Ամերիկացիները հունիս 27-ին, թերևս, ականատես լինեն, թե Դոնալդ Թրամփին վերաբերող դատավճիռն ինչ ազդեցություն է թողել ներքաղաքական պայքարում և թե ինչպես է այն օգտագործելու նրա դեմոկրատ մրցակից, գործող նախագահ Ջո Բայդենը:
Բայդենի նախընտրական թիմի ղեկավարներից Միթչ Լանդրիոն կիրակի անդրադարձել է հարցին. «Այդ դատավճիռը միայն այն մասին չէ, որ Դոնալդ Թրամփը հանցագործ է, այլ նաև նրա վարքի և բնավորության վերաբերյալ է: Հիշե՛ք, նա վեց անգամ սնանկ է հայտարարվել, ինչը նշանակում է, որ նա վատ գործարար է, խաբել է իրեն ապավինող մարդկանց»:
Թրամփը հերքում է մեղադրանքները։ Հայտնի է, որ բողոքարկելու է դատավճիռը։
Մինչ Բայդենը, կարծես, փակ դռների հետևում է պատրաստվում առաջիկա բանավեճին, Թրամփը որոշեց հանգստյան օրերին հանդիպել ընտրողներին՝ ելույթ է ունենալով Վաշինգտոնում և Ֆիլադելֆիայում: ԱՄՆ նախկին նախագահը պարբերաբար հարցնում էր իր կողմնակիցների, թե ինչպես պետք է իրեն պահի Բայդենի հետ հանդիպմանը:
Your browser doesn’t support HTML5
«Պետք է կո՞շտ լինեմ և ուղղակի ասեմ, որ Բայդենը պատմության ամենավատ նախագահն է, թե՞ պետք է լավ և հանգիստ լինեմ ու թույլ տամ, որ նա խոսի»,- հարցրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածուն նախընտրական հանդիպումներում վերստին անդրադարձել է ապօրինի ներգաղթյալների հարցին․ «[Ընտրվելու դեպքում] առաջին իսկ օրը մենք կսկսենք ամերիկյան պատմության մեջ ամենամեծ արտաքսման գործողությունը: Այլընտրանք չունենք»։
Հայտնի է, որ Բայդենը վերջերս սահմանափակումներ մտցրեց, որպեսզի ավելի քիչ թվով մարդ կարողանա ԱՄՆ-ում ապաստան հայցել, երբ անօրիանական եղանակով հատում է Միացյալ Նահանգների սահմանը: Բայց զուգահեռաբար՝ անցած շաբաթ հայտարարեց, թե ԱՄՆ այն քաղաքացիների ամուսինները, որոնք անօրիանական են գտնվում Միացյալ Նահանգներում, կարող են ստանալ ԱՄՆ քաղաքացիություն:
NBC հեռուստաալիքի հետ զրույցում Լանդրիոն մեղադրեց Թրամփին և հանրապետականներին․ «Սահմանին դժվար իրավիճակ է, ինչպես եղել է նախորդ 20-30 տարիներին: Ջո Բայդենը առաջին իսկ օրը Կոնգրեսին ներկայացրեց ներգաղթին վերաբերող բարեփոխումների համապարփակ առաջարկ: Նրանք ոչինչ չարեցին»:
Սպասվում է, որ այս հունիսի 27-ին CNN-ի եթերում՝ բանավեճի ժամանակ Բայդենն ու Թևրամփը ներգաղթի հարցից զատ, կանդրադառնան ԱՄՆ առջև ծառացած ներքին ու արտաքին մի քանի կարևոր խնդիրների։