Մատչելի հղումներ

Ջո Բայդենն ու միգրանտներն` ԱՄՆ-Մեքսիկա սահմանին


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կիրակի կեսօրին այցելել է Թեքսաս նահանգի սահմանամերձ Էլ Փասո քաղաք, նախքան Մեխիկո մեկնելը: Պաշտոնը զբաղեցնելուց հետո, սա Բայդենի առաջին ուղևորությունն է դեպի հարավ-արևմտյան սահման:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կիրակի օրն այցելեց ԱՄՆ-Մեքսիկա սահման՝ տեղում ծանոթանալու համար այստեղ առկա խնդիրներին:

Նախագահն այցելեց տեղական միգրանտների կենտրոն, որից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցու մայթերին ապաստանել են մոտ 400 միգրանտներ: Նրանք ասում են, թե չեն ուզում, որ իրենց երեխաներն ապրեն իրենց ապրած կյանքը, եւ պատրաստ են ամեն ինչ անել` նրանց համար ավելի ապահով կյանք ապահովելու համար:

Հիշեցնենք, որ Բայդենի վարչակազմը վերջերս հանդես էր եկել Նիկարագուայից, Կուբայից, Վենեսուելայից և Հայիթիից միգրանտների օրինական մուտքի նոր գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ:

Կառավարությունը նաև սկսել է իրականացնել գործողություններ, որպեսզի Մեքսիկա արտաքսվեն այդ չորս երկրներից անօրինական կարգով ԱՄՆ մուտք գործած անձինք:

Ինչպես ներքին գործերի նախարար Ալեհանդրո Մայորկասն է ասում, Մեքսիական Նիկարագուայից, Կուբայից, Վենեսուելայից և Հայիթիից ամսական կընդունի անօրինական կարգով ԱՄՆ մուտք գործած 30,000 միգրանտների:

Ըստ ԱՄՆ-ի նոր օրենքի, այդ չորս երկրներից ԱՄՆ-ում ժամանակավորապես բնակվելու նպատակ ունեցող անձինք պետք է նախապես դիմեն առցանց, գտնեն ֆինանսական հովանավորներ և անցնեն անվտանգության ստուգումներ։

Հանրապետականները շարունակում են քննադատել սահմանների անվտանգության հարցում Բայդենի մոտեցումները: Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը նախագահին նամակ է փոխանցել, հորդորելով կիրառել ներգաղթի մասին արդեն իսկ գործող խիստ օրենքները:

Իսկ խիստ օրենքների դեմ հանդես եկող գործիչներն ասում են, թե սահմաններին կուտակված մարդկանց հասկանալու եւ նրանց մասին օրենքներ ընդունելու համար նախ եւ առաջ հարկավոր է հանդիպել այդ մարդկանց:

Մարդու իրավունքների սահմանային ցանց կազմակերպությունից Սա Ֆերնանդո Գարսիան ասում է, թե հույս ունեին, որ Բայդենը կհանդիպեր այստեղ հավաքված միգրանտներին: ‘’Ցավոք, նա դա չարեց’’, ասում է Գարսիան:

Բայդենի վարչակազմը հայտարարում է, որ անօրինական եղանակով մուտք գործած անձանց հետ ուղարկելու մասին օրենքն ուղղված չէ ընդդեմ ներգաղթի իրավունքի, քանի որ մուտք գործելու համար գոյություն ունի կարգ, որը գործում է ոչ միայն ցամաքային սահմաններում, այլ նաեւ` նավահանգիստներում:

Արամ Վանեցյան

Ալին Բարոս

XS
SM
MD
LG