Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը Սպիտակ տանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Նախագահը շնորհավորել է վարչապետին նշանակման կապակցությամբ և նշել Միացյալ Թագավորության դերը՝ որպես ԱՄՆ-ի առանցքային դաշնակից գլոբալ խնդիրների լայն շրջանակում։
Սթարմերն առաջին անգամ հանդիպեց նախագահ Բայդենին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի 75-րդ տարեդարձի գագաթնաժողովում, նրանց Օվալաձեւ գրասենյակի բանակցություններից մի քանի ժամ առաջ:
Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են ԱՄՆ-Մեծ Բրիտանիա համագործակցությունը խորացնելու իրենց հանձնառությունը, ասված է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բայդենը և Սթարմերը նաև ընդգծել են իրենց համատեղ հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային՝ դիմակայելու ռուսական լայնածավալ ներխուժմանը: Առաջնորդները նաև քննարկել են միջոցառումների կարևորությունը, որոնք կարող են նպաստել հրադադարի հաստատմանը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև և պատանդների ազատ արձակմանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները «Համասը» ճանաչում են ահաբեկչական կազմակերպություն:
Բանակցությունների ընթացքում Բայդենն ու Սթարմերն անդրադարձել են նաև Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև տնտեսական և կլիմայական հարցերի շուրջ համագործակցության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքին։
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդները նշեցին նաև Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Անգլիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը։
Հանդիպումից հետո վարչապետը լրագրողներին ասաց, որ իր առաջին դեմ առ դեմ բանակցությունները նախագահ Ջո Բայդենի հետ հնարավորություն էին «նորացնելու հանձնառությունը» ՆԱՏՕ-ին և Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի միջև «հատուկ հարաբերություններին»: Սթարմերը ասաց, որ ԱՄՆ-ի հետ հատուկ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ:
Նախագահ Բայդենը ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային անվանել է «լավագույն դաշնակիցներ»՝ ասելով, որ Մեծ Բրիտանիան «տրանսատլանտյան հանգույց է», որը կապում է ՆԱՏՕ-ն իր եվրոպական անդամների հետ:
«Նախագահը ողջունեց վարչապետի վերջին մեկնաբանությունները մեր եվրոպացի գործընկերների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու մասին, ինչպես նաև Միացյալ Թագավորության նվիրվածությունը AUKUS-ին»,- ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ, որն անդրադառնում է Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի և Ավստրալիայի միջև անվտանգային պայմանագրին:
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը վարչապետ է ընտրվել հուլիսի 5-ին։ ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպումը Վաշինգտոնում նրա առաջին միջազգային գագաթնաժողովն է։