Մատչելի հղումներ

Բայդենը մեկնում է Մեծ Բրիտանիա` ամրապնդելու «սերտ կապերը»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ձգտելու է զարգացնել «սերտ հարաբերությունները» Միացյալ Թագավորության հետ` ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Այցի ընթացքում նախագահը կհանդիպի վերջերս թագադրված Չարլզ Երրորդին և բրիտանական քաղաքական վենախավին` ամրապնդելու երկու երկրների կապը ՆԱՏՕ-ի կարևորագույն գագաթնաժողովի նախօրեին, որը կարող է որոշիչ նշանակություն ունենալ Ուկրաինայի հակամարտության համար:

Լոնդոնը Բայդենի եվրոպական երեք երկրներ ընդգրկող և երկուշաբթի մեկնարկող այցելության առաջին կանգառն է: Այնուհետև, ԱՄՆ նախագահը կմեկնի Վիլնյուս՝ Լիտվայի մայրաքաղաք, մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ապա Հելսինկի՝ ՆԱՏՕ-ի նոր անդամ Ֆինլանդիայի մայրաքաղաք:

«Նախագահը շատ անհամբեր սպասում է դրան», - «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին: «Ինչպես գիտեք, Միացյալ Թագավորությունը մեր ամենամոտ դաշնակիցն է` շատ առումներով, շատ մակարդակներում»:

Քիրբին հավելել է` Բայդենը վարչապետ Ռիշի Սունակի հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմը, իսկ Չարլզ Երրորդի հետ` բնապահպանական հարցեր. արքան բնապահպանական խնդիրների լուծման ջատագով է:

Դիտորդների խոսքով, լոնդոնյան այցն ավելի շուտ կանգառ է Վիլնյուսի ճանապարհին: «AEI»-ից Դալիբոր Ռոխակի խոսքով, Լոնդոնում նկատել են, թե Բայդենի համար որքան կարևոր է իր նախնիների երկիրը՝ Իռլանդիան, որը Բայդենը ներկայացնում որպես «իր հոգու մաս»: Հայտնի է Միացյալ Թագավորության հետ Իռլանդիայի պայքարի պատմությունը:

«Բազմաթիվ պատճառներով բրիտանական պահպանողական վերնախավը և քաղաքական դասը անտեսված են զգում իրենց Բայդենի կողմից. իր` իռլանդական արմատների մասին հայտարարությունները, Չարլզ Երրորդի թագադրմանը բացակայությունը, ՆԱՏՕ-ն գլխավորելու Բեն Ուոլեսի անհաջող փորձը»,- ասում է Ռոհակը: «Անտեսված լինելու այդ զգացումը չի վերանում, նույնիսկ եթե Ռիշի Սունակի անձնական հարաբերությունները Բայդենի հետ լավ են, և նույնիսկ եթե Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ն չափազանց սերտորեն համագործակցում են մի շարք հարցերի շուրջ՝ Ուկրաինայից մինչև Հնդկական-Խաղաղօվկիանոսյան անվտանգություն»:

Այնուամենայնիվ, խորհրդանշական է ԱՄՆ առաջնորդի և բրիտանական միապետի բարեկամական հանդիպումը: Չարլզ Երրորդը Ջորջ Երրորդի անմիջական ժառանգն է` այն միապետի, որի դեմ հանդես եկան ամերիկացի գաղութարարներն ու որն էլ ի վերջո հանգեցրեց ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունմանը։

Համագործակցությունը փոխվում է

Ֆորմալ առումով թագավոր Չարլզ Երրորդը ավելի քան 2,6 միլիարդ մարդկանց առաջնորդն է, որոնք սփռված են աշխարհով մեկ` Համագործակցության անդամ 56 երկրներում: Կամավորության սկզբունքով ձևավորված այդ միավորումը հիմնականում բաղկացած է Բրիտանական կայսրության նախկին տարածքներից։ Կազմակերպության հավաքական նպատակն է` աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը, օրենքի գերակայությանը և խթանել ազատական արժեքները: Միացյալ Նահանգները Համագործակցության անդամը չէ, բայց Արևմտյան կիսագնդի 13 երկրներ կազմակերպության մաս են:

Վերջին տարիներին Համագործակցության անդամներն ավելի հաճախ են հարցականի տակ դնում բրիտանական ազդեցությունը և բարձրացնում գաղութատիրական ողբերգական անցյալին վերաբերող հարցեր։

Սահմանադրագետ Ռիչարդ Ալբերտը Ճամայկայի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է և Տեխասի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր: Պատմում է, որ վերջերս է վերադարձել Նոր Զելանդիայից՝ Համագործակցության մեկ այլ անդամ երկրից։

«Նրանք ուղղեցին ինձ, երբ ասացի Համագործակցություն։ Այն անվանեցին` համընդհանուր գողություն։ Այսինքն, ողջ իշխանությունն ու կարողությունը ժողովուրդների հալածանքի, հողերի, ունեցվածքի, մշակույթի գողության միջոցով է կուտակվել։ Մտածեցի, որ շատ հզոր հայտարարություն էր Նոր Զելանդիայի բնակիչների կողմից»,- «Ամերիկայի Ձայն»-ին փոխանցել Ալբերտը։

Այս տարվա սկզբին Համագործակցության օրվան նվիրված իր առաջին ուղերձում Չարլզ Երրորդը այն անվանեց «ոչ միայն ընդհանուր արժեքների, այլ ընդհանուր նպատակների և համատեղ գործողությունների միություն»:

Ալբերտը, ով կանադացի է և կողմնակից, որ Օտտավան լքի Համագործակցությունը, ասում է, որ ապագայում հնարավոր է միությունը պատկերացնել «որպես բարի ուժ` հանուն ժողովրդավարության, սահմանադրականության, օրենքի գերակայության»:

«Կցանկանայի, որպեսզի նախագահը հարցներ թագավորին` արդյո՞ք նա պատրաստվում է փոխհատուցել դարերի ընթացքում միապետության թույլ տված սխալների համար։ Իհարկե, եթե նախագահը հարցներ թագավոր Չարլզին, նույն հարցը պետք է տար իրեն։ Այնպես չէ՞»,- եզրափակեց Ռիչարդ Ալբերտը։

XS
SM
MD
LG