Իսրայելի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, ուր պատկերված է «Համասի» պատանդառած մարդկանց ազատ արձակումը։ Իսրայելական ուժերի այս գործողությունը ամենից նշանակալին էր անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ պաղեստինյան խմբավորումը արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ:
Թել Ավիվում՝ բժշկական հաստատության մոտ ոգևորված բազմությունը պատադներին դիմավորում էր «Իսրայելի ժողովուրդը ողջ է» երգով:
«Համասի» ղեկավարած Գազայի առողջապահության ծառայության ներկայացմամբ, «Ալ-Նուսեյրաթ» փախստականների ճամբարում իսրայելական զինուժի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 274 պաղեստինցի, երբ իսրայելական ավիահարվածները հողին են հավասարեցրել ճամբարի որոշ հատվածներ:
Your browser doesn’t support HTML5
Իսրայելի բանակի խոսնակ, պաշտոնաթող փոխգնդապետ Փիթեր Լերները ABC-ի հետ զրույցում ասել է. «Նման ողբերգության պատճառն է, թե ինչպես է «Համասը» պայքարում մեր դեմ: Մեր առաջին և ամենակարևոր պարտականությունը պատանդներին փրկելն էր, նրանց տուն բերելը և ավելի անվտանգ իրավիճակ ստեղծելը իսրայելցիների համար, ես կասեի՝ նաև պաղեստինցիների համար»:
Մինչ Իսրայելի ռազմուժի գործողությունները Գազայում շարունակվում են՝ Միացյալ Նահանգները պնդում է, թե հակամարտությունը կարող է ավարտվել ցանկացած պահի, եթե «Համասը» համաձայնի կրակի դադարեցմանը:
«Սա պետք է ստանա ողջ միջազգային հանրության աջակցությունը։ Եթե «Համասը» գա և «այո» ասի սեղանին դրված առաջարկին, ապա նման գործողությունների անհրաժեշտությունը կվերանա»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան
Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 250-ին, որոնցից շուրջ 120-ը դեռ պաաղեստինյան խմբավորման ձեռքին են, այդ թվում՝ 37 զոհվածների դիակները։
Այդ գրոհին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է ավելի քան 37 հազար հոգի։
Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկին այցելել է տարածաշրջան՝ նպատակ ունենալով առաջ մղել հակամարտությանը վերջ տալուն միտված նախագիծը: