Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենն առաջին բանավեճից հետո վերադարձել են նախընտրական քարոզարշավին։
Բայդենը փորձում է համոզել կողմնակիցներին, թե լիովին պատրաստ է երկրորդ ժամկետին։
«Խոսք եմ տալիս, որ այլևս չէի առաջադրվի, եթե չհավատայի ամբողջ սրտով և հոգով, որ կարող եմ անել այս աշխատանքը, քանի որ անկեղծ ասած, խաղադրույքները չափազանց մեծ են»,- ասել է նա։
Հանգստյան օրերին Բայդենի կազմակերպած դրամահավաքը ևս մեկ հնարավորություն էր՝ փարատելու Դեմոկրատական կուսակցությունում սկիզբ առած մտավախությունը, որի պատճառը շատերի համոզմունքն է, թե Սպիտակ տան ներկայիս ղեկավարը թույլ հանդես եկավ հեռուստաբանավեճին, և դեմոկրատները պետք է մտածեն նոր թեկնածուի մասին:
Your browser doesn’t support HTML5
Քաղաքագետ Լարի Սաբատոն ասել է․ «Եթե լիներ նոր, եռանդուն, ավելի երիտասարդ դեմոկրատ թեկնածու, կարծում եմ, մարդիկ միանգամից կօգտվեին այդ հնարավորությունից՝ դուրս մղելու Թրամփին»:
Թրամփի կարծիքով, հեռուստաբանավեճը ցույց տվեց, որ գալիք ընտրությունն ուժի և թուլության միջև է:
«Հարցը, որ այսօր յուրաքանչյուր ընտրող պետք է ինքն իրեն տա, այն չէ, թե արդյոք Ջո Բայդենը կարող է գոյատևել 90 րոպեանոց բանավեճում, այլ արդյոք Ամերիկան կարող է գոյատևել ևս չորս տարի, երբ խաբեբա Բայդենը մնա Սպիտակ տանը»:
Այդուհանդերձ, Թրամփը կարծում է, որ Բայդենը կմնա պայքարում:
«Շատերն ասում են, որ այդ բանավեճից հետո Ջո Բայդենը հեռանում է ընտրապայքարից: Բայց, իրոք, չեմ հավատում դրան, քանի որ սոցհարցումների համաձայն նա ավելի նախընտրելի է, քան դեմոկրատներից որևէ մեկը, որոնց մասին նրանք խոսում են»,- հայտարարել է Թրամփը։
Դեմոկրատների շարքերում Բայդենին փոխարինելու հավանական թեկնածուներից են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Միչիգանի նահանգապետ Գրետչեն Ուիթմերը, Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը և Իլինոյսի նահանգապետ Փրիցքերը։
Նշված դեմոկրատներից ոչ մեկը Բայդենին փոխարինելու կոչ չի անում:
«Նրանք պետք է գնային Սպիտակ տուն և փորձեին համոզել նրան, ինչը դժվար կլինի: Բայց նրանք նաև պետք է փորձեն համոզել Ջիլ Բայդենին: Եվ դա կարող է նույնիսկ ավելի դժվար լինել»,- ասել է Լարի Սաբատոն։
ԱՄՆ առաջին տիկինը բանավեճից հետո կայացած հանրահավաքում հայտարարեց, թե իր ամուսինը ցույց է տվել, որ ինքը Ամերիկայի լավագույն ընտրությունն է:
«Այն, ինչ դուք տեսաք երեկ երեկոյան բանավեճի ժամանակ, Ջո Բայդենն էր՝ ազնվությամբ և իր բնավորությամբ նախագահը, ով ասաց ճշմարտությունը: Իսկ Դոնալդ Թրամփը սուտը ստի հետևից ասաց»,- ասել է Ջիկ Բայդենը։
CBS News-ի կողմից բանավեճից հետո անցկացված հարցման համաձայն, դեմոկրատների մեծ մասը կարծիքով, Բայդենը դեռ կարող է լինել իրենց թեկնածուն:
Քաղաքագիտության պրոֆեսոր Ջուլիա Ազարի խոսքով, ավելի կարևոր դեր ունեն քաղաքական կուսակցությունների համագումարները, որոնք կայանալու են առաջիկայում և որոշիչ կլինեն թեկնածուների ընտրության հարցում։