Կայացավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Հանդիպման սկզբում կարճ խոսքով հանդես եկավ պետքարտուղար Բլինքենը, ով ողջունեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին՝ շեշտելով, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և երկարակյաց ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը բացառիկ հնարավորություններ կստեղծի երկու երկրների, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունների համար: «Այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները Եվրամիության և Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին ձգտել է օգնել և աջակցել [գործընթացին]»,- ասել է պետքարտուղարը:
Ըստ Բլինքենի՝ այսօր հնարավորություն է ստեղծված վերագնահատելու ձեռք բերված առաջընթացն ու կենտրոնանալու պահպանվող հարցերի վրա:
«Հենվելով այն բոլոր շփումների վրա, որ ունեցել ենք, այդ թվում՝ վերջին շաբաթների ընթացքում՝ ես կարծում եմ, որ երկու երկրները շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, որը Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի»,- ասել է պետքարտուղարը:
Նա շնորհակալություն է հայտնել արտգործնախարարներին հանդիպման առիթով, որն, ըստ Բլինքենի, հնարավորություն կտա գնահատել անցած ուղին ու հասկանալ, թե «հավելյալ ինչ կարող է անել Միացյալ Նահանգները, որպեսզի օգնի ձեզ [կողմերին] հասնել համաձայնության»:
Հանդիպման ավարտից հետո կողմերը հրապարակեցին նույնանման մամլո հաղորդագրություններ: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երախտագիտություն հայտնեցին ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար։ Հաղորդագրության համաձայն՝ «կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները»,- ասված է հանդիպումը ամփոփող հաղորդագրության մեջ: