ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը միացել է TikTok-ին:
Նախագահ Ջո Բայդենը նույնն արել էր փետրվարին։
Տպավորություն է, թե այդչափ քննադատված սոցցանցն այլևս խնդիր չէ, երբ առջևում նախագահական ընտրություններ են:
«Ամբողջ սոցմեդիա աշխարհը փոխվել է՝ նախորդ նախագահական ընտրություններից մինչև հիմա: Առաջին անգամն է, երբ TikTok-ը գերիշխող հարթակ է հանդիսանում նախընտրական պայքարում»,- ասում է մարքեթինգի մասնագետ Թեդի Գոֆը։
Ե՛վ Բայդենը, և՛ Թրամփը կողմ են եղել TikTok-ի արգելմանը ԱՄՆ-ում՝ հինավորելով, թե անվտանգության խնդիրներ կան, քանզի սոցհարթակը փաստացի կապված է Չինաստանի կառավարության հետ:
ԱՄՆ-ում TikTok-ն ունի 170 միլիոն օգտատերեր, որոնցից 44%-ը 18-ից 29 տարեկան են, հետևաբար՝ սոցհարթակը երիտասարդ ընտրողներին գրավելու կարևոր միջոց է:
Թեև բազմաթիվ ամերիկացիներ նորություններին հետևում են սոցիալական ցանցերում, բայց վերջին ուսումնասիրության համաձայն, այդ չէ պատճառը, որ նրանք սոցհարթակներում են:
Pew Research Center-ի ավագ գիտաշխատող Էլիզա Շիրերի խոսքով, հիմնական պատճառը զվարճանալու ցանկությունն է, հատկապես՝ TikTok-ի պարագայում։
TikTok-ի օգտատերերը նորություններին ծանոթանում են անուղղակի կերպով՝ կարծիքների կամ հումորի վրա հիմնված գրառումների միջոցով, որոնք վերաբերում են ընթացիկ իրադարձություններին:
«TikTok-ում լուրերի ամենատարածված աղբյուրն այն մարդիկ են, որոնց անձամբ չենք ճանաչում»,- ասում է Էլիսա Շիրերը։
«Շատ դժվար է սոցցանցում որևէ օգտահաշվի համար, նույնիսկ, եթե դա նախագահի կամ նախկին նախագահի էջն է, ուշադրություն գրավել, քանզի սոցիալական ցանցերում [մարդկանց] ներկայությունը չափազանց շատ է և քաոսային»,- նշում է Թեդի Գոֆը:
Մարքեթինգի գծով փորձագետները կարծում են, որ առանցքային է ցանցում այլևս ազդեցություն ունեցող օգտատերերի վրա հիմնվելը:
«Պետք է ունենալ հայտնիների էջեր, որոնք տարածում են տվյալ հաղորդագրությունը: Ակնհայտ է, որ սոցցանցերում ազդեցիկ մարդկանց հաճախ ավելի են վստահում, քան քաղաքական գործիչներին: Պետք է ճանապարհ գտնեք՝ ձեր ուղերձը փոխանցելու համար, և բացատրեք, թե ինչու ավելի լավ նախագահ կլինեք այն մարդկանց համար, ովքեր մուտք են գործել սոցհարթակ զվարճանալու նպատակով: Նրանք չեն եկել ձեր քաղաքական գովազդը լսելու»,- ասում է Թեդի Գոֆը:
Փաստորեն, TikTok-ում ազդեցություն ունեցող անձինք կարող են լինել այս նախընտրական մրցավազքի առանցքային դերակատարները: