Խավիեր Կաստրոյին ծնողները երեք տարեկանում նրան Մեքսիկայից բերել են ԱՄՆ՝ անօրինական ճանապարհով:
Հյուսթոնի հիվանդանոցում բուժակ աշխատող տղան երեքշաբթի Սպիտակ տանն էր․ Կաստրոն դարձել է «Հետաձգված գործողություն անչափահաս ժամանածների համար» ծրագրի՝ DACA-ի շահառու:
«Ամերիկացիների կյանքեր փրկելը հնարավոր էր միայն այս ծրագրի շնորհիվ: Այն ինձ թույլ տվեց ապրել, աշխատել և ընտանիք կազմել այն երկրում, որը ճանաչել ու սիրել եմ»,- ասում է Խավիեր Կաստրոն։
Ծրագիրը ընդունվել է 2012 թվականին, և նպատակն է արտաքսումից պաշտպանել Միացյալ Նահանգներում գտնվող այն ապօրինի ներգաղթյալներին, որոնք ԱՄՆ-ում են հայտնվել անչափահաս տարիքում:
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է նոր քայլի մասին՝ օրինական կեցություն առաջարկել ԱՄՆ քաղաքացիների այն ամուսիններին, որոնք օրինական կարգով չեն գտնվում Միացյալ Նահանգներում։ Սպիտակ տան գնահատմամբ, նման որոշումը կարող է անդրադառնալ ավելի քան կես միլիոն մարդու:
«Այս զույգերը 10 և ավելի տարի է ընտանիք են, մեծացնում են իրենց երեխաներին, եկեղեցի ու դպրոց են հաճախում, հարկեր վճարում, նպաստում են մեր երկրի զարգացմանը: Նրանք այս ողջ ընթացքում ապրել են Միացյալ Նահանգներում՝ վախի և անորոշության մեջ։ Մենք կարող ենք այդ ուղղել, և ես դա կանեմ այսօր»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ներգաղթը զգայուն թեմա է ԱՄՆ նախընտրական քարոզարշավում։ Հայտնի է, որ նախորդ 20 տարիների հետ համեմատած՝ ԱՄՆ հարավում ապօրինի սահմանահատումների քանակը հասել է ռեկորդային մակարդակի:
ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը Բայդենին մեղադրել է «միգրանտների ներխուժումը» թույլ տալու մեջ։ Թրամփի մեղադրում է ներգաղթյալներին հանցագործությունների, գնաճի և նույնիսկ հիվանդություններ երկիր բերելու ու ահաբեկչության մեջ, բայց հաճախ՝ առանց ապացույցների ու փաստերի:
«Գնաճի մոտ 50%-ը պայմանավորված է բնակարանների թանկացմամբ, որոնց գները աճում են Ջո Բայդենի [թույլատրած] անօրինական ներգաղթի և բարձր տոկոսադրույքների պատճառով»,- ասել է Թրամփը:
Ներգաղթի կողմնակիցները համաձայն չեն՝ նշելով, թե հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատող ներգաղթյալներն ամեն տարի մոտ 13 միլիարդ դոլարի ծախսեր են կատարում ԱՄՆ-ի տնտեսությունում:
«Եթե նրանք լինեին ԱՄՆ քաղաքացիներ տարիներ առաջ, կարող էին տարեկան մոտ 5 միլիարդ դոլարով ավելի ծախսել: Այս քաղաքականությունը նրանց իրավական կարգավիճակ կտա և թույլ կտա այնպիսի կարիերա անել, որն ավելի արդյունավետ կլինի տնտեսության համար, ձեռնտու կլինի նրանց ընտանիքներին և մեր ողջ հասարակությանը»,- ասել է ներգաղթի շահերի պաշտպանության երկկուսակցական խմբի փորձագետ Ֆիլիպ Քոնորը։
«Ներգաղթի կոալիցիա» կազմակերպության գործադիր տնօրեն Ռեբեկա Շին ասում է՝ իր մայրը գրեթե երկու տասնամյակ առանց փաստաթղթերի է ապրել ԱՄՆ-ում․ «Նա բժիշկ էր Չինաստանում, բայց 19 տարի այստեղ առանց փաստաթղթերի աշխատել է չինական ռեստորաններում, աշխատել է ծերանոցներում և չի կարողացել զբաղվել իր մասնագիտությամբ: Երբ նա կարողացավ ստանալ իր «գրին քարտը», վերադարձավ բժշկական ոլորտ։ Երբ օրինականացնում ես մարդկանց, ովքեր այստեղ են արդեն տասնամյակներ, բացահայտում ես նրանց տնտեսական ներուժը, և դա լավ է յուրաքանչյուր ամերիկացու համար»։
Ամերիկացիների համար, ինչպիսին Խավիեր Կաստրոն է, նոր հնարավորություններ են բացվում այն երկրում, որը նրանք հարազատ տուն են համարում: