Նախագահ Ջո Բայդենը ուրբաթ շարունակեց իր վերընտրման քարոզարշավը՝ քարոզչություն իրականացնելով Վիսկոնսինում և Փենսիլվանիայում ամերիկացիների ձայների համար:
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ անհաջող բանավեճից հետո գործող նախագահի նահանգային այցերն ու ելույթներն էլ ավելի մեծ ուշադրություն գրավեցին ամերիկյան հանրության և լրատվամիջոցների կողմից, իսկ նրա 22 րոպեանոց հարցազրույցը ABC-ի սյունակագիր Ջորջ Ստեֆանոպուլոսի հետ ակնթարթորեն դարձավ ամենաբարձր վարկանիշ ունեցող իրադարձությունը լրատվական դաշտում:
Այս հարցազրույցի սկզբում Ստեֆանոպուլոսը տվեց զգայուն հարց, որը հավանաբար հուզում էր միլիոնավոր ամերիկացիների: Այն վերաբերում էր գործող նախագահի առողջությանը, մասնավորապես՝ նրա առողջական ներկա վիճակին:
«Տեսեք, ես ամեն օր կոքնիթիվ թեստ եմ հանձնում», - պատասխանել է Բայդենը ABC-ին՝ նկատի ունենալով այն մարտահրավերները, որոնց նա ամեն օր բախվում է իր սթրեսային աշխատանքում։
Բայդենը որպես Թրամփի հետ բանավեճում իր աղետալի ելույթի պատճառ նշել է «հյուծվածությունը» և ասել, որ նա «առողջական լուրջ խնդիրների նշաններ չունի»։
Նա պնդեց, որ ավելի թույլ չէ և «դեռ լավ մարզավիճակում է»: Նա ասաց, որ իր անձնական բժիշկները «անդադար ստուգում են իրեն» և չեն հապաղում տեղեկացնել նրան, եթե ինչ-որ բան այն չէ:
Ինչ վերաբերում է բանավեճին, ապա «Ես չլսեցի իմ բնազդները նախապատրաստական առումով», - ասել է Բայդենը։
«Ուղղակի ես վատ գիշեր եմ անցկացրել, ցածր էներգիա ունեի», - ավելացրել է նախագահը և ասել, որ բանավեճից հետո «մինչև գիշերվա ժամը 2-ն անցկացրել է 10 խոշոր միջոցառումներ»:
«Ես ինձ սարսափելի էի զգում… սաստիկ մրսել էի», - ասել է Բայդենը՝ բացատրելով, որ «ոչ ոքի մեղավոր չէ» բանավեճում իր վատ ելույթի համար, բացի իրենից:
«Դա վատ դրվագ էր»,- եզրափակեց նախագահը։
Նա նաև պնդել է, որ ինքը «լավագույն որակավորված» թեկնածուն է, որը կշարունակի գլխավորել Դեմոկրատական կուսակցությունը և կարող է տապալել նախագահի հանրապետական հավանական թեկնածու Դոնալդ Թրամփին:
Բայդենը թվարկեց իր հաջողությունները:
«Ես այն գործիչն եմ, ով մշակեց Մերձավոր Արևելքի խաղաղության ծրագիրը, որը պատրաստվում է ուժի մեջ մտնել: Ես նաև այն գործիչն էի, ով ընդլայնեց ՆԱՏՕ-ն, խթանեց ԱՄՆ-ի տնտեսությունը: Ես մարտահրավեր նետեցի Big Pharma-ին և հաղթեցի նրանց։ Ոչ ոք չէր հավատում, որ ես կարող եմ հաղթել նրանց։ Ես այն գործիչն եմ, ով մարտահրավեր նետեց Պուտինին, ով առաջ է քաշել Հնդկախաղաղօվկիանոսյան նախաձեռնությունը AUKUS-ի հետ (Ավստրալիա-Մեծ Բրիտանիա-ԱՄՆ Եռակողմ անվտանգության պայմանագիր - խմբագրի նշում): Ես այն գործիչն եմ, ով միլիարդավոր դոլարներ է հավաքել ոչ միայն Եվրոպայում, այլև Եվրոպայից դուրս՝ Ուկրաինային օգնելու համար, ով Հարավային Կորեային համոզեց միլիարդավոր դոլարներ ներդնել Միացյալ Նահանգներում՝ չիպերի արտադրությունը զարգացնելու համար: Ես հենց այսօր հայտարարեցի 200 հազար նոր աշխատատեղերի մասին»,- ասել է նախագահը։
Բայդենը կիսվել է իր ծրագրերով ABC-ի սյունակագրի հետ՝ ասելով, որ իր «հաջորդ ժամկետում նա պատրաստվում է շտկել ԱՄՆ-ի հարկային համակարգը»։
«Ես ուզում եմ համոզվել, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ մենք ունենք առողջապահություն բոլոր մարդկանց համար և խնամք երեխաների ու տարեցների համար»,- խոստացավ նա։
Հարցազրույցի ժամանակ Բայդենը քննադատել է Թրամփին։
«Թրամփը պաթոլոգիական ստախոս է», - ասել է Բայդենը՝ շեշտելով. «Այս մարդը բնածին ստախոս է»։
Բայդենը մեջբերեց լուրերը, որոնք ասում էին, որ Թրամփը 28 անգամ ստել է այդ 90 րոպեանոց բանավեճի ընթացքում:
Ստեֆանոպուլոսը խոստովանել է, որ Թրամփը «մերժել է ABC-ի հետ հարցազրույցի հնարավորությունը»։
Լրագրողը նախագահին մատնանշեց, որ բանավեճում նրա վատ ելույթից հետո բազմաթիվ հարցումներ ցույց են տվել, որ Թրամփը՝ հանրապետականների կողմից նախագահի ենթադրյալ թեկնածուն, «առջևում է նախագահի պաշտոնի համար պայքարում»:
Սակայն Բայդենը չհամաձայնեց Ստեֆանոպուլոսի այն պնդման հետ, թե ինքը հետ է մնում։
«Բոլոր սոցհարցողները, որոնց հետ ես խոսել եմ, ասում են, որ դա նման է լոտո խաղալուն», - ասաց Բայդենը և շեշտեց իր բացարձակ վստահությունը, որ նա կհաղթի Թրամփին՝ ասելով. «Եթե Ամենակարող Աստված ինձ ասի, որ ես կարող եմ դա անել, իհարկե [դուրս կգամ պայքարից]»: