlue-ն, ոչ էլ Progressive Turnout Project-ը չեն արձագանքել Reuters-ի մեկնաբանությունների խնդրանքներին:
Կասկածյալի հայրը՝ Մեթյու Քրուքսը, CNN-ին ասել է, որ փորձում է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և չի մեկնաբանի իր որդու ենթադրյալ գործողությունները, քանի դեռ նա չի խոսել իրավապահների հետ:
Ըստ Pittsburgh Tribune-Review-ի, Թոմաս Քրուքսը Բեթել Պարկ ավագ դպրոցի 2022 թվականի շրջանավարտ է։ Նա 500 դոլար մրցանակ է ստացել Մաթեմատիկայի և գիտության ազգային նախաձեռնության կողմից, գրում է թերթը։
New York Times-ի կողմից հրապարակված 2022 թվականի դասարանի ավարտական արարողության տեսանյութում Քրուքսը ծափահարություններով ստանում է իր միջնակարգ դպրոցի դիպլոմը: Համացանցում հրապարակված այդ արարողության տեսանյութում երևում է, թե ինչպես է ակնոցավոր Քրուքսը սև ավարտական զգեստով կանգնած դպրոցի տնօրենի կողքին: Reuters-ին դեռ չի հաջողվել ստուգել տեսանյութի իսկությունը։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները շաբաթ օրն ասացին, որ Քրուկսը կրակոցների վայրում անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել և պետք է ճանաչվեր այլ մեթոդներով:
USA Today-ը գրում է, որ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ անմիջապես հայտնվել են տնից դուրս, որը նշված է որպես Քրուկսի ընտրությունների գրանցման հասցե։ Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի գործակալները և ռումբերի ոչնչացման խումբը մտել են տուն, որտեղ ապրում էր Քրուքսը, հաղորդում է USA Today-ը:
Reuters-ին դեռ չի հաջողվել գտնել Քրուկսի սոցիալական ցանցերի հաշիվները: Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությունը՝ Meta-ն, դեռ չի պատասխանել այն հարցերին, թե արդյոք կասկածյալի հետ կապված որևէ հաշիվ ջնջվել է: