ՆԱՏՕ-ի ստեղծման 75-ամյակի առթիվ նախատեսված ալյանսի գագաթնաժողովին ընդառաջ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այցելել է Վաշինգտոն՝ քննարկելու հուլիսյան հանդիպման օրակարգը, ուր առանցքային է Ուկրաինային տևական աջակցություն ցուցաբերելը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել դաշինքի դերը և ասել, որ «ռեկորդային թվով» անդամներ հավատարիմ են ՆԱՏՕ-ում իրենց պարտավորություններին՝ պաշտպանության ուղղությամբ ծախսելով իրենց տարեկան ՀՆԱ-ի առնվազն 2%-ը:
«ՆԱՏՕ-ն հիմնադրվել է 75 տարի առաջ, և անցյալից դասեր ենք քաղել, թե ինչպես միասին զսպել ագրեսիան: Եվ մենք՝ ձեր ղեկավարությամբ, ՆԱՏՕ-ն դարձրել ենք ավելի մեծ, ավելի ուժեղ և ավելի միասնական, քան երբևէ այն եղել է»,- ասել է Բայդենը:
Վաշինգտոնյան այցից առաջ Ստոլտենբերգը հայտատարել էր, թե ՆԱՏՕ-ի անդամ-երկրները աննախադեպ աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային՝ կոչ անելով ալյանսի անդամ-պետություններին Կիևին տարեկան հատկացնել առնվազն 45 միլիարդ դոլար:
«ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովում ակնկալում եմ [անդամ-երկրների] ղեկավարների համաձայնությունը, որ ՆԱՏՕ-ն ղեկավարի Ուկրաինային անվտանգության գծով ցուցաբերվող աջակցության և ուսուցման համակարգումը: Առաջարկում եմ երկարաժամկետ ֆինանսավորման համակարգ՝ ամեն տարի թարմ ֆինանսավորմամբ: Որքան ավելի վստահելի լինի մեր երկարաժամկետ աջակցությունը, այնքան ավելի արագ Մոսկվան կհասկանա, որ չի կարող հետաձգել պատերազմի ավարտը: Դա կարող է պարադոքս թվալ, բայց խաղաղության ճանապարհը Ուկրաինայի համար զինվելն է»,- ասել է Ստոլտենբերգը:
Դիտորդների ներկայացմամբ, վաշինգտոնյան քննարկումները կարող են լրջորեն ազդել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգի ձևավորման վրա։
«Դեռ հիմնական խնդիրն այն է, թե ինչ պետք է ասի դաշինքը Ուկրաինային՝ նախորդ շաբաթներին հնչած աջակցության մասին խոստումներից հետո: ՆԱՏՕ-ն ստանձնում է Ուկրաինային ռազմական օգնության ու զորավարժությունների համակարգումը։ Սա լուրջ քայլ է, որը հենց հիմա արվում է»,- ասում է Բրուքինգզի ինստիտուտի ավագ գիտաշխատող Դեն Հեմիլթոնը։
Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահը գովեստով էր խոսում անվտանգության ոլորտում տասնամյա համագործակցության վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի մասին՝ ընդգծելով, որ այն ճանապարհ է բացում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար։
«Ամերիկան աջակցում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ապագա անդամակցությանը և ընդունում, որ մեր՝ [ամերիկա-ուկրաինական] անվտանգության համաձայնագիրը կամուրջ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին:
Բայց այդ կամուրջը կարող է երկար լինել՝ ասում է Հեմիլթոնը՝ նշելով, թե մյուս երկրները նույնպես երկկողմանի պարտավորություններ են ստանձնում Ուկրաինայի հանդեպ։
«Նրանցից ոմանք խոստանում են փոխադարձ պաշտպանություն: Մյուսները՝ ռազմական աջակցություն երկար ժամանակահատվածում: Այսպիսով, ուկրաինացիները վերստին կարող են հույս դնել [արևմտյան] աջակցության վրա»,-ասում է Դեն Հեմիլթոնը։
Վերլուծաբանը եզրափակում է՝ անշուշտ, ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի գլխավոր հարցն է, թե ինչ ավարտ կունենա ուկրաինական պատերազմը, բայց աճող սպառնալիքներ կան նաև աշխարհի այլ մասերում, ուստի պատահական չէ, որ վաշինգտոնյան հանդիպմանը ներկա են լինելու նաև Ճապոնիայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Նոր Զելանդիայի ղեկավարները: Գագաթնաժողովը Վաշինգտոնում կմեկնարկի հուլիսի 9-ին։